Բաժիններ՝

Մայրիկիս ամբողջ օրը աշխատացրեցին, իսկ երեկոյան ազատեցին աշխատանքից

Օրեր առաջ լրատվամիջոցները նամակ ստացան այն մասին, որ օգոստոսի 1-ին ՀՀ մշակույթի նախարարը բանավոր կերպով հրամայել է աշխատանքից հեռացնել Ցուցահանդեսային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Իսահակյանին, ով մինչ այդ մշտապես բարեխղճորեն կատարել էր իր վրա դրված բոլոր առաջադրանքները:

Օգոստոսի 1-ին, աշխատանքային օրվա ավարտին, չծանուցելով և աշխատեցնելով ամբողջ օրը, հենց օգոստոսի 1-ով էլ, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը խախտելով՝ Կարինեին հեռացրել են աշխատանքից: «Կարինեն որոշում է դիմել դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու: Սակայն նույն գիշեր նա ընկնում է խոր կոմայի մեջ, որից դուրս չգալով՝ օգոստոսի 5-ին մահանում է: Բուժող բժշկի ասելով՝ նա այդ վիճակին է հասել ուժեղ սթրեսի պատճառով (ինչի հետևանքով արյան մեջ շաքարի պարունակությունն ընկել է):

Կարինեն աշխատում էր այդ հիմնարկում ավելի քան 16 տարի և ուներ բավականին մեծ փորձ, եռանդ և գիտելիքներ: Կենտրոնի փոխտնօրեն էր 2012թ. ապրիլից»,- ասված էր նամակում: Կ. Իսահակյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին: Վերոնշյալ նամակում նաև նշվում էր, որ Կարինեի երեխաները պատրաստվում են դատի տալ ՀՀ մշակույթի նախարարությանը և Ցուցահանդեսային կենտրոնի տնօրենին՝ անօրինական գործողություններով իրենց մորը մահ պատճառելու համար:

168.am-ը կատարված ողբերգությունից օրեր անց զրուցեց Կարինե Իսահակյանի զավակների հետ: Կ. Իսահակյանի դուստրը` Նաիրա Իսահակյանը, պատմեց «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանի` Կ. Իսահակյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին:

Կարդացեք նաև

«Վիրավորական բաներ կենտրոնի ներկայիս տնօրենի կողմից շատ կային: Ինչ պահանջել էր` արվել է լիարժեք: Երբ պետք էր, որ մայրս զանգահարեր տնօրենին և բացակայելու թույլտվություն ստանար` հեռախոսին չէր պատասխանում: Բոլորին կարելի էր ուշանալ կամ բացակայել, իսկ մորս` ոչ: Հունիսին 2 օր մայրս աշխատանքի չէր գնացել, քանի որ պոլիկլինիկա էր այցելել՝ բուժզննում անցնելու նպատակով, և հենց այդ ժամանակ էլ տնօրենը որոշել էր ազատել նրան աշխատանքից: Հաջորդ օրը զանգահարեց տնօրենը և խնդրեց վերադառնալ աշխատանքի, քանի որ շատ աշխատանքներ ունեին անելու: Չնայած պարզել էին, որ մայրս իրոք բուժզննման էր գնացել, մեկ օրը զիջել էին, իսկ մյուս օրվա համար պաշտոնապես նկատողություն էին տվել, որը նույնպես օրենքի խախտում էր: Բանալին իրեն չէին տալիս, չէին վստահում, իսկ նա, սովորության համաձայն, միշտ առաջինն էր գնում աշխատանքի: Օրեր են եղել, երբ անգամ աթոռները պահվել են, ու փոխտնօրենը` մայրս, նստելու տեղ չի ունեցել: Կամ նրան չէին բարևում` ստեղծելով աշխատանքի համար անտանելի պայմաններ: Ստեփանավանում կազմակերպված ցուցահանդեսի ավարտից հետո տնօրենը մայրիկիցս պահանջել էր նկարները ետ բերել կամ միայնակ` իր ուժերով, կամ էլ իր ֆինանսական միջոցներով բանվոր վարձելով:

Ասել էր` «Եթե ես տնօրենն եմ ու իմ գրպանից ծախսում եմ, ուրեմն դու նույնպես պարտավոր ես անել դա»:Իրենք լավ չէին պատկերացնում աշխատանքը, դրա համար էլ մորս օգնությունն իրենց շատ էր պետք, բայց եթե պետք էր, թող գնահատեին: Նույնիսկ մի քանի անգամ մայրս նրանց խնդրանքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարության անունից, բանակցություններ է վարել արտասահմանյան երկրների ներկայացուցիչների հետ, կատարել պայմանագրերի թարգմանություններ, և այլն»:

Ըստ Նաիրա Իսահակյանի` Կարինե Իսահակյանին աշխատանքից հեռացման մասին նախապես տեղյակ չէին պահել: «Մայրիկիս այդ մասին տեղեկացրել են աշխատանքից ազատելու օրը, այն էլ` աշխատանքային օրենսգիրքը խախտելով ` այդ օրն անվճար աշխատացնելուց հետո, աշխատանքային օրվա ավարտին: Իսկ մայրիկիս վրա դա առավել վատ անդրադարձավ, որովհետև, եթե գոնե առավոտյան ասեին և ոչ թե՝ երեկոյան, ապա սթրեսը հաղթահարելը, միգուցե, այդքան բարդ չէր լինի, և նա արթուն լինելով` հաստատ չէր հայտնվի կոմայի մեջ: Վերջին օրերին, ի պատասխան մեր ընտանիքի անդամների հորդորներին` աշխատանքից ազատվելու մասին, մայրս հավաստիացնում էր, որ Խաչիկը կարծես փոխվել է դեպի լավը, փոխվել են նաև գործընկերները… Մտածում էր, որ, ամենայն հավանականությամբ, կմնա և կաշխատի… բայց տեղի ունեցավ սարսափելին… մայրս այլևս չկա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս