Արոսենու մեջ կան եթերային յուղեր և ուրիշ այլ օրգանական միացություններ
Արոսի, Рябина обыкновенная, Sorbus aucupariay
Հայկական տարանուններն են՝ արոսենի, սրահացի, սին:
Վարդազգիների ընտանիքին պատկանող ծառատեսակ է, մեկ կամ մի քանի բնանի` 5-15 մ բարձրությամբ, տերևները` կենտ-փետրաձև, ատամնավոր-սղոցաձև: Ծաղիկները մանր են, սպիտակ, նշենու սուր հոտով: Պտուղները կլոր են և հյութալի, կլոր կարմրանարնջագույն` 3-5 սերմերով: Վաղ աշնանային ցրտահարությունից հետո արոսի պտուղները ստանում են հաճելի կծվաթթվային համ: Հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Արոսենին տարածված է երկրի անտառային և անտառատափաստանային շրջաններում. Ուրալում, Սիբիրում, Միջին Ասիայում, Կովկասում, Անդրկովկասում: Մեզանում մշակվում է շատ վաղուց, որպես դեկորատիվ և սննդատու բույս: Փարթամորեն աճում է բնակավայրերի շրջակայքում, այգիներում, պուրակներում: Առատ պտղաբերում է անտառի եզրերում և բացատներում: Խիտ անտառներում արոսին վատ է զարգանում: Ապրում է շուրջ 00 տարի: Նախկին ԽՍՀՄ-ում աճում էր արոսենու 34 տեսակներ, մի քանիսը՝ նաև Հայաստանում: Լավագույն ծառատեսակները տալիս են մինչև 30-40 կգ բերք: Պտուղը պարունակում է մինչև 4,5 տոկոս ֆրուկտոզա, 3,8 տոկոս գլյուկոզա, 0,7 տոկոս սախարոզա և զգալի քանակությամբ սորբոզա: Օրգանական թթուների ընդհանուր քանակությունը հասնում է 3,6 տոկոսի, որից 2,8 տոկոսը բաժին է ընկնում խնձորաթթվին, մնացածը` մյուս թթուներին (գինեթթու, սորբինաթթու):
Արոսենու մեջ կան եթերային յուղեր և ուրիշ այլ օրգանական միացություններ: Սննդի մեջ օգտագործում են արոսի միայն պտուղները:
Արոսից պատրաստում են տարբեր տեսակի մուրաբաներ, կվասներ, դոնդողակներ (желе), քացախ, գինիներ, ըմպելիքներ, թեյի հավաքներ (сбор) և այլն:
Մուրաբա արոսից
- Վերցնել 1 կգ պտուղ, 1,5 կգ շաքար և 2 բաժակ ջուր:
- Ընտրած և լավ լվացած պտուղները լցնել սառը շաքարաջրի մեջ: Հաջորդ օրը օշարակը քամել, եռացնել և կրկին սառեցնելով` լցնել պտուղների վրա: Պահել մեկ օր և հաջորդ օրը եփել թույլ կրակի վրա, մինչև պատրաստ լինելը:
Արոսի մուրաբա խնձորի խառնուրդով
- 1 կգ արոսի պտուղներ, 0,5 կգ խնձոր, 2 կգ շաքար, 2 բաժակ ջուր:
Խնձորը շերտ-շերտ կտրտել, խառնել նախօրոք երկու րոպե 2 տոկոսանոց աղի լուծույթի մեջ եփված արոսի պտուղներին: Ավելացնել շաքարաջուրը և եփել մինչև մուրաբայի պատրաստի լինելը:
Արոսի հյութ
- 2 կգ պտուղ և 2 լիտր ջուր:
Լվացած արոսի պտուղները լցնել ջրի մեջ և թեթևակի եփել մինչև փափկելը: Այնուհետև զանգվածը անցկացնել մաղով, հյութը 15 րոպե ենթարկել ջերմամշակման, լցնել ապակե տարաների մեջ և պահել:
Արոսի հյութ շաքարով
- 500-600 գ արոսի հյութ, 400-500 գ 35 տոկոսանոց օշարակ: Արոսի հյութը լցնել շաքարաօշարակի վրա, հասցնել եռման, սառեցնել, լցնել շշերը և օգտագործել:
Արոսի կիսել
- 2 ճաշի գդալ արոսահյութ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 2 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա:
Հյութը լցնել շաքարավազի վրա և ավելացնել 1 բաժակ ջուր, թողնել մինչև եռալը: Աստիճանաբար մնացած ջրի մեջ ավելացնել բացված օսլան և եփել մինչև թանձրանալը:
Արոսի կիսելը շատ օգտակար է երեխաների աճի և զարգացման համար:
Թեյ արոսով
- 300 գ արոսի չորացրած պտուղներ, 50 գ չորացրած ազնվամորու պտուղ և 25 գ հաղարջենու չորացրած տերև: Բոլոր բաղադրամասերը խառնել և օգտագործել՝ որպես թեյի եփուկ:
Ըմպելիք արոսից
- 2 ճաշի գդալ արոսի հյութ, 4 ճաշի գդալ մեղր, 4 ճաշի գդալ լոռամրգի օշարակ: Բոլոր բաղադրամասերը խառնել, սառեցնել: Հրամցնել պաղպաղակով կամ սերուցքով:
Արոսի կվաս
- 1 կգ արոսի պտուղ, երկու բաժակ շաքարավազ, 4 լ ջուր, 10 գ խմորիչ (дрож): Պատրաստել այնպես, ինչպես լոռամրգի կվասը: