Պեկինում իր աշխատանքները սկսեց Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեան (լուսանկարներ)
Օգոստոսի 20-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում իր աշխատանքները սկսեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեան, որը երկու շաբաթ տևողությամբ անցկացվում է երեք տարին մեկ անգամ և հանդիսանում է աստղագիտական աշխարհի կարևորագույն իրադարձությունը: Աշխարհի ամենատարբեր երկրների աստղագետները հավաքվում են զեկուցելու և քննարկելու իրենց արդյունքները, նախանշելու հետագա եռամյակի ծրագրերը և անելիքները: Այս անգամ ներկա է շուրջ 2700 աստղագետ մոտ 70 երկրներից: Գլխավոր ասամբլեան անցկացվում է Չինաստանի ազգային համագումարների կենտրոնում (China National Convention Centre – CNCC), որն աչքի է ընկնում իր շքեղությամբ և այնքան մեծ է, որ միաժամանակ հյուրընկալել է նաև Տեսական և կիրառական մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը:
ՄԱՄ գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվում է ՄԱՄ 8 գիտաժողով (IAU Symposia), 18 հատուկ նստաշրջան (Special Session), 7 համատեղ քննարկում (Joint Discussion), ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` վարչական նիստեր, մրցանակների հանձնում, երիտասարդ աստղագետների խորհրդակցություն և այլն: Ասամբլեայից առաջ, դեռևս կիրակի օրը` օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՄԱՄ Գործադիր կոմիտեի նիստ: Առաջին շաբաթվա ընթացքում տեղի են ունենում ՄԱՄ թիվ 288 «Աստղաֆիզիկան Անտարկտիկայից», թիվ 290 «Կոմպակտ օբյեկտների սնուցումը. ակրեցիան բոլոր սանդղակներով», թիվ 291 «Նեյտրոնային աստղերը և բաբախիչները. մարտահրավերներ և հնարավորություններ 80 տարի անց» և թիվ 292 «Մոլեկուլային գազը, փոշին և աստղառաջացումը գալակտիկաներում» գիտաժողովները, իսկ մյուս չորսը կանցկացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Առաջին օրը լսվեց Կարեն Մաստերսի (Մեծ Բրիտանիա) «Գալակտիկաների գազանանոցը» պլենար զեկուցումը: Երկրորդ օրը` օգոստոսի 21-ին, երբ արդեն ժամանել էր մասնակիցների մեծ մասը, տեղի ունեցավ գլխավոր ասամբլեայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին մի շարք պաշտոնական անձինք: Բացման խոսք ասեց ՄԱՄ պրեզիդենտ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ): Լսվեցին նաև մի շարք հետաքրքիր զեկուցումներ, ինչպիսիք են օրինակ Քսիաոչուն Սանի զեկուցումը Չինական հնագույն աստղագիտության մասին և Գիտական միությունների միջազգային խորհրդի ներկայացուցիչ (ICSU) Դով Յարոնի զեկուցումը ICSU-ի գործունեության մասին: Տեղի ունեցավ նաև ՄԱՄ առաջին ընդլայնված նիստը ազգային ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեկոյան բոլոր մասնակիցների համար կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն:
Հայաստանից ՄԱՄ գլխավոր ասամբլեային մասնակցում են Բյուրականի աստղադիտականի (ԲԱ) ավագ գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ով նաև հանդիսանում է Հայաստանի ազգային ներկայացուցիչը: Հայազգի աստղագետներից ներկա են նաև Գագիկ Թովմասյանը (Մեքսիկա), Ալեքս Լազարյանը (ԱՄՆ), Վալերի Համբարյանը (Գերմանիա) և Իգոր Չիլինգարյանը (ԱՄՆ):
Հիշեցնենք, որ ՄԱՄ-ը ստեղծվել է 1919թ. որպես աշխարհում աստղագիտությունը միավորող և համակարգող կազմակերպություն: Ներկայումս նրա կազմում կա 11000-ից ավելի գիտնական: Հայաստանից ՄԱՄ անդամ է հանդիսանում 21 գիտնական: ՄԱՄ վերջին գլխավոր ասամբլեաներն անցկացվել են Մանչեսթերում (2000), Սիդնեյում (2003), Պրագայում (2006) և Ռիո դե Ժանեյրոյում (2009): Արդեն հայտնի է, որ 2015թ. ՄԱՄ գլխավոր ասամբլեան անցկացվելու է Հավայան կղզիներում:
(Շարունակելի)
Արեգ Միքայելյան
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ
Չինաստանից՝ հատուկ 168.am-ի համար