Իրանը շրջանցում է պատժամիջոցները Հայաստանի՞ բանկերի միջոցով
Միջազգային պատժամիջոցներով ճնշված Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում: Այս մասին Reuters-ի հոդվածն է թարգմանաբար հրապարակել Tert.am-ը:
Reuters գործակալության այս հարցի կապակցությամբ հրապարակած ծավալուն հոդվածում նշվում է, որ «Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում հարևան Հայաստանի` 3.3 մլն բնակչությամբ այդ լեռնային երկրի հանդեպ, այն ժամանակահատվածում, երբ արևմտյան պետությունները և հետախուզական ծառայությունները ուժեղացնում են Թեհրանի շրջափակումը` փորձելով խեղդել երկրի միջուկային ծրագրերը»:
«Այսպիսի հարևանը, նախկին Խորհրդային միությունից, որը առևտրային կապերով կապված է Իրանի հետ և աշխատում է սերտ կապեր ստեղծել Եվրոպական միության հետ, կարող է Թեհրանի համար դյուրացնել օտարերկրյա հաճախորդներից ստացվող և նրանց արվող վճարումները թաքցնելու և Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը կանխել փորձող Արևմտյան հետախուզական ծառայություններին խաբելու գործընթացը:
Հայ պաշտոնյաները հերքում են Իրանի հետ ապօրինի բանկային հարաբերություններ ունենալու մասին տեղեկությունները:
Չնայած դրան` ամերիկյան պաշտոնյաները պարբերաբար իրենց հայ գործընկերներին սպառնում են խստացնել ֆինանսական վերահսկողությունը»,- ասված է հոդվածում:
Reuters-ը նաև հիշեցնում է, որ Իրանից Հայաստան գազամուղ է կառուցվում, որի շինարարությունը պետք է ավարտվի 2014 թ-ին, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար:
Իրանը օգտագործում է Իրաքի բանկերը` մեծ գումարներ կանխիկացնելու և միջազգային բանկային համակարգ մտցնելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, Արևմտյան հետախուզական զեկույցում որպես Իրանի թիրախ նշվում է հայկական ԱԿԲԱ Կրեդիտ Ագիրկոլ բանկի անունը:
Արևմտյան դիվանագետները հաստատում են, որ ԱԿԲԱ-ն Իրանի հետ կապեր ունի:
Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը, սակայն ասել է, թե հնարավոր չէ, որ ԱԿԲԱ-ն կապեր ունենա Իրանի հետ:
«Հայկական բանկերը ֆինանսավորում են միայն Հայաստանի տնտեսությանը»,- ասել է նա:
ԱԿԲԱ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նույնպես հերքել է Իրանին օգնելու մասին լուրերը:
«Մենք ֆինանսավորում ենք միայն Հայաստանի տնտեսությանը: Մենք որևէ հարաբերություն չունենք Իրանի հետ և երբեք չենք ունեցել: Ապագայում ևս չենք նախատեսում ֆինանսավորել Իրանին: Այն, ինչ դուք ասում եք, ամբողջովին նոնսենս է»,- ասել է Գիշյանը:
Վաշինգտոնը վերջերս հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնել է իր մտահոգություններն այն մասին, որ Իրանը կարող է օգտագործելով Հայաստանը շրջանցել պատժամիջոցները:
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունիսին, Երևանում կայացած հանդիպման ընթացքում նույնպես խոսել է այս մասին:
Մյուս բանկը, որն Արևմուտքի ուշադրության կենտրոնում է, իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղն է: «Մելլաթի» դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում է սկսած 2007 թ.-ից:
Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հետախուզության բաժնի ղեկավարի տեղակալ Առաքել Մելիքսեթյանը, հիմնվելով բանկերի տարեկան զեկույցների վրա, ասել է, որ դրա հայաստանյան ակտիվները ավելի քան 50 տոկոսով նվազել են 2010 թ-ի դեկտեմբերի 31-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
«Մելլաթ»-ը կտրված է ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ ֆինանսական շուկաներից և ըստ էության չի համագործակցում հայկական այլ բանկերի հետ: «Մելլաթ»-ի հայկական մասնաճյուղն այլևս չի կարող ստանալ կամ ուղարկել միջազգային փոխանցումներ:
Մելիքսեթյանն ասել է, որ բանկի հաճախորդները հիմանականում իրանցիներ են, ովքեր Հայաստանում բիզնես ունեն, հայեր, որոնք Իրան ապրանք են արտահանում և իրանցի և Իրանի հայազգի քաղաքացի ուսանողներ:
Թուրքիան ժամանակին նույն իրավիճակում էր, ինչ Հայաստանը: 2010թ.-ին Թուրքիան ապահով էր Իրանի բանկերի համար: Սակայն ամերիկյան ճնշումների հետևանքով ստիպված եղավ խզել կապերը Թեհրանի հետ: Արևմուտքի պնդմամբ` թուրքական բանկերն այժմ ավելի զգույշ են իրանցի հաճախորդների հետ աշխատելիս:
ԱՄՆ-ի մտահոգությունները Հայաստանի և իրանական բանկերի պատժամիջոցների վերաբերյալ, նոր չեն: Այդ մասին տեղեկություններ եղել են նաև WikiLeaks-ի հրապարակված փաստաթղթերում: