
Բանակցություններ ԿԺԴՀ ու Ճապոնիայի միջև՝ 4 տարվա ընդմիջումից հետո

Ճապոնիայի և Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության կառավարությունները վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ պետական մակարդակով բանակցություններ կանցկացնեն, ինչը վկայում է երկու կողմերի միջև հարաբերությունների բարելավման մասին, գրում է The Guardian-ը:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության խոսնակ Օսամու Ֆուջիմուրան` նշելով, որ բանակցությունները կանցկացվեն Պեկինում օգոստոսի 29-ին և դրանց ընթացքում կքննարկվեն տարբեր, մինչ այժմ լուծում չստացած հարցեր:
«Մենք լիահույս ենք, որ երկու երկրներն ի վիճակի կլինեն լուծում տալ վիճելի հարցերին և մոռանալ իրենց «դժբախտ» անցյալը` դիվանագիտական կապեր հաստատելու համար»,- նշել է Ֆուջիմուրան:
Ճապոնիան կառավարել է Կորեական թերակղզին որպես գաղութ Երկրորդ աշխարհամարտից առաջ և պատերազմի ընթացքում: Երկու երկրների հարաբերությունները բավական լարված են, չկան դիվանագիտական հարաբերություններ:
2008 թ.-ի օգոստոսից ի վեր Ճապոնիան և Հյուսիսային Կորեան պետական մակարդակով հանդիպումներ չեն ունեցել թշնամական անցյալի, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և 1970-80-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առևանգման պատճառով: