Որտե՞ղ են հանգստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, և ի՞նչ արժե նրանց հանգիստը

Ֆրանսիայի` Միություն հանուն ժողովրդական շարժման քարտուղար Ժոֆրուա Դիդյեն հայտարարել է, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆորտ Բրեգանսոն նստավայրում իր արձակուրդի համար պետք է վճարի սեփական գրպանից: Ըստ
RFI-ի` Դիդյեն հաշվել է, որ երեքշաբաթյա հարմարավետ հանգիստը նախագահի վրա կնստի մի քանի հազար եվրո: «Եթե մենք ունենք նորմալ նախագահ, ապա նա հանգստի կմեկնի գնացքով և կվճարի իր արձակուրդի համար, ինչպես յուրաքանչյուր ֆրանսիացի»,- ասել է Միություն հանուն ժողովրդական շարժման քարտուղար Ժոֆրուա Դիդյեն: Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ֆրանսուա Օլանդը` իր փաստացի կնոջ՝ Վալերի Տրիերվեյլերի հետ, հինգշաբթի օրը եղել է Բրեգանսոնի նստավայրում, որը 1968 թվականից համարվում է հանրապետության նախագահների պաշտոնական նստավայրը:

Մինչ Ֆրանսուա Օլանդը` այնտեղ իրենց ամառային արձակուրդներն են անցկացրել Ժորժ Պոմպիդուն, Վալերի Ժիսկար Դ`Էստենը, Ժակ Շիրակը և Նիկոլա Սարկոզին:
Հայաստանում նման հարց բարձրացնելը, նմանատիպ քննարկումն անգամ կարող է դիտվել որպես «պետականության հիմքերը խարխլելու փորձ»:

Հայաստանի հասարակությունը երբեք չի տեղեկացվում այն մասին, թե որտեղ են հանգստանում բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը: Այս պաշտոնյաների մամուլի ծառայությունները, լավագույն դեպքում, սահմանափակվում են` իրենց հաղորդագրություններում նշելով, որ տվյալ պաշտոնյան իր արձակուրդը կամ արձակուրդի մի մասն անցկացնելու է արտերկրում:

Օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանի կայքէջում նրա արձակուրդի մասին ընդամենը նշված է. «Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»: Գրեթե նույնաբովանդակ տեղեկատվություն է տրամադրվում նաև վարչապետի, ԱԺ նախագահի արձակուրդային ուղևորությունների մասին: Այդ հաղորդագրություններում, բնականաբար, չի երևում, թե արտերկրի ո՞ր պետությունում, ո՞ր հանգստավայրում, ինչպիսի՞ համարներում են հանգստանում մեր պաշտոնյաները:

Այստեղ, իհարկե, կարելի է բազմաթիվ հակափաստարկներ ներկայացնել` սկսած անվտանգության նկատառումներով այդ հարցերը գաղտնի պահելու անհրաժեշտությունից, մինչև անձնական կյանքի անձեռնմխելիություն: Բայց չէ՞ որ նույն և շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն նաև այլ պետությունների, այդ թվում` և, առաջին հերթին, խոշոր տերությունների ղեկավարները: Մի՞թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն անվտանգության ապահովման ավելի նվազ կարիք ունեն, քան ՀՀ ղեկավարները: Համապատասխան ծառայության աշխատակիցների խնդիրը նաև հրապարակայնության պայմաններում իրենց պաշտպանյալների անվտանգության ապահովումն է, ինչը, բնականաբար, որևէ մեկը չի վիճարկում:

Ինչ վերաբերում է անձնական կյանքի անձեռնմխելիությանը, ապա դա ևս համոզիչ փաստարկ չէ: Բացի այն, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ինքնին հանրային գործիչներ են, նրանց արձակուրդային և մյուս վոյաժները կատարվում են հարկատուներ, այսինքն՝ քաղաքացիների վճարած միջոցներով: Հենց այդքանով հանրությունն իրավունք ունի տեղյակ լինելու, թե իրենց վճարած հարկերով նախագահը կամ վարչապետը որտե՞ղ են հանգստանում, և ի՞նչ արժե նրանց հանգիստը: Դա կոչվում է հրապարակայնություն և հաշվետվողականություն, տերմիններ, որոնք, հատկապես վերջին տարիներին, շատ հաճախ են օգտագործում մեր պետական պաշտոնյաները: Խնդիրը պետք չէ դիտարկել պոպուլիստական հարթությունում, այսինքն` այն տրամաբանության շրջանակներում, թե «էս աղքատ երկրի պաշտոնյաները ո՞նց կարող են թանկարժեք հանգիստ ունենալ»: Հակառակը` ընդունենք, որ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու մնացած բարձրաստիճան պաշտոնյաները տարվա ընթացքում իրենց չխնայելով՝ աշխատում են հանուն հայրենիքի, և վաստակած հանգստի (նույնիսկ թանկարժեք) իրավունք ունեն: Բայց ինչո՞ւ հասարակությունը չպետք է իմանա այդ մասին: Ի դեպ, հետաքրքիր է, որ նման հարցադրում չեն բարձրացնում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես, օրինակ, նույն Ֆրանսիայում: Այն դեպքում, երբ Ֆրանսուա Օլանդի ծախսած մի քանի հազար եվրոն, մեր պաշտոնյաների ծախսածի համեմատությամբ, ծիծաղելի գումար է: Ի դեպ, հետաքրքիր է, որ պաշտոնյաների հանգստի վերաբերյալ երբևէ չեն խոսում անգամ ամենամոլի ընդդիմադիրները: Իսկ գուցե այն պատճառով, որ ընդդիմադիր ուժերից շատերի ղեկավարները և՞ս պաշտոնյաների հանգստից չտարբերվող արձակուրդային վոյաժներ են ունենում:

Հ.Գ. Համապատասխան պետական պաշտոնյաների մամլո խոսնակները կամ մամուլի ծառայությունները նյութի վերնագիրը կարող են ընդունել՝ իբրև իրենց ուղղված հարց:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս