«Նորաձևության աշխարհ» և «հայ դիզայներ» հասկացությունները դեռ համատեղելի չեն
«Երբ ես մտածում եմ էլեգանտության մասին, մտքիս է գալիս այն, որ դրան կարելի է հասնել միայն նորաձևության միտումներն անտեսելով»: Սրանք նորաձևության մասին հանրաճանաչ դիզայներ Արմանիի խոսքերն են: Կարծիք կա, որ հայերը մշտապես գեղեցիկ են հագնվել: Եթե տարիներ առաջ երևանյան փողոցներում կարելի էր հանդիպել հիմնականում սև կամ մուգ գույներով հագնված մարդկանց, ապա այսօր պատկերն այլ է. գերիշխող են դարձել վառ գույները: Հայերի ճաշակի, նախասիրությունների, հայկական հագուստի մասին զրուցելու համար այցելեցինք դիզայներ, մոդելավորող Ֆաինա Հարությունյանի արհեստանոց: 2005թ. Ղազախստանից Հայաստան ժամանած Ֆաինա Հարությունյանն արդեն հասցրել է ճանաչվել հայ հասարակության շրջանում: 7 տարվա աշխատանքային գործունեության շնորհիվ` դիզայներն այսօր ունի իր սեփական խանութն ու արհեստանոցը: Արհեստանոցի շեմից արդեն պարզ էր, որ ներսում շատ մարդ կա: Աղմուկն ու քննարկումները մասնագիտական էին` կապված հագուստի գույնի, չափի, աքսեսուարների հետ: Այս ու այն կողմ թափված կտորները, կախիչների վրա ամրացված բազմերանգ հագուստները, ենթադրում էին հասցեատերեր, որոնցից ոմանք արդեն սպասում էին պատրաստի արդյունքին: Ֆաինան առաջարկեց փոքր-ինչ սպասել` մինչ կճանապարհի հերթական հաճախորդին: Վերջինս նորահարս էր, ում հարսանեկան զգեստի կտորն էին ընտրում: Ի դեպ, Ֆաինա Հարությունյանը դեռևս անցյալ տարի երգիչ Անդրեի հետ սկսեց «Անդրենալին» ջինսերի հավաքածուի վրա աշխատել: Երգչից այդ հավաքածուն ստեղծելու համար պահանջվել էր 5 տարի: Ի վերջո, 2010թ. Անդրեն համագործակցության առաջարկ ստացավ Ամերիկյան Devine Luv բրենդից: Առաջարկն ընդունվեց: Անդրեն անձամբ նախագծեց իր ջինսե տաբատների հավաքածուի մոդելները: Նախագծելուց հետո, մոդելները վերջնական տեսքի բերելու համար Անդրեն օգտվեց Ֆաինա Հարությունյանի մասնագիտական և ընկերական աջակցությունից: «Անդրեն գրեթե իմ եղբայրն է, ես մեծ հաճույքով եմ աշխատել իր հետ»,- ասաց Ֆաինան:
– Ֆաինա, հայ երիտասարդներն ի՞նչ ոճ են նախընտրում:
– Մենք ունենք շատ ճաշակով, շատ նորաձև հագնվող երիտասարդություն, ովքեր գիտեն` ինչը որտեղ հագնել, ինչպես հագնվել: Պատվերները տարբեր են լինում` խիստ, դասական ոճի, առօրյա հագուստներ և հարսանեկան զգեստներ: Կարևոր չէ մոդայի, այսպես ասած, վերջին ճիչով հագնվելը: Պետք չէ ասել` սա մոդայիկ է, սա` ոչ: Մարդն ինքն իրեն պետք է զգա հաճելի, հարմար, գեղեցիկ, լինի հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության մեջ: Այսօր երիտասարդությունը դա է առավել շատ կարևորում:
– Ասում են` կրածդ հագուստը պատմում է քո մասին, խոսում է հոգուդ լեզվով: Այդպե՞ս է:
– Մարդը կարող է ամբողջությամբ սևի մեջ լինել, բայց դա չի նշանակում, որ նա տխուր է, կամ թե սթրեսի մեջ է: Ուղղակի այդ մարդն իրեն այդպես է զգում, և հագուստի գույնով, ոճով դատել նրա ընդհանուր կյանքի, ապրելակերպի մասին առհասարակ` սխալ է: Ես, հագուստին նայելով, կարող եմ եզրակացնել, թե ինչպես է նա մտածում, ինչ է զգում, ինչ հոգեվիճակի մեջ է այդ օրը: Ճիշտ է, մեր երիտասարդությանը դեռ կարելի է բաժանել երկու մասի: Մի մասը բարբիներն են, որոնք վաղ առավոտից տոնական հագուստներ են հագնում և համալսարան գնում են այնպես, ինչպես որևէ մեկի նշանդրեք կամ հարսանիք գնալիս լինեն: Իրենք այդպես իրենց շատ լավ են զգում, ապրում են դրանով: Որևէ բան չես կարող ասել նրանց: Եթե մարդն իրեն տիկնիկի նման է զգում առավել գեղեցիկ, միգուցե` հմայիչ, թող լինի` բարձր կրունկներով: Դա է նրա ոճը:
– «Հայկական նորաձևություն» հասկացությունը ձևավորվե՞լ է:
– «Նորաձևության աշխարհ» և «հայ դիզայներ» հասկացությունները իրար կողքի դնելը դեռ շատ շուտ է: Ասում են, որ ժամանակին ավելի լավ էր, դիզայներներն ավելի շատ էին, ավելի շատ գործեր էին անում: Այն ժամանակվա համար ոչինչ ասել չեմ կարող, բայց այս յոթ տարիների ընթացքում, որ ես Հայաստանում եմ, կարող եմ ասել, որ ճանաչված դիզայներների քանակը շատ չի փոխվել:
– Ինչո՞ւ մենք չունենք «Պատրաստված է Հայաստանում» պիտակը կրող հայ դիզայներների աշխատանքներ:
– Երբ ես նոր եկա Հայաստան` նպատակ ունեի համախմբել հայ դիզայներներին Made in Armenia անվան ներքո և ստեղծել հայկական նորաձևության կենտրոն: Մտածում էի ստեղծել մի անուն, և այդ անունը հայտնի դարձնել ամբողջ աշխարհում: Բայց հենց առաջին դիզայներից հետո, ով եկավ ինձ հետ աշխատելու, ես հասկացա, որ հայերը միասին, խմբով աշխատել չեն կարող: Ինձ համար դժվար էր գիտակցել, որ մի գաղափարի շուրջ հայերը չեն կարողանում համախմբվել: Բոլորի մոտ մի միտք է` «ինչի՞ ես չեմ կարող անել, որ…»: Մեզ Ղազախստանում շատ լավ են դաստիարակում, բաց շատ սխալ էին, երբ ասում էին` հայի հետ ընկերություն արա, հայի հետ գործ արա: Դա շատ սխալ էր: Ես դա այստեղ հասկացա: Դրանք հեքիաթներ էին, որ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանում բոլորը ցանկանում են անկախ լինել, աշխատել և առանձին ներկայացնել իրենց հագուստները: Օրինակ, հնարավոր է` հայ դիզայներների կողմից նախաձեռնվի նորաձևության ամիս, բայց, որ բոլորը այդ ամսվա ընթացքում միասին ներկայացնեն իրենց հագուստները` չի ստացվում: Ոչ մեկը մյուսի հետ չի ուզում անել նորաձևության շաբաթներ, բոլորը պլանավորում են այնպես, որ լինի նույն ժամանակահատվածում, բայց տարբեր օրերի:
– Կար ժամանակ, երբ հայկական մոտիվներով հագուստ կարելը մոդայիկ էր դարձել: Դուք նման զգեստներ կարե՞լ եք:
– Ես չեմ կարող անել մի բան, որից չեմ հասկանում: Հին հայկական յուրաքանչյուր դետալ մի նշանակություն ունի: Անգամ այդ դետալի գույնի փոփոխությունը կարող է դառնալ ոչ թե քո ազգայինը, այլ հարևան երկրի մշակույթի տարրը: Ուստի, ես խուսափում եմ նման աշխատանքներից: Ես չեմ կարծում, որ գորգերի նախշերը որևէ հագուստի վրա կտրել-կպցնելով` կարելի է ազգային հագուստ ստանալ:
– Նոր սերնդի ներկայացուցիչները պատրա՞ստ են այս ասպարեզում ստեղծագործելու:
– Ես գիտեմ, որ նորաձևությամբ շատ են հետաքրքրվում, և օրեցօր ավելի շատ մարդիկ են ուզում դառնալ դիզայներ: Դա շատ ողջունելի է: Ինձ մոտ շատ ճաշակով, խելացի երիտասարդներ են գալիս, ունակ ընկալելու, առաջարկելու, լի հույսով, որ կարող են ստեղծել հայկական նորաձևություն: Ես հավատում եմ, որ նրանք կանեն: