Բաժիններ՝

Google-ով այսօր հնարավոր է մարդու մասին գրեթե ամեն ինչ իմանալ

Մաթեմատիկոս, ֆ.-մ.գ.թ. Կարեն Իսպիրյանը մինչ վերջերս ապրում էր Հարավային Կորեայի Սուվոն քաղաքում և աշխատում էր «Samsung Electronics» կորպորացիայում: Այս օրերին նա գտնվում է հայրենիքում: Ձեզ ենք ներկայացնում 168.am-ի հարցազրույցը Կարեն Իսպիրյանի հետ:

Ներկայիս տեխնոլոգիական ժամանակաշրջանում որքանո՞վ է մարդը պաշտպանված գաղտնալսումներից:

– Այդ ամենը կախված է նրանից, թե մարդն ինչի՞ց է օգտվում: Կան լավ պաշտպանված և ոչ այդքան լավ պաշտպանված համակարգեր: Բացի այդ, շատ մեծ նշանակություն ունեն տվյալ անհատի գիտելիքները և այն, թե նա ինչպե՞ս է տնօրինում իր գաղտնի ինֆորմացիան: Օրինակ, մարդիկ հաճախակի սխալ են ընտրում իրենց էլեկտրոնային փոստի գաղտնաբառը: Որոշում են ընտրել մի բան, որ հեշտ է հիշվում. օգտագործում են շատ կարճ կամ իրենց հետ սերտորեն կապված բառեր, օրինակ՝ հարազատների անունները, նրանց ծննդյան թվերը, և այլն: Դրա հետևանքը կարող է լինել այն, որ ամեն մարդ, որ ձեզ ճանաչում է կամ ձեր մասին ինֆորմացիա ունի, հեշտությամբ կարող է մի քանի տարբերակներ փորձելով` գտնել գաղտնաբառը և տիրանալ ձեր էլ. փոստում եղած ողջ ինֆորմացիային: Այսինքն՝ եթե դուք օգտվում եք Google mail-ից, Hotmail-ից, Yahoo-ից կամ որևէ նմանատիպ ժամանակակից  և գրագետ նախագծած համակարգերից, դրանք բավական լավ պաշտպանված են, սակայն խնդիրը, տվյալ դեպքում, դրանք օգտագործողի մեջ է:

Իսկ եթե օգտագործողը լավ գաղտնաբառ է ընտրում, որքանո՞վ է նա պաշտպանված հեռահաղորդակցության տարբեր ժամանակակից միջոցներից օգտվելիս, օրինակ՝ էլ. փոստի, բջջային հեռախոսի, Skype-ի դեպքում:

Կարդացեք նաև

– Բացարձակ պաշտպանություն մարդկությունը դեռ չի ստեղծել,  և ժամանակակից դարաշրջանում, եթե խոսքը վերաբերում է սովորական մարդուն, ապա նա դեռ լավ պաշտպանված չէ: Իհարկե, այդ ուղությամբ մեծ աշխատանք է տարվում, սակայն լուծելու դեռ բավականին խնդիրներ կան: Եթե համակարգիչը միացված է համացանցին, ապա ինչ-որ մեկը, ով համապատասխան գիտելիքներ և տեխնիկական պատրաստվածություն ունի, կարող է ներխուժել ձեր համակարգիչ և տեսնել այնտեղ զետեղված ինֆորմացիան, իսկ ցանկության դեպքում՝ ամբողջությամբ տնօրինել այն: Այս ամենից խուսափելու համար համակարգչի անվտանգության հետ կապված հարցերում պետք է բավական գիտակ և զգույշ լինել: Հարկավոր է օգտագործել ժամանակակից հակավիրուսային և ինտերնետային կապի անվտանգությունն ապահովող ծրագրեր: Այս ծրագրերի հետ կապված՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ մատնանշել, թե որքան կարևոր է գիտենալ դրանց ճիշտ օգտագործման ձևը: Նման ծրագրերի առկայությունը զգալիորեն բարձրացնում է անվտանգության աստիճանը, եթե օգտագործողը հետևողաբար թարմացնում է վերջիններիս տվյալների բազան, հակառակ դեպքում, ծրագրերը դառնում են անզոր՝ ժամանակի ընթացքում հայտնված նոր վտանգների նկատմամբ, և ձեր պաշտպանվածության զգացողությունը սկսում է կրել զուտ հոգեբանական բնույթ:

Խոսելով սովորական ռադիոկապով հեռախոսների մասին, նշեմ, որ դրանց մեծ մասը գրեթե պաշտպանված չէ, և մարդիկ, համապատասխան սարքավորումների միջոցով, կարող են լսել ձեր խոսակցությունը: Այս առումով բջջայիններն ավելի պաշտպանված են: Իհարկե, հին սերնդի 2G բջջային կապն այդ իմաստով լավը չէր, սակայն նոր սերնդի 3G/4G բջջային ցանցերն արդեն շատ ավելի լավ են պաշտպանված, և, եթե բջջային օպերատորը հնարավորություն չի տվել, որպեսզի հատուկ մարմինները կարողանան հեռախոսային խոսակցությունը լսել, ապա դա անել հնարավոր չի լինի: Սակայն դա արդեն  Սահմանադրության կամ այդ ընկերությունների և հատուկ ծառայությունների միջև համագործակցության խնդիր է:

Այսինքն՝ ժամանակակից բջջային հեռախոսները պաշտպանվա՞ծ են:

– Մի կողմից՝ պաշտպանված են, սակայն, մյուս կողմից՝ ժամանակակից հեռախոսները, օրինակ՝ iPhone-ը կամ Galaxy S II-ը, Galaxy S III-ը իրենցից լիարժեք համակարգիչներ են ներկայացնում՝  վերջիններին բնորոշ բոլոր խնդիրներով: Եթե դուք ճիշտ չեք տնօրինում այն և հեռախոսի վրա տեղադրում եք անհայտ ծագում ունեցող ծրագրեր, ապա դուք լայնորեն բացում եք դռները և թույլ եք տալիս համացանցից ներխուժել ձեր հեռախոսի մեջ՝ դրա հետ զուգորդվող բոլոր տհաճ հետևանքներով:

Իսկ եթե ամփոփենք, ո՞րն է առավել անվտանգ միջոց` էլ. փո՞ստը. բջջային հեռախո՞սը, թե՞ Skype-ը:

– Մեթոդները, որոնք իրենք օգտագործում են` միմյանց շատ նման են, նույնիսկ որոշ դեպքերում դրանք նույնն են, պարզապես ամեն ինչ կախված է նրանից, թե մարդ ինչպե՞ս է օգտվում դրանցից: Մասնավորապես խորհուրդ կտայի խուսափել կրեդիտ քարտերի մասին ինֆորմացիան փոխանցելուց  էլ. փոստի կամ Skype-ի միջոցով: Իսկ եթե դրա մեծ կարիք կա, ապա ուղարկելուց առաջ ինֆորմացիան հարկավոր է ծածկագրել:

Այսինքն, մի կողմից՝ մեր տեխնիկական հնարավորություններն են ավելացել, իսկ մյուս կողմից` մարդիկ ավելի խոցելի են դարձել:

– Եթե քննարկում ես անվտանգության հետ կապված հարցերը, ապա գալիս ես այն եզրահանգման, որ ամենաթույլ օղակներից մեկը մարդն է: Որքան էլ տեխնիկապես լավ լինի համակարգը, միևնույն է, վերջին որոշումը մարդն է կայացնում: Համացանցի և սոցիալական ցանցերի զարգացումը բերեց նրան, որ մարդիկ այսօր իրենց մասին ինֆորմացիան տեղադրում են տարատեսակ կայքերում, այնպես որ, ցանկության դեպքում՝ մարդու մասին հավաստի ինֆորմացիա կարելի է գտնել պարզապես նրա անունը Google-ում գրելով…

Ըստ Ձեզ` հայաստանյան կայքերը և, ընդհանրապես, .am տիրույթում առկա տեղեկատվությունը որքանո՞վ է պաշտպանված:

– Ժամանակ առ ժամանակ մեր հարևան երկրների կողմից հայկական կայքէջերի վրա բավական արդյունավետ գրոհների ենք ականատես լինում: Այսպիսով կարելի է փաստել, որ .am տիրույթում եղած տեղեկատվությունն այդքան էլ լավ պաշտպանված չէ, քանի որ տեղեկատվական անվտանգության մասով գրագիտության պակաս կա, և դրան, հավանաբար,  գումարվում են ֆինանսական խնդիրները. Չէ՞  որ անվտանգությունը գումար արժե: Թեև այդ ամենը, կարծում եմ, ժամանակի խնդիր է,  և հետագայում այն կլուծվի: Համեմատության համար ասեմ, որ մեր հարևան երկրները ևս առանձնապես լավ վիճակում չեն: Սա բոլոր երկրներին բնորոշ խնդիր է: Համացանցում ամեն օր հազարավոր մարդիկ հազարավոր կայքեր են ստեղծում, և նրանց մեծ մասն անվտանգության հարցերում պարզապես անգրագետ է:

Իշխանությունների կողմից արդեն քանի տարի խոսվում է այն մասին, որ Հայաստանը տեխնոլոգիական երկիր, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է դառնալու: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին, և ինչպիսի՞ խնդիրներ կան, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր դառնա:

– Նախևառաջ՝ Հայաստանի կրթական համակարգը պետք է լավացնել: Առանց կրթական համակարգի բարելավման՝ ոչ մի տեխնոլոգիապես զարգացած երկիր դառնալու մասին խոսել չենք կարող: Ամենամեծ խնդիրը դա է: Դրսից, երբ նայում են, միգուցե տպավորությունն այնպիսին է, որ մասնագետներ կան, համալսարաններ ունենք, և հաջողվում է որոշ նախագծեր բերել Հայաստան, ես ինքս էլ ինչ-որ նախագծեր բերել եմ: Սակայն, եթե նույնիսկ այդ նախագիծը բերվում է Հայաստան, և այստեղ այն հաջողությամբ իրականացվում է, միևնույն է, հետագա համագործակցության աճն ապահովելը բարդանում է համապատասխան մասնագետների պակասի պատճառով: Գրեթե բոլոր ՏՏ ընկերությունները բավականին թվով թափուր, լավ վարձատրվող աշխատատեղեր ունեն:

Իսկ Հայաստանում տրվող գիտելիքի մակարդակը կհամապատասխանի՞ այսօրվա պահանջներին:

– Ես ինչ սովորել եմ` Հայաստանում եմ սովորել: Հասկանալով մեր կրթական համակարգի բոլոր խնդիրները, այնուամենայնիվ, համարում եմ, որ հիմա սովորելու մեծ հնարավորություններ կան: Աշխարհի լավագույն համալսարանները տեղադրել են իրենց կրթական նյութերը, դասախոսությունները համացանցում, և այն, ինչում թերանում է մեր կրթական համակարգը, երիտասարդը, ցանկության դեպքում, կարող է լրացնել այդ նյութերի շնորհիվ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս