Կազիմիրով. Հակամարտության լուծումը պետք է լինի համալիր մոտեցմամբ
Անցյալ շաբաթվա վերջում կայացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների հետ հանդիպումների արդյունքում համանախագահները հայտարարեցին, որ հակամարտություն կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով:
Բանակցությունների մասնակիցները կոչ արեցին հրաժարվել մաքսիմալիստական դիրքերից և հետևել կրակի դադարեցման համաձայնագրին և հրաժարվել կոշտ հռետորաբանությունից: Այս և այլ հարցերի մասին ռուսական «Կրասնայա զվեզդա» պարբերականը զրուցել է Ղարաբաղյան կարգավորման առաջին միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հետ:
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հաջողություններ գրանցվել են միայն 1990-ականներին: Ինչո՞վ է բնութագրվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը:
-2007թ.-ի վերջից ընթանում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնք խաղաղ համաձայնագրի հիմք են դառնալու: Կողմերի սկզբունքային տարաձայնությունը հակամարտության գլխավոր հարցն է: Բաքուն չի ցանկանում համաձայնել կարգավիճակի սահմանման նպատակով Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ և իրավաբանական ուժ ունեցող հանրաքվեի անցկացմանը, այն դեպքում, երբ միջնորդներն ու միջազգային հանրությունը հակամարտությունից դուրս գալու ելք տեսնում է հենց դա:
Այդ տհաճ հարցը շրջանցելու համար ադրբեջանական կողմը բանակցություններն ու իր քարոզչությունը ծավալում է է ոչ թե պատճառների վերացման վրա, այլ միայն ռազմական բախման տհաճ հետևանքների` գրավված տարածքներից հայերի դուրս գալու և տեղահանված անձանց` այնտեղ վերադառնալու վրա: Նախագահ Իլհամ Ալիևն այդ համատեքստում է դիտարկում է նաև Լեռնային Ղարաբաղը: Այդ հարցում նրա հայրն առավել շրջահայաց էր և հասկանում էր, որ այդ կերպ բանակցությունները փակուղի կմտնեն: Բաքուն նաև հասկանում է, որ յոթ շրջանների գրավումն անհնար կլիներ, եթե չլինեին հաղթանակի հասնելու իր ակնհայտ սխալ քայլերն ու ռազմական գործողությունները ժամանակին կանգնեցնելու ցանկության բացակայությունը:
Բավական անհեռատեսական է թվում նաև այդ տարածքներն «անհատույց» վերադարձնելու հաշվարկը` հուսալով, թե միջազգային հանրությունն անհանդուրժող է, որպես այդպիսին, օկուպացիայի նկատմամբ:
Ադրբեջանը, ինչպես և Վրաստանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեպքում, կտրականապես չի ցանկանում ուժի չկիրառման համաձայնագիր կնքել: Ընդհակառակը` մշտապես հայտարարում է նոր պատերազմի պատրաստակամության մասին: Դա նկատելի է նաև թե հսկայական ռազմական ծախսերից, թե ռազմատենչ հռետորությունից, թե շփման գծում տեղ գտնող միջադեպերից: Չնայած որ միջազգային կազմակերպություններն ու շատ երկրների առանցքային պետական գործիչներ ընդգծում են այս հակամարտության լուծման ռազմական տարբերակի անհնարինությունը: Նման պայմաններում հայերը սպառնալիքների ճնշման ներքո չեն շտապում թողնել ներկայիս ամրացված դիրքերը:
-Կողմերի վերջին հայտարարությունները վկայում են տարածաշրջանում լարվածության աճի մասին: Ինչո՞վ է պայմանավորված ռազմական հռետորաբանությունը:
Մեծ հաշվով ռազմական հռետորաբանությունը վերջին շրջանում պայմանավորված էր շփման գծում տեղի ունեցած միջադեպերով: Չնայած հակամարտող կողմերից մեկի համար թե մեկը, թե մյուսը համակարգային գիծ է, մյուսի համար` պատասխան գործողություններ: Միջադեպերը պատահականություն չեն, այլ «օկուպանտներին հանգիստ չտալու» մտադրության հետևանք:
Կողմերից մեկի` հրադադարից հետո զորքերը հետքաշելու մերժումը, իսկ հետո նաև դիրքերի մոտեցումը հակառակորդին միայն նպաստեցին միջադեպերի առաջացմանը: Այդ վարքագծի մեջ մտնում է նաև դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու, միջադեպերը հետաքննելուց հրաժարվելը: Համաձայնեք, բոլորովին էլ կառուցողական չի հնչում դիպուկահարներին դուրս բերելու և միջադեպերը հետաքննելու խոստումը` միայն հայկական ուժերի դուրսբերումից հետո:
Հատուկ ուշադրության է արժանի հենց նույն կողմի մեղքով միջադեպերի կանոնավորման մասին կամ, որ հաճախ ասում են «հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագրի տապալումը: Այն պաշտոնապես ստորագրվել է երեք կողմերի միջև դեռևս 1995 թ-ի փետրվարին, սակայն համառորեն չի իրագործվում: Նման քաղաքական գիծը պետք է դատապարտվի, այլ ոչ թե ցավակցության արժանանա: Ցավոք, միջնորդները չեն գտնում խոսքեր, կամ «ամաչում են» որակել կողմերի նման գործողությունները:
-Բայց դա Ռուսաստանին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ, չի ազատում պատասխանատվությունից: Բանակցությունների ժամանակ ռուսական կողմն ի՞նչ շեշտադրումներ է անում:
-Ռուսաաստանը հենց սկզբից ավելի ակտիվ միջնորդ է բանակցային գործընթացում: Նախ, մենք պնդում ենք ագրեսիվության ցանկացած դրսևորման բացառման ու վիճելի հարցերի շուրջ փոխզիջումային լուծման որոնումը` վիճելի հարցերում: Այդ հակամարտությունն ավելի շատ է առնչվում մեր շահերին, քան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, քանի որ Անդրկովկասի ժողովուրդներն ավելի մոտ են Ռուսաստանին:
Գալիք ընտրություններն Ադրբեջանում և Հայաստանում բացառում են առաջիկա երկու տարիներին նրանց կողմից ճկունության դրսևորումը: Ռուսաստանի նախագահը, հավանաբար հաշվի կառնի այդ փաստը` հետագա գործողությունների ծրագիրը կազմելիս:
Չնայած ընտրություններին, հնարավոր է թվում հանրային կառույցների ու փորձագիտական հանրությունների ջանքերի շարունակումը` հետագայում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար հող նախապատրաստելու համար:
-Հաշվի առնելով այն, որ կողմերի նկատելի մերձեցում դեռևս չի նշմարվում, հնարավո՞ր է կառուցողական երկխոսություն առկա բանակցային ձևաչափի փոփոխության դեպքում:
-Խնդիրն ոչ ձևաչափի, ոչ էլ միջնորդների մեջ չէ: Ներկայիս փակուղին հենց հակամարտության կողմերի ձեռքի գործն է, նրանց իրատեսական ու հավասարակաշռված պահանջներ դնելու անընդունակության հետևանքը: Բացի այդ, բացակայում է երրորդ կողմին` Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղան վերադարձնելու ցանկությունը:
Պատերազմի տարիներին Բաքուն ԼՂ-ի հետ տասնյակ փաստաթղթեր էր ստորագրել` ներառյալ կրակի դադարեցման և միջադեպերը կարգավորման մասին:
Ստեղծված իրավիճակում չափազանց անհրաժեշտ է համբերություն ու համառություն:
-Այժմ ի՞նչ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել հետագայում հակամարտությունը լուծելու համար:
-Վստահ եմ, որ ամենակարճ ճանապարհը պետք է լինի ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը: Միջազգային կոշտ երաշխիքների դեպքում այն կհեշտացնի թե գրաված տարածքներից հայերի դուրս գալը, թե ԼՂ բնակչության կամարտահայտության հարցի կարգավորումը: Վերջին ժամանակներում համանախագահներն ընդգծում են ստատուս-քվոյի անընդունելիությունը, բայց դա ամենևին էլ պատերազմի օրհնություն չէ: Կողմերից մեկը ցանկանում է այն դրա տակ մտցնել միայն հայկական ուժերի դուրս բերումը տարածքներից, մինչդեռ այլ անընդունելի բաներ էլ կան. ռազմատենչ սպառնալիքները, պատերազմի նախապատրաստումը, ռազմական հռետորաբանությունը, ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելը, թշնամանքի քարոզչությունը, վստահությունն ամրապնդող միջոցառումներից խուսափելը և այլն:
Հակամարտության լուծումը պետք է լինի ոչ թե այնպես, ինչպես կողմերից մեկին է հաճելի, այլ համալիր մոտեցմամբ: