Պեկինում շարունակվում է Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեան
Պեկինում իր աշխատանքներն է շարունակում Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեան (համագումարը): Երկրորդ աշխատանքային շաբաթը սկսվեց միանգամից ևս 4 գիտաժողովով. ՄԱՄ թիվ 289` «Տիեզերական հեռավորությունների ֆիզիկայի առաջխաղացումը», թիվ 293` «Արտարեգակնային բնակելի մոլորակների կազմավորումը, բացահայտումը և բնութագրումը», թիվ 294` «Արեգակնային և աստղաֆիզիկական դինամոները և մագնիսական ակտիվությունը» և թիվ 295` «Զանգվածեղ գալակտիկաների հետաքրքրաշարժ կյանքը»: Իրենց աշխատանքները սկսեցին նաև մի շարք հատուկ նստաշրջաններ և համատեղ քննարկումներ, որոնց մեջ հատկապես հետաքրքրություն են ներկայացնում «Ապագայի խոշոր սարքավորումները», «ՄԱՄ-ի ռազմավարական ծրագիրը և աստղագիտության զարգացման կենտրոնները», «Մեծ ճշգրտության աստղաֆիզիկան», «Ինտենսիվ տվյալների աստղագիտությունը» և «Երկրամերձ վտանգավոր մարմինները»: Մասնավորապես, Արեգ Միքայելյանը զեկուցելու է «ՄԱՄ-ի ռազմավարական ծրագիրը և աստղագիտության զարգացման կենտրոնները» նստաշրջանում` ներկայացնելով Հայաստանը որպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանային կենտրոնի հավակնող երկիր:
Երկուշաբթի հանդիպում ունեցան Պեկինում հավաքված և իրենց հատուկ նստաշրջանը` «Ինտենսիվ տվյալների աստղագիտությունը», անցկացնող Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի գործադիր կոմիտեի անդամները, այդ թվում` Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը: Տեղի ունեցավ քննարկում ապագա խորհրդակցությունների վերաբերյալ:
ՄԱՄ թիվ 289 գիտաժողովում պլենար զեկուցումով ելույթ ունեցավ Ուենդի Ֆրիմանը, ով պատմեց Տիեզերական հեռավորութունների սանդղակի անցյալի, ներկայի և ապագայի մասին: Ցերեկը տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված կին աստղագետներին: ՄԱՄ-ը հատուկ նշանակություն է տալիս աստղագիտության մեջ կանանց քանակի և դերի աճին և ըստ նրա ծրագրի, առաջիկա տասնամյակում աստղագետ տղամարդկանց և կանանց քանակը պետք է հավասարվի: Այդ պատճառով հատուկ ծրագրեր կան գիտաժողովներում կանանց մասնակցությունը խրախուսելու համար:
Արեգ Միքայելյան
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ
Չինաստանից՝ հատուկ 168.am-ի համար