Մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա կմնա 2 տարի
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը ներկայացրել է Curiosity մարսագնացի ծրագրի մանրամասները:
BBC-ի փոխանցմամբ` հաջորդ առաջադրանքը լանջից ներքև սահած քարի վրա լազերի աշխատունակության փորձարկումը կլինի: Միլիոնավոր վատտ հզորությամբ ճառագայթը կուղղվի քարի մակերեսին, ըստ գոլորշու գույների գիտնականները եզրակացություն կանեն քարի կառուցվածքի վերաբերյալ:
Համացանցային ԶԼՄ-ները հաղորդում են, որ բոլոր համակարգերի և մասերի փորձարկումից հետո մարսագնացը հավանաբար կուղևորվի դեպի դրանից 500 մետր հեռու «Գլենելգ» անունը ստացած «խաչմերուկ»: Նախատեսվում է, որ Curiosity-ն այնտեղ կհասնի մոտ մեկ ամիս հետո:
Տիեզերական գործակալության փորձագետների փոխանցմամբ` առայժմ մարսագնացի գիտական մասերի փորձարկումը նորմալ է ընթանում, բոլոր համակարգերը կանոնավոր են աշխատում:
Մարսագնացը Կարմիր մոլորակի վրա հաջող վայրէջք է կատարել օգոստոսի 6-ին: Սարքը Կարմիր մոլորակ է ուղարկվել 2011-ի նոյեմբերին: Մոտավորապես Mini Cooper ավտոմեքենայի չափ ունեցող Curiosity-ն Մարսի առանձնահատկությունները կուսումնասիրի 2 տարի: Գիտնականները համոզված են, որ մարսագնացը մոլորակի վրա կհայտնաբերի ջրի հետքեր և հնարավոր է` այդ վայրում տեսականորեն գոյություն ունեցող կյանք:
Ավելացնենք, որ NASA-ի կայքում հնարավոր է ուղիղ եթերում հետևել Curiosity-ի գործողություններին: