Բաժիններ՝

Այսօր Նավասարդ է, Հայկի հաղթանակի ու հեթանոսական նոր տարվա 1-ին օրը

Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:

Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:

Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի և իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը ևս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր:

Նավասարդը Հայկական տոմարի առաջին ամիս: Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն:

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։

Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը։

Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։

Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:

Նավասարդը նաև եղել է բերքի տոն, և տոնախմբության վայրերում առատ բերքի համար զոհաբերություններ են մատուցվել , ժողովուրդը ճաշակել է իր աշխատանքի արդյունքը ու նաև հյուրասիրել օտարականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս