Բաժիններ՝

Հակաբեղմնավորիչները պետք է ընտրել` հաշվի առնելով օրգանիզմի վիճակը, սեռական զուգընկերների քանակը

«Երեք երեխա ունեի ու էլ չէի ուզում հղիանալ. հակաբեղմնավորիչներ օգտագործեցի, բայց պատկերացրեք` ինչքան զարմացա, երբ իմացա, որ հղի եմ»,- պատմում է Վարդուհին:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանը Վարդուհու հետ պատահածը բացատրում է նրանով, որ հղիության կանխարգելման միջոցների ազդեցությունը տարբեր է, այդ իսկ պատճառով դրանց ընտրությունը պետք է կատարել` հաշվի առնելով օգտագործողի տարիքը, օրգանիզմի վիճակը, սեռական զուգընկերների քանակը:

Մարիաննա Բեգլարյանի խոսքով` հակաբեղմնավորիչ միջոցները բաժանվում են երկու հիմնական խմբի` ոչ հորմոնալ և հորմոնալ. «Ոչ հորմոնալ հակաբեղմնավորիչներից մեկը ֆիզիոլոգիական կամ օրացուցային միջոցն է: Վերջինս հիմնված է այն սկզբունքի վրա, որ բեղմնավորում կարող է տեղի ունենալ այն սեռական հարաբերությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ձվազատման ժամանակ (ձվազատում տեղի է ունենում դաշտանային փուլի մոտավորապես կեսին): Այդ օրերին զույգը հրաժարվում է սեռական հարաբերություններից»:

Ըստ բժիշկ-սեքսապաթոլոգի` նշված մեթոդն  առանձնանում է պարզությամբ, բայց այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ քիչ դեպքերում մեկ դաշտանային ցիկլի ընթացքում ձվազատում տեղի է ունենում երկու անգամ:

Կարդացեք նաև

Մարիաննա Բեգլարյանի փոխանցմամբ` ոչ հորմոնալ հակաբեղմնավորիչներից մյուսը ջերմաստիճանային միջոցն է, որը շատ քիչ է օգտագործվում. «Այս սկզբունքը հիմնված է նրա վրա, որ ձվազատման օրը կնոջ ուղիղ աղու ջերմաստիճանը բարձրանում է: Կինը նախապես ամեն օր առավոտյան չափում է ուղիղ աղու ջերմաստիճանը: Սովորաբար կնոջ ուղիղ աղու ջերմաստիճանը 37°C է: Ձվազատման օրերին այն բարձրանում է 0,2-0,6 աստիճանով»: Այս մեթոդը ևս, ըստ բժիշկ-սեքսապաթոլոգի, այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ որոշ դեպքերում մեկ դաշտանային ցիկլի ընթացքում տեղի է ունենում կրկնակի ձվազատում:

«Հակաբեղմնավորման ամենատարածված մեթոդն ընդհատված սեռական հարաբերությունն է: Այս մեթոդն առհասարակ արդյունավետ չէ, քանի որ մինչ սերմնաժայթքումը որոշակի սերմնահեղուկ է դուրս գալիս, ինչը տղամարդը 99%-ով չի զգում»,- ասում է Մ. Բեգլարյանը:

Երևանի դեղատներից մեկի աշխատակից Մարինեն պատմում է, որ ներկայումս իրենց դեղատնից  պահպանակների վաճառքն այնքան էլ շատ չէ: «Ընդ որում, ավելի շատ վաճառվում են կանացի պահպանակներ: Պատճառը, երևի, այն է, որ տղամարդիկ հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը հաճախ անհրաժեշտ չեն համարում»,- ասում է նա:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանն ասում է, որ պահպանակներն աչքի են ընկնում մեծ արդյունավետությամբ. «Այս մեթոդը ոչ միայն թույլ է տալիս խուսափել անցանկալի հղիությունից, այլև պաշտպանում է ՄԻԱՎ-ով, տարատեսակ սեռավարակներով վարակվելուց»:

Գայանեն պատմում է, որ ինքը համոզված է եղել, որ երեխային կրծքով կերակրելու ընթացքում հղիանալ չէր կարող, բայց հղիացավ: Բժիշկ-սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանն ասում է, որ հակաբեղմնավորման այս մեթոդը բավական հայտնի է բնակչության շրջանում: «Երեխային կրծքով կերակրելու շրջանում ձվազատում չի կատարվում: Բայց երբեմն կերակրող մայրերի օրգանիզմում ձվազատման ընթացքը լրիվ չի դադարում, և հղիանալու համար պայմաններ են ստեղծվում»,- նշում է նա:  Ըստ նրա` վերջին տարիներին, հատկապես արտասահմանյան երկրներում,  տարածվել է վիրաբուժական հակաբեղմնավորումը: Այս եղանակն անվանում են նաև ամլացում, երբ կարվում են կնոջ արգանդափողերը, իսկ տղամարդու` սերմնալարերը: Հակաբեղմնավորման այս եղանակը, սակայն, անվերադարձ է:

Երևանի մեկ այլ դեղատան աշխատակից՝ Նարինեն, պատմում է, որ հակաբեղմնավորիչներից ամենաշատը վաճառվում են հորմոնալ տարբեր դեղամիջոցներ:  Ըստ բժիշկ Մ. Բեգլարյանի` հորմոնալ հակաբեղմնավորիչները նույնպես աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ և պարզությամբ. «Ժամանակակից հորմոնալ հակաբեղմնավորիչները հիմնականում վնասակար ազդեցություն չեն ունենում օրգանիզմի վրա: Սակայն սրանք շատ քիչ դեպքերում կարող են տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, եթե դրանք սխալ են նշանակված»:

Ըստ նրա` ժամանակակից հորմոնալ դեղամիջոցները խորհուրդ են տալիս օգտագործել նաև չծննդաբերած աղջիկներին: «Բացի այդ` այս դեղամիջոցներում պարունակվող հորմոնները դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա»,- ասում է նա:

Վերջին շրջանում, ըստ բժիշկ-սեքսապաթոլոգի, սկսել են լայն տարածում գտնել նաև այն հաբերը, որոնք կինն ընդունում է սեռական հարաբերություններից անմիջապես հետո կամ հարաբերությունից 24 ժամ չանցած: «Այս մեթոդը վտանգավոր է առողջության համար: Եթե սովորական հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցները կանայք ընդունում են աստիճանաբար, և նրանց պարունակության մեջ մտնող հորմոնները չեն վնասում օրգանիզմին, ապա սրանց դեպքում՝ հորմոնները միանգամից են մտնում օրգանիզմ. ես կասեի` աբորտն ավելի լավ է, քան այս միջոցը»,- ընդգծում է մասնագետը:

Ամեն դեպքում, բժիշկ-սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանը խորհուրդ է տալիս հակաբեղմնավորիչ որևէ միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ պահանջում է անհատական մոտեցում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս