«Ճանապարհային քարտեզ» կամ՝ Հայաստանը քարտեզից դուրս
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկ Մոսկվայում կայացած հանդիպումը, ինչպես և կարելի էր սպասել, չտվեց կուտակված հարցերի պատասխանը, որոնցից առաջինը վերաբերում էր Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը: Պատասխաններ չհնչեցին պաշտոնական հաղորդագրություններում ու երկու երկրների նախագահների ասուլիսում: Սակայն դրանցում հնչեցին մի քանի մտքեր, որոնք անուղղակիորեն վկայում են Հայաստանի համար հարցի լրջության և անցանկալի հեռանկարների մասին:
Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողով կոչվող ինչ-որ կառույցի, որը, ինչպես երեկ հայտարարել է Պուտինը, արդեն ձևավորվել է և իր առաջին նիստը կանցկացնի այս տարվա աշնանը: Այս հայտարարությունը զարմանալի է այն առումով, որ նման հանձնաժողով, ըստ էության, եղել է միշտ, սակայն այն ակտիվացել է տարբեր ժամանակներում: Ընդ որում, յուրաքանչյուր նման դեպքում` ի վնաս Հայաստանի: Ռուսաստանին մոտ 100 միլիոն պարտքի դիմաց Հայաստանի ռազմավարական օբյեկտների հանձնումը ևս տեղի ունեցավ նման մի կառույցի` Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի միջոցով, որի հայկական կողմի համանախագահն, ի դեպ, այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էր: Սակայն ավելի վտանգավոր է այն, ինչ այդ հանձնաժողովի գործունեության մասին ասել է Վլադիմիր Պուտինը: «Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիրն ու պատրաստել ճանապարհային քարտեզ»,- հայտարարել է նա: «Ճանապարհային քարտեզ» արտահայտությունն ինքնին արդեն մտածելու տեղիք է տալիս, քանի որ միջպետական հարաբերություններում այն սովորաբար օգտագործվում է վիճելի հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու պարագայում: «Ճանապարհային քարտեզ» եզրույթը պարբերաբար շրջանառության մեջ է հայտնվում, օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Տնտեսական կապերի առնչությամբ, սակայն, «Ճանապարհային քարտեզ» արտահայտության օգտագործումը, մեղմ ասած, տարօրինակ է: Այսինքն` խնդիրը կրկին վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը: Հնարավոր է՝ հայկական կողմի խնդրանքով, նման խուճուճ ձևակերպում է տրվում առժամանակ այդ հարցը հանրային քննարկումից հանելու նպատակով: Պատահական չէ, որ արդեն այսօր իշխանական որոշ փորձագետներ ու քաղաքագետներ խոսում են Եվրասիական միության հարցի արդիական չլինելու, «ավելի կարևոր խնդիրները թողած»՝ այդ խնդիրն արհեստականորեն թեժացնելու մասին: Դատելով այս և մի շարք այլ ազդակներից, զգացվում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Եվրասիական միությանն անդամակցելու հարցը հանել օրակարգից, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ գոնե այս պահին զարգացումները, մեղմ ասած, հուսադրող չեն: Դա նկատելի է նաև Վլադիմիր Պուտինի մեկ այլ հայտարարության մեջ: «Մենք պայմանավորվել ենք ստեղծել խառը հանձնաժողով, որը պետք է դիտարկի` ինչպե՞ս կարելի է Մաքսային միության շրջանակում օգտագործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միջև վերջին պայմանավորվածությունները, միասնական տնտեսական տարածքը Հայաստանի համար` նկատի ունենալով, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք»,- ասել է Պուտինը, փաստորեն շարունակելով Հայաստանի իշխանությունների անունից հայտարարություններ անելու՝ արդեն ավանդույթ դարձող սովորությունը: Պուտինն, այսպիսով, գրեթե ուղղակիորեն` անգամ նույն ձևակերպումներով հակադրվել է առայժմ Հայաստանի կողմից հնչած միակ պաշտոնական դիրքորոշմանը, որն արտահայտել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս` հղում անելով հենց ընդհանուր սահմաններ չունենալու փաստին, ասել էր, որ Մաքսային միությունը Հայաստանի համար օգտակար լինել չի կարող: Այսինքն` մասնակցելով նման հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանն արդեն դե ֆակտո հրաժարվում է Եվրասիական միությանն անդամակցելու պարտադրանքից հրաժարվելու դիրքորոշումից: Ընդ որում, հաշվի առնելով մոսկովյան հանդիպումներից հետո հնչած հայտարարությունների ընդհանուր ֆոնը` կարելի է եզրակացնել, որ ռուսները կիրառում են իրենց հատուկ` տնտեսական շանտաժի մեթոդոլոգիան: Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին ուղղվող 1 մլրդ դոլար տրանսֆերտների մասին Պուտինի հիշատակումը, Սերժ Սարգսյանի հայտարարությունը` գազի գնի շուրջ «շուկայական գնից» բխող սակագնի վերաբերյալ համաձայնության հանգելու մասին, ռուսական փորձագիտական շրջանակների «կարծիքները», որ հայկական ապրանքները, Ռուսաստանի շուկայից բացի, գնալու այլ տեղ չունեն, ըստ էության, նշանակում են հետևյալը. եթե չհամաձայնվեք անդամակցել Եվրասիական միությանը, ապա Հայաստանին տնտեսապես «կսեղմենք»:
Հետաքրքիր է, թե առաջիկայում այս խնդրի շուրջ ինչ ազդակներ կստացվեն արևմտյան քաղաքական ու փորձագիտական շրջանակներից: Եթե Արևմուտքն իսկապես շահագրգիռ է, որպեսզի Հայաստանը չանդամակցի պուտինյան այդ կառույցին և շարունակի եվրոինտեգրումը, ապա պետք է հասկացնի, որ այդ դեպքում կաջակցի Հայաստանին՝ ռուսական «տնտեսական հարձակումներից» պաշտպանվելու հարցում: