Ինչպես սնվել ամառվա շոգին
Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը վստահեցնում է, որ ամառվա շոգերին հարկավոր է հոգ տանել օրգանիզմին անհրաժեշտ սննդակարգի և հիգիենայի մասին:
Ըստ Բամինե Բաղրամյանի`ամռան նման բարձր ջերմաստիճանային պայմաններում ցանկացած մարդ պետք է ընդունի հեղուկներ. «Մարդն ինքը պետք է որոշի, թե ինչքան հեղուկ է իրեն անհրաժեշտ` կախված աշխատանքային պայմաններից, իր ֆիզիոլոգիական վիճակից, քրտնարտադրության աստիճանից, և այլն: Հյութեր, գազավորված քաղցր հեղուկներ խորհուրդ չեն տրվում. ընդունման պահին դրանք հագեցնում են ծարավի զգացողությունը, բայց հետո անընդհատ հեղուկի պահանջ են առաջացնում: Եթե մարդը նախընտրում է գազավորված հեղուկներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել թույլ գազավորված ջուր: Մարդուն, առաջին հերթին, խորհուրդ է տրվում օգտագործել ջուր`մաքուր ջուր: Նույնիսկ խորհուրդ է տրվում օգտագործել ոչ սառնարանային ջուր, քանի որ սառնարանային ջուրը խախտում է օրգանիզմի ջերմաստիճանը: Ֆիլտրացված ջուր ամռանը խորհուրդ չի տրվում, որովհետև քրտնարտադրության ժամանակ մարդը կորցնում է աղեր, որոնք պետք է լրացվեն: Անկախ նրանից՝ ամա՞ռ է, թե՞ ձմեռ, պետք է հիշել, որ սուրճն ու թեյն ունեն կոֆեին և թեյին, որոնք չարաշահելու դեպքում օրգանիզմի տարբեր համակարգերի, օրինակ` սրտի վրա, կարող են ունենալ վատ ազդեցություն»,- ասաց նա:
Էնդոկրինոլոգը կարևոր է համարում նաև ճիշտ սնվելը: Նրա խոսքով՝ պետք է ուշադիր լինել, որպեսզի սննդի ժամկետն անցած չլինի: Պետք է գնված մսամթերքն ու կաթնամթերքը հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հասցնել տուն, քանի որ այդ ընթացքում միկրոբներ են զարգանում: «Խորհուրդ է տրվում դրսից սնունդ ձեռք չբերել. ուղղակի կարելի է համապատասխան սննդի կետերում սնվել: Խորհուրդ չի տրվում միանգամից մի քանի ճաշատեսակ կիրառելը, որպեսզի վատ զգալու դեպքում՝ մարդը կամ իրեն զննող բժիշկն իմանա, թե դա ինչից եղավ, և ճիշտ կողմնորոշվի: Եթե մարդն ի սկզբանե խնդիր չունի ստամոքսաղիքային համակարգի հետ, բայց առաջացել է նման խնդիր, ապա պարզ է, որ պատճառն ընդունված սննդամթերքն է: Ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ ընդունի այն սնունդը, որն իրեն սովորաբար վնաս չի հասցնում»,- հորդորում է էնդոկրինոլոգը:
Ամռանը խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ օգտագործել միրգ-բանջարեղենը, հատկապես`հատապտուղներն ու մրգերը: Բոլոր մրգերն էլ պարունակում են ֆրուկտոզա և գլյուկոզա, որոնք օրգանիզմի կողմից յուրացվում են և ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ներգործության հատկություն: «Այնուամենայնիվ, ցանկացած քաղցր սննդամթերք ունի քաղց առաջացնելու հատկություն: Ես բժշկության որևէ կոնկրետ գրականության մեջ չեմ հանդիպել, որ նշվի ինչ-որ ժամ, որից հետո չի կարելի ուտել: Պարզապես օրվա մեջ առաջին անգամը ցանկալի է լավ սնվել, իսկ մնացած 2-3 անգամներն ուտել լրացուցիչ ինչ-որ բաներ` աղցաններ, մրգեր, և այլն: Յուրաքանչյուր մարդ ունի իր ռեժիմը, և ինքն է ստույգ որոշում, թե երբ ուտի` կախված իր քնելու և արթնանալու ժամերից»,- ասում է Բամինե Բաղրամյանը:
Իսկ ինչ վերաբերում է երեխաներին և հղի կանանց, ապա էնդոկրինոլոգը հորդորում է նրանց առավել զգույշ և ուշադիր լինել: Նրա փոխանցմամբ՝ եթե չափահաս մարդը առողջ վիճակում ամեն ինչ կարող է մարսել, ապա երեխաների մոտ զարգացումն ընթացքի մեջ է: «Եթե 1-ամյա երեխային խորոված են ուտեցնում և հրճվում, որ մարսեց, ապա դա դեռ երաշխիք չէ, որ հետագայում դրա հետևանքով խնդիրներ չեն առաջանա: Մեծ հասակում այդ նույն երեխայի մոտ կարող են առաջանալ լյարդի լուրջ խնդիրներ: Իսկ հղի կանանց դեպքում ցանկացած տոքսին կարող է ազդել պտղի զարգացման վրա, և կարող են առաջանալ լուրջ խախտումներ»,- ասաց նա:
Բամինե Բաղրամյանն այսօրվա ասուլիսում խոսեց նաև հիգիենայի մասին. «Կարևոր է հիգիենան`նույն ձեռքերը լվանալը: Թվում է, թե դա շատ պարզ պահանջ է, բայց շատ կարևոր է միկրոբների առումով: Մարդիկ հաճախ անտեսում են այդ խնդիրը: Բայց մշտապես պետք է պահել ուշադրության կենտրոնում, հատկապես`երբ այլ բնակավայրում ես գտնվում»: