Ավարտվեց Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեայի 1-ին աշխատանքային շաբաթը (լուսանկարներ)

Պեկինում ավարտվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեայի (համագումարի) առաջին աշխատանքային շաբաթը: Այն բավական հագեցած էր թե գիտական և թե վարչական և կազմակերպչական միջոցառումներով` 4 մեծ գիտաժողով, մի շարք հատուկ նստաշրջաններ, համատեղ քննարկումներ, համագումարի առաջին նիստը, ՄԱՄ բաժանմունքների և աշխատանքային խմբերի հանդիպումներ և այլն: Մասնավորապես, զեկուցումներ և ցուցապաստառներ ներկայացրեցին նաև հայ մասնակիցները. Բյուրականի աստղադիտականի ավագ գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը հատուկ նստաշրջաններից մեկում ներկայացրեց Գալակտիկայի մագնիսական դաշտերի վերաբերյալ իր աշխատանքը: Զեկուցումներ ունեցան Գագիկ Թովմասյանը (Մեքսիկա) և Ալեքս Լազարյանը (ԱՄՆ):

 

Հրավիրված զեկուցում ներկայացրեց նոբելյան մրցանակի դափնեկիր Բրայան Շմիդտը («Գերնորերը, արագացող Տիեզերքը և թաքնված էներգիան»): Կարևոր զեկուցումներ տեղի ունեցան ՄԱՄ թիվ 288 («Աստղաֆիզիկան Անտարկտիկայից»` Ջոն Ստորի), թիվ 290 («Հարաբերականության ընդհանուր տեսության ստուգումը ակրեցիոն սև խոռոչների միջոցով»` Էնդրյու Ֆաբիան), թիվ 291 («Բաբախիչներն իրոք սառն են”` Սքոթ Ռենսոմ, «Մագնետարներ. մագնիսական փոթորիկներով նեյտրոնային աստղեր»` Նանդա Ռեա, «Գրավիտացիայի ստուգումը բաբախիչների միջոցով», Մայքլ Կրամեր) և թիվ 292 («Գազից դեպի աստղերը տիեզերքի կյանքի ընթացքում»` Մաք Լոու) գիտաժողովներում: Տեղի ունեցավ տիեզերաբանության ոլորտում Գրուբերի մրցանակի (500 USD) հանձնման արարողությունը և մրցանակակիր Չարլզ Բենետի դասախոսությունը: Երիտասարդ աստղագետերը հանդիպում ունեցան միջազգային կարևոր կազմակերպությունների հովանավորության ներքո և քննարկեցին իրենց խնդիրները:

 

Կարդացեք նաև

Շաբաթ օրը` օգոստոսի 25-ին մասնակիցներն այցելելու են Չինաստանի կարևորագույն` Քսինգլոնգի աստղադիտարան, որտեղ վերջերս տեղադրվել է Շմիդտի համակարգի (լայն տեսադաշտով) աշխարհի խոշորագույն` 4մ հայելու տրամագծով, աստղադիտակը, ինչպես նաև գործում է 2.16մ դասական ոճի աստղադիտակ:

 

Արեգ Միքայելյան

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ

Չինաստանից՝ հատուկ 168.am-ի համար

Տեսանյութեր

Լրահոս