Բաժիններ՝

«Էկոլոգիական հանձնաժողովը կգործի, եթե քաղաքացին կարողանա ազդել որոշումների վրա»

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սույն թվականի օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցել են նաև «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: Նախօրեին մենք հրապարակել էինք մեր դիրքորոշումը՝ հանձնաժողովի աշխատանքներին մեր մասնակցությունը պայմանավորելով այդ մարմնի իրական լիազորությունների և որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցության իրական մեխանիզմների առկայությամբ:

Նիստի ընթացքում մենք բարձրացրել ենք այդ հարցերը, ինչպես նաև Երևանի հանրային տարածքների ոչնչացման ահռելի ծավալների, Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքից բազմաթիվ շեղումների և ոտնահարումների ու նման դեպքերում քաղաքացիների կողմից քաղաքապետարանի որոշումների վրա ազդելու և նախագծերի օրինականությունը ճշտելու հնարավորության հիմնախնդիրները:

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը հավաստիացրել են, որ բոլոր նշված հարցերը քննարկվելու են հանձնաժողովի կողմից, և որ հանձնաժողովի տված եզրակացությունները որիշիչ դեր են ունենալու քաղաքապետարանի կողմից կայացվող համապատասխան որոշումների համար:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից մասնավորապես բարձրացվել են հետևյալ հարցերը.

– Քաղաքաշինական նախագծերի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելուց առաջ քաղաքապետարանը պետք է իրազեկի քաղաքացիներին դրանց մասին՝ ապահովելով նրանց իրական մասնակցությունը որոշումների կայացմանը (հանրային լսումներ, բաց քննարկումներ և այլն):

– Անկախ հանգամանքներից՝ գերակա պետք է լինի Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը և դրանում նշված որևէ կանաչ քառակուսի չպետք է կառուցապատվի:

– Ցանկացած ահազանգի դեպքում քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան քաղաքապետարանից ամբողջական տեղեկատվություն ստանալ խնդրի վերաբերյալ:

– Ապօրինի շինարարության և ծառահատման մասին ահազանգ ստանալու դեպքում քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները պետք է անհապաղ արձագանքեն և դադարեցնեն այդ աշխատանքները և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմեն իրավասու մարմիններին:

Հանձնաժողովի անդամ մասնագետ էկոլոգները ևս բազմաթիվ հրատապ հարցեր են բարձրացրել և ընդհանուր առմամբ հաստատել այն փաստը, որ Երևանը կանգնած է էկոլոգիական լրջագույն խնդիրների, հանրային տարածքների կորստի և անապատացման առջև: Բացի այդ, խնդիր կա նաև տարբեր մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության և բնապահպանության նախարարության աշխատանքների համակարգման հարցում: Շատ հաճախ այս կառույցների քայլերը և կայացրած որոշումները հակասում են միմյանց:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը մասնակցության դեպքում փորձելու է օգտագործել այս հանձնաժողովը՝ հետևյալ հարցերում իրական արդյունքների հասնելու համար.

– Քաղաքացիների համար ստեղծել իրական մեխանիզմներ քաղաքաշինական ծրագրերի օրինականությունը պարզելու և նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը հնարավոր դարձնելու համար:

– Վեր հանել Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի բոլոր խախտումները և ապահովել դրա պահանջների կատարումը:

– Պատասխանատուներին ներկայացնել վերջին ամիսների ընթացքում քաղաքացիների կողմից հավաքված հանրային գոտիների ոչնչացման բազմաթիվ առանձին դեպքերը և հետամուտ լինել օրինականության վերականգնմանը:

– Բացահայտել հատակագիծ-օրենքի և այլ օրենքների խախտումներով հաստատված բոլոր որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և հետամուտ լինել, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն իրենց կայացրած օրինազանց որոշումների համար:

Մեր կարծիքով էկոլոգիական հանձնաժողովն իր նիստերում պետք է քննարկման առարկա դարձնի նաև մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը և համապատասխան միջնորդությամբ դիմի նաև քաղաքապետին և իրավասու մարմիններին: Պատասխանատվության կանչվելու և ենթարկելու դեպքերում միայն կարող են հաստատվել կարգուկանոն և յուրաքանչյուր պետական և տեղական ծառայողի պարտավորեցնել գործել միմիայն Սահմանադրության և օրենքի շրջանակներում:

Մենք կարծում ենք նաև, որ քաղաքապետարանը պարտավոր է հաշվետու և թափանցիկ լինել քաղաքացու առջև և ծառայել հանրային շահին: Մեր բոլոր քայլերի մասին մենք կտեղեկացնենք հրապարակավ և ամեն ինչ կանենք, որ վերոհիշյալ հարցադրումները և պահանջները իրական լուծումներ ստանան»:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս