«Հայաստանում բացակայում է վաճառքի էթիկան»
Այս կարծիքին են հայաստանյան խանութներից գնումներ կատարած զբոսաշրջիկները:
Ավստրիան ժամանակակից երկիր է, որն իր այցելուներին գրավում է և՛ մշակութային ժառանգությամբ, և՛ մշակութային իրադարձություններով, տեսարժան վայրերով… Երկիր, որը գրավում է նաև գնումների` shopping-ի սիրահար իր այցելուներին: Վիեննայում գնումներ կատարելիս հաճույք ես ստանում` թե՛ հարմարավետության տեսանկյունից, թե՛ ֆինանսական ցանկացած հնարավորությանը հարմար տեսականիով լի խանութներից, թե՛ սպասարկման կուլտուրայից: Շքեղ խանութներ, որոնք կարող են բավարարել ցանկացածի պահանջները՝ անկախ գրպանի պարունակությունից: Կապ չունի` Վիեննա եք այցելել որպես զբոսաշրջիկ և պարզապես ցանկանում եք փոքրիկ հուշանվե՞ր տանել, թե՞ Վիեննա ձեր այցելության հիմնական նպատակը գնումներ կատարելն է: Վիեննայում հնարավոր է գտնել ամեն ինչ և ցանկացած գումարի սահմաններում: Ապրանքատեսականին և դրանց ձեռքբերման վայրերը բազմազան են. աշխարհահռչակ ապրանքանիշերի համանուն խանութներից՝ մինչև սովորական, ոչ այդքան թանկ ապրանքանիշերի վաճառակետեր: Քաղաքի կենտրոնական փողոցները լի են հնարավոր ամեն տեսակի վաճառակետերով: Իսկ կենտրոնական փողոցները հատկապես ակտիվ զբոսաշրջային շրջանում չափազանց մարդաշատ են: Հնարավոր գնումների կենտրոնը, բնականաբար, համարվում է Վիեննան:
Այստեղ մի քանի փողոցներ կան, որտեղ իրենց ողջ օրն են անցկացնում զբոսաշրջիկները՝ Կերնտներշտրասսե, Ռիգշտրասսե և Մարիահիֆելշտրասսե փողոցները, որտեղ տարվա ցանկացած եղանակին մոգական ձգողականությամբ իրենց մոտ են կանչում թե ավստրիացիներին և թե, պարզապես, Վիեննայի հյուրերին: Վիեննայի գրավիչ խանութներից բացի, Վիեննայի հարևանությամբ է գտնվում Եվրոպայի ամենամեծ գնումների կենտրոնը՝ Դիզայներ Աուտլետ Պարնդորֆը, որտեղ համախմբված են 150 խանութներ և բուտիկներ: Այստեղ աշխարհահռչակ ապրանքանիշերի ապրանքները զգալի ցածր գներով են վաճառվում: Որպես կանոն` Եվրոպայի մի շարք երկրներից Պանդորֆ են մեկնում թե սովորական գնումների և թե մեծածախ գնումների սիրահարները:
Ավստրիան գնումների տեսանկյունից առավել գրավիչ է զեղչերի շրջանում: Տարվա ընթացքում երկու անգամ ավստրիական խանութները, որոնք հիմնականում հագուստեղեն և կոշկեղեն են վաճառում, այդ տարվա տեսականու համար զեղչային ակցիաներ են անցկացնում: Forever21 խանութի աշխատող-մենեջեր Ժոզեֆա Մայերը 168.am-ի այն հարցին, թե որքանո՞վ ակտիվ են անցնում զեղչային ակցիաները, պատասխանեց. «Իրականում բոլորը կարծես սպասում են այս ամիսներին: Մեր խանութը տարեկան երկու անգամ մեծ զեղչերի ակցիաներ է անցկացնում, որոնց ժամանակ հիմնականում մինչև 75-80% զեղչեր ենք հայտարարում: Անգամ լինում է ժամանակ, երբ մեկ ապրանք գնելուց հետո՝ երկրորդը նվեր են ստանում: Նույնիսկ հավատարիմ հաճախորդներ ունենք, որոնց հատուկ անակնկալներ և նվերներ են սպասվում մեզ մոտ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հաճախորդը մեզանից չհիասթափվի»: Նմանատիպ կարծիք արտահայտեց մեր զրուցակից Էնին, ով «Մանգո» ապրանքանիշի խանութի ներկայացուցիչն էր: Նրա համոզմամբ` Վիեննայում չենք գտնի որևէ խանութ, որի հիմնական քաղաքականությունը չլինի հաճախորդին գրավելը: Նույնիսկ ապրանքների հետ վերադարձը՝ սպառողի ցանկությամբ, չի խանգարում նրանց իրականացնել ողջ տեսականու վաճառքը:«Մենք աշխատում ենք մեր հաճախորդների համար»,- մեկնաբանեց Էնին:
Նույնը, սակայն, չի կարելի ասել Երևանում գտնվող խանութների և դրանց կողմից իրականացվող զեղչային ակցիաների մասին: Որպես կանոն՝ Հայաստանում իրականացվող զեղչերի ընթացքում խանութի աշխատողների կողմից քաղաքացիներն արժանանում են հատուկ «կոպիտ» վերաբերմունքի: Չէ՞ որ մարդիկ այդպիսով էժան ապրանք են ձեռք բերում: Իրականում այդ զեղչերը ձևական բնույթ են կրում Հայաստանում:
Ապրանքի գները եռակի-քառակի թանկ են վաճառում, ապա որոշակի էժանացնում են: Հիրավի, Հայաստանում բացակայում է վաճառքի էթիկա հասկացողությունը: Այդ մասին անգամ հաստատում են Հայաստան այցելողները, ովքեր եղել են երևանյան խանութներում՝ մասնավորապես զեղչերի ժամանակ: Ըստ զբոսաշրջիկների` տպավորություն է, թե երևանյան վաճառողուհիները որսի են դուրս գալիս, և իրենց ուրախությանը չափ ու սահման չի լինում, երբ տեսնում են արտասահմանցի որևէ գնորդի:
Իսկ գնված ապրանքը հետ վերադարձնելու կանոնակարգի մասին խոսելն անիմաստ է: Այդքան բարեհամբույր՝ Երևանում գնված ապրանքը երբեք ետ չեն ընդունում: Ավելին, խանութներում հատուկ ցուցանակ են տեղադրում՝ «Գնված ապրանքը հետ չի ընդունվում»: