ՀՀ Կենտրոնական բանկն այսօր արձագանքել հայկական բանկերի հետ Իրանի գործարքների մասին Reuters-ի հոդվածին
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր արձագանքել հայկական բանկերի հետ Իրանի գործարքների մասին Reuters գործակալության՝ այսօր հրապարակած հոդվածին: Հոդվածում նշվում է, որ «Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում հարևան Հայաստանի` 3.3 մլն բնակչությամբ այդ լեռնային երկրի հանդեպ, այն ժամանակահատվածում, երբ արևմտյան պետությունները և հետախուզական ծառայությունները ուժեղացնում են Թեհրանի շրջափակումը` փորձելով խեղդել երկրի միջուկային ծրագրերը»:
Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանականերում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը:
«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:
Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաև Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլոր ֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից»: