«Իրենց բորշչը՝ իրենց գդալը. Հայաստանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած»

Հարցազրույց ՀԱԿ անդամ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի հետ

– Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

– Բացասաբար, քանի որ Հայաստանը, թեկուզ կարճ ժամանակով, բայց կկցվի քաղաքակրթական՝ պարտված, ժամկետանց համակարգի:

– Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, թե հնարավոր է, որ «Եվրասիական միություն մտցնելու պատրվակով, պատճառաբանությամբ»՝ Մոսկվան արտաքուստ ճնշումներ գործադրի Հայաստանի վրա: Դուք  արտաքին ինչպիսի՞ ճնշումներ նկատի ունեք, և ո՞ր հարցերում դրանք կարող են դրսևորվել:

Կարդացեք նաև

Խոսքը ճնշումների ԱՐՏԱՔՈՒՍՏ, այսինքն՝ ձևական լինելու մասին է, ոչ թե ԱՐՏԱՔԻՆ ճնշումների. Մոսկվայի ցանկացած ճնշում էլ մեզ համար արտաքին է: Իսկ Մոսկվան մեզ միշտ և ցանկացած հարցում ճնշել է և ճնշելու է, խնդիրը ճնշման ուժի մեծության մեջ է:

Դուք նաև կարծիք էիք հայտնել, թե «Ռուսաստանը ժամանակից շուտ փորձում է հենց ինքն էլ իր խամաճիկ քաղաքական գործիչների և վերլուծաբանների միջոցով սկսել «հակառուսությունը», որպեսզի ընթացքում դա իր համար կառավարելի լինի, և հանկարծ չհայտնվեն ուժեր, որոնք կարող են խառնել բոլոր խաղաքարտերը»: Ո՞ւմ նկատի ունեք` «խամաճիկ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ» ասելով:

– Չնչին բացառություններով՝ գրեթե բոլորին:

– Հայ ազգային կոնգրեսը դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել Եվրասիական միության հարցի վերաբերյալ: Ըստ Ձեզ` սա ինչո՞վ է պայմանավորված:

– Դա մեզ քիչ է հետաքրքրում:

– Խորհրդարանական ընտրություններից առաջ Դուք հայտարարել էիք, որ Պահպանողական կուսակցությունը դիտորդի կարգավիճակ է որդեգրում ՀԱԿ-ում: Ընտրություններից հետո Ձեր դիրքորոշման մեջ արդյոք որևէ բան փոխվե՞լ է: Ձեր կուսակցությունը շարունակելո՞ւ է անդամակցել ՀԱԿ-ին:

– Մենք ոչ թե խորհրդարանական ընտրություններից առաջ էինք արձանագրել, որ ՀԱԿ-ում մեզ դիտորդի կարգավիճակ ենք վերապահում, այլ 2010 թվականից: Այնպես որ, խնդրեմ՝ մեր վարքը չկապել խորհրդարանական ընտրությունների հետ. 2008 թվականին կամ 2009 թվականի սկզբին էի փորձել կանխարգելել նմանատիպ հարցադրումը, երբ մեր մասով ընդհատակյա հոդվածներիցս մեկում հիշեցրել էի Սայաթ-Նովայի խոսքը. «Հենց գիտեիք սովա՞ծ էի՝ լի սեղանի համա՞ եկա»: Իսկ եթե երբևէ Պահպանողական կուսակցությունը դադարեցնի ՀԱԿ-ին իր նույնիսկ դիտորդական անդամակցությունը, ապա լրատվամիջոցներն այդ մասին կիմանան առանց գավառական ծեքծեքումների:

– Մի քանի հայտնի գործիչներ, ովքեր վերջերս դուրս եկան ՀԱԿ-ից, դուրս գալու պատճառների շարքում նշում էին «քաղաքագիտական վերլուծության»` քաղաքականություն դառնալու մասին, և նաև ՀԱԿ-ի գործող որոշ անդամներ քննադատում են Կոնգրեսի սիրաշահումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Դուք ինչպիսի՞ վերաբերմունք ունեք ԲՀԿ-ի հետ տարվող կուրսի նկատմամբ:

– Հարցադրման առաջին մասի հետ կապված՝ արձանագրենք, որ մեզ չի հետաքրքրում, թե «գիտություն» բառահիմքով կազմված բառերի հանդեպ ով ինչպիսի գենետիկ խորշանք ունի. անկեղծորեն՝ նույնիսկ տեղյակ չենք, թե ինչի մասին եք հարցնում, և չենք էլ ուզում իմանալ: Իսկ երկրորդ մասի առնչությամբ արձանագրենք, որ սիրաշահող և սիրաշահվող կողմերից մեկը պարտադիր իգական նախահիմք պետք է որ ունենա, դրանց կապը խանդողները՝ ևս: Այնպես որ, իրենց բորշչը՝ իրենց գդալը. Հայաստանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, և այդ մանրուքները չեն հետաքրքրում բացարձակապես:

Տեսանյութեր

Լրահոս