Բաժիններ՝

Բեսթսելլերի հեղինակը երազում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Քրիս Բոհջալյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքն ԱՄՆ-ի բեսթսելլերների շարքում առաջատարներից է: Աշխատությունը գրելու նվիրական շարժառիթի, դրանով աշխարհին հղված իրական ուղերձների ու հայրենիք այցելության ծրագրերի մասին «Արմենպրեսը» զրուցել է արտերկրում ապրող մեր հայրենակից Քրիս Բոհջալյանի հետ:

Պարոն Բոհջալյան, «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը իրական պատմության վրա հիմնված վեպ է 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, դաժան կոտորածների միջով անցնած մարդկանց ու ատերկրում նոր կյանք սկսելու նրանց փորձերի մասին։ Ի՞նչը ստիպեց Ձեզ բարձրաձայնել այս թեման:

-Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես մտածել եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի վեպ գրելու մասին: 1990-ականներին ես այս թեմայով փորձեր եմ կատարել` գրելու գոնե մեկ աշխատություն «Ջրային վհուկներ» և «Մանկաբարձուհիները» գրքերիս ստեղծման ընթացքում: Չնայած պատմությունը խորապես հետաքրքրական է, սակայն գրեթե անհայտ է ամերիկացիներին: Դժբախտաբար, վեպը գրելու այդ վաղ փորձերը ձախողվեցին, սակայն հետագայում հիմք ծառայեցին այս գիրքը գրելու համար: Ես չեմ կատակում, դրանք ընդամնեը սիրողական փորձեր էին և ինձ դուր չէր գալիս գրածս:

2009 թ. հայրս հիվանդացավ: Նա ապրում էր Հարավային Ֆլորիդայում, իսկ ես` Վերմոնդում: Երբ այցելում էի նրան, մենք սովորության համաձայն նստում էինք միասին և փորփրում ընտանեկան հին լուսանկարները: Ես նրան խնդրում էի անընդմեջ ինձ պատմել տատիկիս և պապիկիս մասին, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը Կոստանդնուպոլսում: Նրան նաև հարցուփորձ էի անում իր մանկությունից: Նա այն եզակի ներգաղթյալներից էր, ով հավասարապես տիրապետում էր և հայերենին, և թուրքերենին` չնայած բնակվում էր Նյու Յորքի արվարձաններում: Ի վերջո, իմ լավ ընկերներից մեկը, ով լրագրող և ցեղասպանագետ է, հորդորեց ինձ ևս մեկ անգամ փորձել գրել այն, ինչը չափազանց կարեւոր է մեր ընտանիքի պատմության էջերում: Ընկերոջս` «The Armenian Weekly» պարբերականի խմբագիր Խաչիկ Մուրադյանի խորհրդով և փորձեցի գրել այն. այս անգամ ստացվեց:

Որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ վեպը Ձեր ընտանիքի պատմությունն է: Դժվար չէր գրել համաժողովրդականի մեջ սեփական ընտանիքի ապրած ցավի մասին: 

– Գրքում իմ պատմության մարմանվորողը` երրորդ դեմքով հանդես եկող հերոսուհի Լորա Պետրոսյանը, իմ իսկ գեղարվեստական կերպարն է: Արմեն Պետրոսյանը և Էլիզաբեթ  Էնդիքոթը կապ չունեն տատիկիս եւ պապիկիս` Լեո և Հայկուհի Բոհջալյանների հետ, այս կերպարները մտացածին են: Հալեպում եւ Դեր Զորում տեղի ունեցածի մասին իրապես դժվար էր ինձ համար գրել և նկարագրել: Եվ ամեն վայրկյան սիրտս դողում էր, երբ գրում էի երեխաների մասին պատկերող հատվածները: Մշտապես ահաբեկված էի, որ մի ինչ-որ վատ բան կպատահի 8-ամյա Խաթունի և նրանից մի փոքր մեծ ընկերուհու` Շուշանի հետ: Երբեք չեմ իմացել, թե գրքերիս պատմությունն ինչ ընթացք կստանա: Գրքերիս հերոսները ձեռքիցս բռնած միշտ ուղեկցել են ինձ պատմության մութ էջերով: Եվ այդ երեխաների ապահովությունն իսկապես անհանգստացնում էր ինձ: Այլ կերպ ասած` ես այնքան նյարդայնացած էի, որքան Լորա Պետրոսյանը, երբ վերարտադրում էի երիտթուրքերի սարսափելի ոճրագործությունները և այն ուղին, որով Թուրքիան և նրա դաշնակիցներն այսօր շարունակում են ժխտել Ցեղասպանությունը:

