Հայկ Ալումյան. «Դատարանները ներկայացնում են օրենքից արտագրած փաստարկներ»

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը պարտվում է հին գործերով, և դրանցում մատնանշված օրենսդրական բացերն արդեն ուղղված են՝ այս պատճառաբանությունն արմատապես սխալ և չարդարացնող է,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով,- Մեր օրենքը լավը չէր, դրա համար էինք մենք Կոնվենցիան խախտում՝ ավելի թյուր փաստարկ հնարավոր չէ պատկերացնել»:

Փաստաբանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան հենց նրա համար է, որ Կոնվենցիայի ու ներպետական օրենսդրության միջև հակասության դեպքում կիրառվի առաջինը: Մինչդեռ ներպետական դատարանները՝ ներառյալ նաև Վճռաբեկ դատարանը, տեսնելով, որ ՀՀ օրենքը հակասում է Կոնվենցիային, 2005-2006-2007թթ. ամառորեն կիրառել են Կոնվենցիայի չափանիշներին հակասող ՀՀ օրենքը:

Հ. Ալումյանը դրական է համարում, որ ՄԻԵԴ-ում դատական պրակտիկայի հետ կապված խնդիրներին Վճռաբեկ դատարանն արձագանքում է, կայացնում նախադեպային որոշումներ: Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ նույն խնդիրները փաստաբանները բարձրացնում էին Վճռաբեկ դատարանի առջև, սակայն մնում էին անարձագանք և միայն ՄԻԵԴ դիմելուց հետո քայլեր ձեռնարկվեցին առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ:

Մասնավորապես, շտկվել է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին հակասող այն մտայնությունը, թե նախաքննության կամ դատաքննության ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող կիրառվել գրավը՝ որպես խափանման միջոց:

Շտկվել է նաև իրավիճակը, երբ նախաքննության ավարտը հայտարարելուց հետո մինչև դատաքննության նշանակումը անձը կալանքի տակ պահվում էր ավտոմատ՝ առանց կալանքի ժամկետը երկարացնելու:

Վճռաբեկ դատարանը շտկել է նաև իրավիճակը, ըստ որի՝ անձին կալանավորելու համար դատարան դիմած քննիչն ու դատարանը պաշպանական կողմին հնարավորություն չէին տալիս ծանոթանալ կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող նյութերին, պատճառաբանելով, թե դա նախաքննության գաղտնիք է:

«Եթե ՄԻԵԴ գնացած չլիներ, խնդիրը կմնար, ուղղակի Վճռաբեկը ՄԻԵԴ-ի վճռից մի քիչ շուտ էր խնդիրը լուծել»,- ասել է Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշել է, որ որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, խախտում ճանաչված դատարաններում ճաղավանդակների առկայությունը լրիվ վերացված չէ, մարզերում դրանք դեռևս գոյություն ունեն: «Երևանում 4 տարի է, ինչ վանդակները հանել են, և դա որևէ խնդիր չի առաջացրել, սակայն մարզերում դրանք շարունակում են մնալ»,- նշել է Հայկ Ալումյանը:

Ըստ փաստաբանի, չի շտկվել նաև կալանքի հետ կապված ամենակարևոր խնդիրը՝ դատարանները կալանավորման որոշում կայացնելիս ներկայացնում են ստանդարտ, օրենքից արտագրած փաստարկներ և ոչ թե կոնկրետ պատճառաբանություններ, թե ինչու անձը ազատության մեջ մնալով՝ կարող է թաքնվել քննությունն իրականացնող մարմնից, ազդեցություն գործել դատավարության մասնակիցների վրա և կամ կատարել նոր հանցանք: Փաստաբանը որպես զավեշտ է գնահատում գործերից մեկով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող այն փաստարկը, թե իր պաշտպանյալներն ու գործով վկաները բնակվում են նույն վարչական շրջանում:

«ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել այս հարցում, սակայն այն չի վերացվել և վերանալու միտում չունի»,- ասել է Հայկ Ալումյանը:

Տեսանյութեր

Լրահոս