Դարբաս գյուղը դատարկվել է

Սյունիքի մարզկենտրոնից կտրված ու կղզիացած Դարբաս կոչվող գյուղի բնակչությունը տարեցտարի, օրեցօր և ժամառժամ պակասում է: Չնայած հարևան գյուղում գործում են արտերկրում բնակվող ծնունդով դարբասցի գործարարներ Արամ և Արմեն Ստեփանյանների հյութերի և պահածոների գործարանները, բայց, միևնույն է, երիտասարդությունն աշխատանք է փնտրում արտերկրում: Պատճառն աշխատանքի դիմաց ցածր վարձատրությունն է: Այդ է պատճառը, որ երիտասարդներից շատերը դուրս են եկել գործարաններից և մեկնել ՌԴ` շինարարական տարբեր աշխատանքների, մասնավորապես` Սոչի:

Սյունիքի մարզի Դարբաս համայնքի` Շամբի պահածոների և հանքային ջրերի գործարանները շահագործման են հանձնվել 2010թ. աշնանից: Պահածոների գործարանի կառուցման համար 2009-2011թթ. ընթացքում Գերմանիայից, Բուլղարիայից և Իտալիայից ներկրվել են շուրջ 426 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ և կատարվել է շուրջ 50 մլն դրամի շինարարական աշխատանք: Գործարանում արտադրվում են պահածոներ, մուրաբաներ, ջեմեր, բնական հյութեր:

Արտադրության համար օգտագործվող պտուղ-բանջարեղենը մթերվում է տարածաշրջանի գյուղերի արտադրողներից: 2011թ. արտադրանքի ծավալները կազմել են 175 տոննա, որից 80 %-ը արտահանվել է Ռուսաստան: Ներկայումս գործարանում աշխատում է 60 մարդ, սակայն գործարանի սեփականատերերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` գործարան կատարած այցի ժամանակ նշել էին, որ 2012 թվականին անձնակազմը պետք է կրկնապատկվի: Հանքային ջրերի գործարանի կառուցման համար նույն` 2009-2011թթ. եվրոպական մի շարք երկրներից ներկրվել է շուրջ 650 մլն դրամի սարքավորում և կատարվել 100 մլն դրամի շինարարական աշխատանք: Գործարանում արտադրվում են ապակյա և պոլիէթիլենային տարաներով հանքային ջրեր և լիմոնադներ: Հզորությունը կազմում է ժամում 5 հազար շիշ: Գործարանի արտադրանքի մեծ մասն արտահանվում է:

Դարբասի 83-ամյա բնակիչ Նիկոլայ Ասրյանին գյուղում բոլորը ճանաչում են և դիմում են Քրիստափոր անունով: Խնդրեցինք գյուղի մասին պատմել՝ որպես Դարբասի վաղեմի բնակիչ: «Շատ բան կա պատմելու, մի բեռնատար է պետք, որ գա վերցնի-տանի»,- սկզբում կատակեց նա:

Կարդացեք նաև

«Այս գյուղում ո՞վ կա, որ ի՛նչ ասեմ: Մարդ ա՞ մնացել: Գյուղում էնքա¯ն խնդիրներ կան: Գյուղին օգնող չկա: Պայմանները դժվար են. գնացողները շատ են: Տրակտոր չկա, որ վար անեն: Բենզինը և մնացած բոլոր գյուղատնտեսական նյութերը թանկ են, 600 դրամով բենզին կլինի՞: Այս տարի բնակլիմայական պայմաններն են անբարենպաստ: Ջրերով անապահով ենք: Խմելու ջուրը սակավ է, եղածն էլ կեղտոտ է գալիս, ժողովուրդը ստիպված օգտվում է: Հիմա անկախություն է, բայց մարդ չի կարողանում մի տրակտոր գտնել, որ տնտեսության աշխատանքները կազմակերպի: Այն ժամանակ համախմբված կոլեկտիվ աշխատանք էր…»,-լրջանալով պատմեց նա:

Ըստ Նիկոլայ Ասրյանի` նախկինում գյուղի անունն Ըղվերձ է եղել, հետո գյուղը վերանվանվել է Դարբաս: Գյուղի նոր անվան առաջացման վարկածները երկուսն են. Նախ՝ որ այդ ուղղությամբ գտնվող գյուղերի համար դարբաս է հանդիսանում, և երկրորդ՝ որ թուրքերը չեն կարողացել ներս մտնել ու ասել են` «Դարանը բաստ է», այսինքն` «Ձորը լիքն է», և հնարավոր չէ մտնել:

Այսօր գյուղում գործում է միայն Արամ և Արմեն Ստեփանյանների ֆինանսավորմամբ կառուցված և 2010թ. մայիսին բացված Սբ. Ստեփանոս եկեղեցին: Իսկ նախկինում այս գյուղում եղել են 7 եկեղեցիներ, որոնցից միայն հետքեր են մնացել: «Երբ երիտասարդ էինք, Մորիս Հասրաթյանը եկել էր այստեղ: Նա մեզ տարավ այս կողմերում գտնվող մի ավերված եկեղեցի, որը, ըստ Հասրաթյանի` 700 տարվա հնություն ուներ: Մորիս Հասրաթյանը մեր գյուղում գտել է նաև ինչ-որ սուլթանի որդու գերեզմանաքարը, որը սուլթանն է հետագայում բերել և դրել: Ասում էր, որ սուլթանի որդուն Զեյթունից գերի էին վերցրել, և այստեղ մահացել է»,- գյուղի մասին պատմեց Ն. Ասրյանը:

«5-րդ դասարանում դպրոցից դուրս եմ եկել ու աշխատել՝ որպես հովիվ: Պայմաններն էին այդպիսին: Հայրենական պատերազմի ժամանակ` 1945 թ.-ին, հորս տարան բանակ: Հայրս 3 ամիս մեզ նամակ գրեց, հետո էլ չգրեց: Դիմեցինք Մոսկվա, մեզ հայտնեցին, որ հայրս անհայտ կորած է: Մեծ ընտանիք ունեինք` 2 եղբայր և 4 քույր էինք: 1927թ. ծնված քրոջիցս հետո ես էի մեծը, ամբողջ ընտանիքն իմ հույսին էր: Մինչև 1951 թվականը հովիվ եմ եղել: Դրանից հետո գնացել եմ բանակ: Երեք տարի վեց ամիս ծառայել եմ Չեռնյախովսկում: Բանակից վերադարձել եմ կրտսեր սերժանտի կոչմամբ: 9 տարեկանից աշխատելու համար՝ 16 տարեկանից ինձ թոշակավորել են: Բանակից վերադառնալուն պես կոլխոզում աշխատանքի եմ անցել` որպես սայլապան, հետո որպես բրիգադիր` 4-5 տարի, դրանից հետո էլ 14-15 տարի տրակտորիստ եմ եղել: «Տաթև» գէսում սոցիալիստական մրցույթներում՝ որպես կատարող` շինարարության լավագույն աշխատող եմ եղել մինչև 1978 թվականը, արժանացել եմ պարգևատրման: Այն ժամանակ տրակտորիստ էի: Գնացել էի Սիսիան, քննություն հանձնել ու վարորդական իրավունք ստացել: Երբ բրիգադիր էի, գիշերային կրթություն էի ստանում. 8-րդ դասարանում նստել եմ` 11-երորդով ավարտել: Հիտլերի տերը թաղեմ` չկարողացա մասնագիտական կրթություն ստանալ: 1930 թվին, երբ առաջին դասարան էի, իմ տարեկիցներով գյուղում 32 հոգի էինք, հիմա մարդ չկա, միայն ես եմ և 3 հոգի, էն էլ` քաղաքում են, իսկ գյուղում միայն ես եմ մնացել: Հիմա էլ 83 տարեկան եմ, բայց էլի աշխատում եմ իմ սեփական տնտեսությունում: Այստեղ աշխատանք չկար, զավակներս ` 7 դուստր և մեկ որդի ունեմ, թողեցին-փախան. երեքը Երևանում են, մեկը` Գյուրջովսկում, մեկը` Մոսկվայում… Ես և կինս մենակ ենք մնացել: Ես չաշխատեմ` ո՞վ աշխատի: Արդեն 100 հատ խոտ եմ կապել և դրել տանիքում…»,- վերհիշեց իր անցյալը Նիկոլայ պապը:

 

Տեսանյութեր

Լրահոս