Անդրադառնանք խորագրի ընտրությանը` ինչո՞ւ «Ավազե ամրոցի աղջիկները»:

– Երբ Էլիզաբեթ Էնդիկոթը մտածում է ավազի մասին, նա հիշում է Մասաչուսեթսի Քեյբ-Քոդի ավազաթմբերը, երբ Խաթունն է մտածում ավազի մասին, նա հիշում է Հալեպով մղձավանջային երթը, մոր և քրոջ դաժան սպանությունները: Գրքի վերնագիրը տարբեր պատկերների հակադրություն է, որը գալիս է նրանց մտքին, երբ մտածում են ավազի մասին: Եվ իհարկե, ամենակարևորը, ավազե ամրոցներն ամուր չեն. նրանք սովորաբար երկար չեն գոյատևում:

– Ինչո՞ւ եք աշխատանքը նվիրել Ձեր զոքանչ Սոնդրա Բելուերի և հայրիկի՝ Արամ Բոհջալյանի հիշատակին:

– Կնոջս մայրը և հայրս մահացել են 2011թ. ամռանը, գրեթե այն ժամանակ, երբ վերջացնում էի գիրքս: Կցանկանայի, որ նրանք շարունակեին ապրել և տեսնեին գիրքս: Այն մեծ նշանակություն կունենար նրանց համար:

– Ձեր նախորդ գրքերից շատերը ներկայացվել և ճանաչում են գտել նաև Թուրքիայում: Այս գրքի համար ի՞նչ ճակատագիր եք կանխատեսում: Ի՞նչ արձագանք կա Թուրքիայից:

– Մինչ այս պահը, Թուրքիայից դեռևս նորմալ արձագանք չի եղել: Ես շատ կոգեւորվեմ, երբ տեսնեմ, որ գիրքս հրատարակվել է այնտեղ:

– Այս գիրքը համարել եք լավագույնը, որ երբևէ կգրեք: Կարո՞ղ ենք ակնկալել, որ այն մի օր կհայտնվի մեծ էկրաններին` արդեն ֆիլմի տեսքով:

– Այս պահին գրեթե անհնար է որևէ ֆիլմ նկարահանել` հատկապես պատմական: Սակայն երեք շաբաթ անընդմեջ գիրքը հայտնվել է Նյու Յորք Թայմսի «բեսթսելլերի» ցուցակում, ինչը կարող է օգնել: Այդուհանդերձ, ես կշարունակեմ պայքարել այդ գաղափարի իրագործման համար:

– Որքանո՞վ նման բովանդակության գրքերը կօգնեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելուն:

– Ես ամբողջ սրտով երազում եմ դրա մասին: Սա այն միակ պատճառներից է, որի համար գրել եմ գիրքը, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ փորձությունների միջով է անցել մեր ժողովուրդը:

Ձեր հեղինակած գրքերը տարբեր պարբերականների կողմից ճանաչվել են որպես ամենից շատ վաճառվող: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, ի՞նչ է հետաքրքրում ժամանակակից ընթերցողին:

– Այն իսկապես խիստ տարբերվող գիրք է: Ես համոզված եմ, որ իմ ընթերցողներին անհրաժեշտ են կերպարներ, որոնցով շատ հետաքրքրված են և պատմություններ, որոնք նրանց հուզում են: Հուսամ, նրանք կառաջնորդվեն իմ պատմություններով և ինչ-որ բան կվերցնեն այնտեղից: Վստահ եմ, որ նրանք չեն ցանկանա, որ նմանատիպ բովանդակությամբ երկրորդ գիրք գրեմ:

– Ունե՞ք Հայաստան գալու և գիրքն այստեղ ներկայացնելու առաջիկա պլաններ:

– Այո, ունեմ: Չնայած Հայաստան այցելելու ժամկետը վերջնականապես որոշված չէ, սակայն հույս ունեմ, որ շուտով Երեւան կգամ:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս