Հանվեք, գալիս ենք ստուգենք
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, այսօր վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Վարչապետին մտահոգել է այն հանգամանքը, որ այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տնտեսական աճի միտումները նվազել են 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ են իրականացվել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով: Տ. Սարգսյանը հիշեցրել է, որ, մասնավորապես, նախորդ տարվա համեմատ՝ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ, ներդրվել է ապահովագրական մեծ փաթեթը, որոնք կարևոր գործոններ են հանդիսանում ՀՆԱ-ի աճին նպաստելու համար: Սակայն դա տեղի չի ունենում։ Տ. Սարգսյանն այդ ձախողման համար մեկ հիմնական բացատրություն է տվել՝ ավելացել է ստվերայնությունը. «Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, և մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»:
Վարչապետին զարմացրել է նաև այն փաստը, որ Առողջապահության նախարարությունում, ըստ բուժհաստատությունների, ամսական մոնիտորինգ գոյություն չունի, հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել, և փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին՝ իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիտորինգային համակարգ և յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:
Ասել, որ այս խնդիրը կառավարության համար նոր է, և առողջապահության ոլորտում ստվերի առկայությունը նոր են բացահայտում, միամտություն կլինի։ Անգամ շարքային քաղաքացիները գիտեն, որ «ամենապրեստիժնի» բուժհաստատություններում, որտեղ հասարակ կոնսուլտացիայի համար մինչև 10 000 դրամ են պահանջում, վճարման դիմաց չեն տալիս ՀԴՄ կտրոն կամ վճարման մասին փաստող որևէ այլ փաստաթուղթ։ Ավելին, հարկային մարմինների աշխատողները մասնավոր զրույցներում միշտ դժգոհել են, որ ոլորտն իրենց առջև «փակ» է, և բյուջեի մուտքերի ապահովման համար դա լուրջ խնդիր է ստեղծում։ Կարելի է ասել, որ բուժհաստատությունների խնդիրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և կառավարության ոչ այնքան հարթ հարաբերությունների բարդ հանգույցներից մեկն էր։ Որը, կարծես, ցանկանում են քանդել։
Այդ մասին վկայում է նաև այն, որ խորհրդակցությանը ներկա էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: Ընդ որում, որպես այս ոլորտում առկա ստվերայնության ապացույց՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երևանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել:
Մի շարք բուժհաստատությունների վճարած հարկերը 2012թ. առաջին կիսամյակում (հազ. դրամ)
Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սեպտեմբերին կամփոփվեն բուժհիմնարկներում իրականացվելիք ստուգումների արդյունքները:
Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սեպտեմբերին կամփոփվեն բուժհիմնարկներում իրականացվելիք ստուգումների արդյունքները: Թե որն է առողջապահության ոլորտում առկա ստվերի նկատմամբ հանկարծակի առաջացած այս ուշադրության պատճառը, դժվար է ասել։ Չի բացառվում, որ դեր են խաղացել նաև քաղաքական շարժառիթները` հաշվի առնելով, թե նախկինում ոլորտը որ կուսակցության հսկողության տակ էր։
Դժվար է նաև ասել, թե որքանով է կառավարությունն անկեղծ այս ոլորտի ստվերի դեմն առնելու իր վճռականության մեջ։ Դատելով հաղորդագրությունից՝ թվում է, որ վարչապետը լուրջ է տրամադրված, քանի որ հորդորել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին՝ խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ: Սակայն, ինչպես ցույց է տվել տխուր փորձը, նախկինում ոչ պակաս վճռական նախաձեռնությունները վերջում սովորական PR-ից այն կողմ չեն անցել։