Բաժիններ՝

Ինչո՞ւ Կարինե Իսահակյանն ընկավ խոր կոմայի մեջ

Օգոստոսի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բանավոր հրաման էր արձակել «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարինե Իսահակյանին աշխատանքից ազատելու մասին: Նույն օրը, աշխատանքային օրվա ավարտին, նախապես չծանուցելով այդ մասին, Կ. Իսահակյանին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանի` ամբողջ օրն աշխատեցրել են և երեկոյան հայտնել, որ նա ազատված է փոխտօրենի պաշտոնից:

Գիշերը Կ. Իսահակյանն ընկնում է խոր կոմայի մեջ, որից դուրս չգալով՝ օգոստոսի 5-ին մահանում է: Ըստ բուժող բժշկի` նա այդ վիճակին էր հասել ուժեղ սթրեսի պատճառով (ինչի հետևանքով արյան մեջ շաքարի պարունակությունն ընկել է): Հիշեցնենք, որ Կ. Իսահակյանը «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատում էր ավելի քան 16 տարի, փոխտնօրեն էր նշանակվել 2012թ. ապրիլից: Կ. Իսահակյանի երեխաները պատրաստվում են դատի տալ ՀՀ մշակույթի նախարարությանը և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանին` անօրինական գործողություններով իրենց մորը մահ պատճառելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հաստատել է Կ. Իսահակյանի դուստրը:

168.am-ը տեղի ունեցած ողբերգությունից զրուցեց նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, որքա՞ն ժամանակ է, որ չեք աշխատում` որպես «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Կարդացեք նաև

– 3 ամիս է, որ չեմ աշխատում: Իրենց մարդկանց տեղավորելու խնդիր էր սա ուղղակի, և, առանց հաշվի առնելու, որ դիմացինը մարդ է և ունի տարիների աշխատանքային փորձ, հմտություններ, կատարած աշխատանք` կարող են նման կերպ, օրենքը խախտելով, առանց ծանուցման՝ մարդուն անակնկալի բերել:

– Ձեր նախկին աշխատանքի մասին ի՞նչ կարող եք ասել:

– Երբ ես՝ որպես տնօրեն, հիմնարկ մտա, հիմնարկը կարծես «քարե դարում» մնացած լիներ` ջարդված հին աթոռներ, երեք սեղան, հին գրամեքենա, որի վրա, ի դեպ, հենց Կարինեն էր աշխատում: Նստում էին 6 քառակուսի մետրանոց սենյակում ` Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում: Տարածքը, որտեղ ընդամենը մի 3 սեղան կար, և միայն դրանք կարող էին տեղավորել, ցուցահանդեսային կենտրոնն էր: Երբ ես նոր աշխատողներ ընդունեցի` 2 հերթափոխով էինք աշխատում, որպեսզի տեղավորվենք: Հետո, մեր միջոցների հաշվին վերանորոգեցինք մեր պահեստներից մեկը և տեղափոխվեցինք այնտեղ: Վերջին մի քանի տարում իրականացրել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ թե՛ ՀՀ մարզերում, և թե՛ արտասահմանում: Կենտրոնի աշխատակիցները շատ հաճախ «փնթփնթում» էին, որ այդ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառը ես եմ: Լինելով ակտիվ մարդ` չէի կարող նստել և սպասել: Անընդհատ ծրագրեր էի մշակում, փորձում ավելի արդյունավետ դարձնել կենտրոնի գործունեությունը: Նշեմ, որ կենտրոնի ոչ բոլոր աշխատողներն էին մասնակցում նշված աշխատանքներին: Հավաքվում էինք իմ աշխատասենյակում մեկ, մաքսիմում՝ երկու հոգով, ընդ որում` միշտ ներկա էր Կարինեն, միմյանց լրացնելով` կազմում էինք միջնաժամկետ ծրագրեր, և այլն:

Վերջին երկու տարիներին մեր կենտրոնը շատ ծանրաբեռնված էր աշխատում: Մշակույթի նախարարությունից շատ հաճախ ցուցահանդեսների մասին մեզ տեղեկացնում էին վերջին, լավագույն դեպքում` նախավերջին օրը: Երբ փորձում էի այդ կապակցությամբ բացատրություն ստանալ` նախարարության մի շարք պաշտոնյաներ արդարանում էին, որ ամեն ինչ որոշում է նախարարը, և իրենք էլ երբեմն տեղյակ չեն լինում: Նույնիսկ մի անգամ առաջարկեցին միջազգային միջոցառումներից մեկի կազմակերպումը ձախողել, որ նախարարն ինչ-որ բան փոխի իր գործելաոճի մեջ: Իհարկե, ես նման բան չարեցի, քանի որ, ինչպես հետագան ցույց տվեց, այդ ամենին ուղղակի անհամբեր սպասում էին… Նախարարը, օրինակ, կարող էր հրաման տալ ինչ-որ ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ, որի կազմակերպմանը հաշված ժամեր էին մնում: Այսինքն` բոլոր աշխատանքները պետք է կազմակերպեի շատ սեղմ ժամկետում: Ցուցահանդեսային նմուշների ապահովագրությունը, մաքսային ձևակերպումները, փաթեթավորումը, արկղերի պատրաստումը պետք է անեինք մի քանի օրում, բայց դա ծավալուն և ժամանակատար աշխատանք էր:

Անցած տարի ավելի քան 3 մլն եվրո արժողությամբ գրքեր էինք ուղարկում ցուցահանդեսի: Ես մնացել էի այստեղ՝ օդանավակայանում, որպեսզի անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումներն ավարտեի: Առանց ձևակերպման արդեն ուղարկել էի, այսինքն` մենք մեր գործը ճիշտ ժամկետում արել էինք: Իսկ իրենք, որ պետք է ընդամենը զանգահարեին Եգիպտոսում ՀՀ դեսպանատուն` չէին զանգահարել, ինչի պատճառով՝ 4 հոգի, այդ արժեքավոր գրքերը ձեռքներին, վախեցած, օտար տեղ մնացել էին փողոցում կանգնած: Ընդ որում, խոսքը հեղափոխական Եգիպտոսի մասին է, որտեղ այդ օրերին մարդիկ էին սպանվում, պատերազմական վիճակներ էին: Պատկերացնո՞ւմ եք` ինչ պայմաններում էինք աշխատում:

– Տիկին Կարինեն ինչպիսի՞ աշխատող էր:

– Երբ ես եկա` Կարինեն արդեն 8 տարի աշխատում էր: Եվս 8 տարի էլ միասին ենք աշխատել: Չնայած Կարինեն ֆոնդապահ էր, բայց միաժամանակ կատարում էր և՛ ֆոնդապահի, և՛ կադրային տեսուչի, և՛ գանձապահի, և՛ գործավարի աշխատանքները: Եվ, քանի որ ինքը համակարգչին վարժ էր տիրապետում, առաջադրանքները և ամեն ինչ անում էր ժամանակին: Պարտաճանաչ էր, գործին լավատեղյակ: Եթե իր առաջադրանքը կատարելու համար պետք էր որևէ ծրագիր սովորել` անմիջապես սկսում էր սովորել:

2010թ. բացեցինք մեր կենտրոնի կայքէջը: Միասին գրում էինք հայերեն տեքստը, հետո ինքն այդ ամենը թարգմանում էր ռուսերեն և անգլերեն լեզուներով: Կարճ ժամանակում ստացավ նաև ցանցային և վեբ-ադմինիստրատորի որակավորումը: Իմ կարծիքով` իրենք Կարինեին 3 ամիս լավ աշխատացրել էին` նրանից սովորելով կենտրոնի աշխատանքներին վերաբերող գործառույթները: Իսկ հետո արդեն որոշեցին, որ իրենց պետք չէ` հեռացրեցին: Ավելացնեմ նաև, որ 2011թ. զրուցել եմ կենտրոնի նախկին տնօրեններից մեկի` այդ ժամանակ Պատմության թանգարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանի հետ: Ընդհանուր հարցերի մեջ անդրադարձ է եղել նաև աշխատակիցներին: Կարենը շատ լավ կարծիք ուներ Կարինեի մասին: Եթե չեմ սխալվում`Կարեն Խաչատրյանը Կարինեի վերաբերյալ արեց հետևյալ արտահայտությունը` «Շատ կազմակերպված, գործին տեղյակ և պատասխանատու աշխատակից է»:

– Վերջին շրջանում Կարինե Իսահակյանն ինչ-որ բանից դժգոհե՞լ է:

– Նույն օրը, երբ Կարինեին ազատել էին աշխատանքից, նա զանգահարեց ինձ, և սաստիկ հուզված խնդրեց, որ իրեն ծանոթացնեմ իմ իրավաբանի հետ: Ես ներկա էի նրանց զրույցին, որի ժամանակ Կարինեն պատմեց, որ իր աշխատանքում թերություններ չգտնելով` որոշել էին ազատվել իրենից` փոխտնօրենի հաստիքը կրճատելով: Եթե 20 տարեկան երիտասարդին այդպես աշխատեցնեին, ինչպես Կարինեի հետ են վարվել` երևի չդիմանար: Կեսօրին ինչ-որ աշխատանք կատարելու համար մի քանի անգամ կարող էին ուղարկել մի հիմնարկ: Կարինեն պատմում էր, որ փաստաթղթերը ձևակերպելիս՝ իրեն չէին լսում և պատշաճ ձևով չէին ձևակերպում, որի արդյունքում` ամեն անգամ փաստաթղթերում որևէ սխալ էր լինում, և իրեն այնտեղից ետ էին ուղարկում` նոր փաստաթղթերով ներկայանալու համար: Կենտրոնի հետ կապված բոլոր փաստաթղթային ձևակերպումները Կարինեն է կատարել` էլեկտրացանցի, ջրմուղի, կադաստրային հարցերը, ժամանակավոր հանձնված աշխատանքների ստուգումները, ակտերի ձևակերպումներ, և այլն: Բոլոր հնարավոր և անհնար աշխատանքները տալիս էին Կարինեին: Փոխտնօրենը` Կարինեն, տնօրենի բացակայության ժամանակ փոխարինում էր նրան:

Տեղյակ եմ, որ Կարինեին հանձնարարել էին 1 օրվա ընթացքում Արցախում ստուգել հինգ նկարների առկայությունը և այդ աշխատանքների մասին եղած ամբողջ ինֆորմացիան: Նա, այստեղ գտնվող հիմնարկների միջոցով, հասցրել էր ստուգել դա:

Կարինեն ասում էր, որ տնօրենին խնդրել է`իրեն աշխատանքային նորմալ պայմաններով ապահովել, իսկ փոխարենը՝ վերջինս նրան նստեցրել էր պատուհանի և դռան միջև միջանցիկ քամու տակ` պատճառաբանելով, թե նրա համար հատուկ պայմաններ չի կարող ստեղծել, և հենց դա էլ վատթարացրել էր Կարինեի առողջական վիճակը: Կարինեի ասելով` տնօրենի կողմից ամեն ինչ արվել է նախարարի իմացությամբ կամ հրահանգով: «Ցուցահանդեսային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանը նրան ասել է, որ հաստիքը կրճատվում է նախարարի հրամանով: Իսկ երբ Կարինեն ցանկացել է տեսնել այդ հրամանը, պարզվել է, որ այն բանավոր է:

– Ի՞նչ հիմքով են Ձեզ և տիկին Կարինեին ազատել աշխատանքից:

– Ինձ ազատել են աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով: Մենք մեր գործը հստակ իմացել ենք: Ցանկացած ցուցահանդեսի կամ միջոցառման հետ կապված աշխատանք գրագետ ենք արել` մեր միջև բաժանելով անելիքները և անտեսելով բազմաթիվ խոչընդոտները: Եվ այդ ամենը միշտ գրագետ էինք կազմակերպում, չնայած այն բանին, որ ես և Կարինեն ռադիոինժեների որակավորում ունեինք: Ոչ թե ռադիոտեխնիկի, ինչպես հայտարարել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, քանի որ ինժեներ դառնում են՝ ավարտելով բուհը, իսկ տեխնիկ դառնում են՝ ավարտելով տեխնիկումը: Եթե պատճառը մասնագիտական կրթության բացակայությունն էր, ապա թող հեռացնեին այդ հիմքով` երկու ամիս առաջ այդ մասին մեզ ծանուցելով: Բացի այդ, կենտրոնում կան աշխատողներ, ովքեր նույնիսկ միջին մասնագիտական կրթություն չունեն, բայց աշխատում են, քանի որ նրանց համար «խնդրել էր» նախկին նախարարներից մեկը:

Անցյալ տարի նախարարը էլեկտրամեխանիկի որակավորմամբ մարդ էր ուղարկել, որ ընդունեի՝ որպես փոխտնօրեն, բայց ես, հաշվի առնելով, որ նա ոչ մասնագետ է, և անտեղյակ է թանգարանային գործից, փոխտնօրեն ընդունեցի Կարինեին, քանի որ նա ուներ 16 տարվա աշխատանքային փորձ և բազմիցս ապացուցել էր իր արհեստավարժությունը: Իսկ իրենց «ուղարկածին» ընդունեցի՝ որպես ֆոնդապահ, չնայած՝ այդ աշխատանքն անելու համար էլ մասնագիտական կրթությունը պարտադիր էր: Եթե հաշվի են առնում մասնագիտությունը, ուրեմն թող բոլորի նկատմամբ էլ դա կիրառեն, ոչ թե հեռացնեն մի պատճառաբանությամբ, հետո սկսեն արդարացումներ փնտրել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս