Գյուղացին գիտի, որ շահույթ չի ունենալու
Առաջիկայում գյուղական բնակավայրերում բերքահավաքի ակտիվ շրջան է: Սակայն գյուղացիների մեծ մասն այսօր հաշվում է ոչ թե բերքահավաքից սպասվելիք եկամուտները, այլ դրամական կորուստները: Գյուղացիների մեծ մասը մտահոգություն ունի, որ չի կարողանալու փոխհատուցել գարնանը վարուցանքի համար կատարած ծախսերը: Այդ մասին մեզ հետ զրույցներում վկայեցին, մասնավորապես, Շիրակի և Արարատի շրջանի գյուղերի բնակիչները: Ընդ որում, գրեթե բոլորի մոտ այդ մտահոգության հիմնական պատճառը բանկերից վերցված վարկերն են: Մասնավորապես՝ այն, որ գարնանը նրանք վերցրել են դոլարային վարկեր (երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 360-370 դրամ), որոնք, սակայն, մարում են արդեն բարձրացած` 410 դրամ փոխարժեքով: Հատկապես տարվա այս շրջանում, երբ բերքը բավական էժան է, գյուղացիները չեն կարողանում խուսափել կորուստներից: «10.000 դոլար բանկերից վարկ եմ վերցրել: Այն ժամանակ դա արժեցել է 3.600.000 դրամ, հիմա ես մուծում եմ 4.200.000 դրամ` գումարած տոկոսները: Դրա մեջ ես լավ բան չեմ տեսնում: ՈՒ իմանալով, որ այդպես պետք է լինի, գյուղացին այդ քայլին, միևնույն է, գնում է: Մարդիկ ուզում են մի բան անեն»,- ասում է Արարատի մարզի Նազիմի գյուղի բնակիչ Սմբատ Սարգսյանը: «Այսօր գյուղացին կարտոֆիլ է իրացնում 55 դրամով: Գարնանից մինչ այսօր մենք այդ գնով ենք կարտոֆիլ վաճառել: Գնային փոփոխություն չի գրանցվել: Հեկտարներով կարտոֆիլ ենք ցանել: Բերքը վարակվել էր, հիմա մի քիչ բան ա մնացել, էն էլ 50 դրամով ենք վաճառում: Ո՞նց պիտի տոկոսների տակից դուրս գանք, չգիտենք: Շահույթի մասին ավելորդ է խոսել, շահույթ չկա»,- ասում է Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Բարսեղ Խուրշուդյանը: