Հանգստյան գոտի` գյուղի մեջ
Գյուղական միջավայրում հանգիստ կազմակերպելը որքան դյուրին, նունքան էլ դժվար է: Գյուղի հոգսերով ծանրացած գյուղացին դժվար թե ամառվա ամիսներին կարողանա իր հանգիստը կազմակերպել գյուղից կամ երկրից դուրս: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչների համար բնությունն ինքն է հանգստի պայմաններ ստեղծել: Բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ հայտնվել են այդ գյուղում, հիացած կլինեն գյուղի եզերքով փռված լճերի գեղեցկությամբ: Հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին այստեղ մարդաշատ է: Ոմանք գալիս են ձուկ, խեցգետին որսալու, ոմանք էլ` ավազների վրա արևահարվելու կամ լողալու: Գյուղի մեծերը պատմում էին, որ այդ ավազուտները, որոնք այժմ փոքր լճեր են դարձել, առաջացել են Արաքս գետի հունի փոփոխությունից: Ք.ա. 3-րդ դարում, Երվանդ 4-րդ արքայի օրոք, գյուղի ներկայիս տեղով հոսել է Արաքս գետը: Տեղումները, գետի ծանծաղումներն առաջացրել են ճահիճներ, որոնք տեղի բնակչությանը ստիպել են փոխել իրենց բնակավայրերը: Ժամանակի ընթացքում, սակայն, թափառող գետը` Արաքսը, փոխել է իր հունը: Գետի նախկին ճանապարհն անանցանելի էր դարձել ճահիճների պատճառով, ջուրը հոսելու ճանապարհ չուներ: Տեղումները գալով հավաքվում էին նույն վայրում, որտեղ ճահիճ և մամուռ էր գոյացել: Քանի որ նույն տարածքը չէր կարող իր մեջ այդքան քանակությամբ ջուր ամբարել, իսկ ջուրը բաց թողնելու համար հնարավորություն չկար, գետն ինքը բացեց իր ճանապարհը: Այսօր Արաքսը գտնվում է գյուղից 2-3 կմ հեռավորության վրա, Թուրքիայի սահմանին: Իսկ նրա հին տեղում խորը փոսեր են, որոնք ընդերքից ժամանակ առ ժամանակ լցվում են նոր ու թարմ ջրով` ապահովելով ջրի մաքրությունն ու ընդերքում ապրող կենդանի օրգանիզմների թթվածինն ու սնունդը: Այսօր այդ տարածքները հանրային սեփականություն են: Գյուղի բնակիչները լճերը տարբեր նպատակներով ձեռք են բերել և օգտագործում են: Ոմանք լճի եզերքին արդեն կառուցել են հանգստի համար նախատեսված քարե տնակներ, ոմանք էլ նախատեսում են լճերը դարձնել ձկնաբուծական ավազաններ: