Բաժիններ՝

Երեխայի մոր բաց նամակը ՀՀ վարչապետին. «Էջմիածնի ԴԱՀԿ-ն իմ անպաշտպան զավակին ինձ չի վերադարձնում»

168.am-ին է դիմել ՀՀ քաղաքացի Արմինե Ավոյանը՝ խնդրանքով, որպեսզի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա աշխատակազմը արձագանքեն իր նկատմամբ տեղի ունեցող անարդարությանը: Հրապարակում ենք բաց նամակը.
«ՀՀ Վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին, ՀՀ քաղաքացի Արմինե Ավոյանից

Մեծարգո պարոն Վարչապետ, Ձեզ եմ դիմում, քանի որ հանրապետությունում սկսած բարեփոխումների ֆոնին ինձ մոտ էլ հույս արթնացավ վերադարձնել որդուս:

2014 թվականի դեկտեմբերի 11-ին ամուսնալուծվել եմ: Նախկին ամուսնուս՝ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքից հեռացել եմ որդուս՝ 6-ամյա Արմանի հետ, սակայն հետագայում ամուսնուս հայրը խաբեությամբ խլել է որդուս:

Դատարանը թիվ ԱՐԴ /1220/02/14 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որով որոշվել է, որ երեխան պետք է ապրի իմ հետ:

Դատարանի վճիռն անցել է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և մնացել է անփոփոխ: Կասկածի տակ չդնելով Հայաստանում դատական համակարգի կայացած լինելուն, պետք է նշեմ, որ այսօր, փաստորեն, Էջմիածին քաղաքի ԴԱՀԿ ծառայության որոշ աշխատակիցների կողմից կասկածի տակ է դրվում դատարանի վճիռը:

Հարկադիր կատարողը հիմք է ընդունում, իր խոսքով, հինգ տարեկան երեխայի կարծիքը, և, փաստորեն, անտեսում է դատարանի վճիռը: Ես մեծ կասկածներ ունեմ, որ Էջմիածին քաղաքի ԴԱՀԿ աշխատողները տվյալ գործով ունեն իրենց անձնական շահագրգռվածությունը, այդ պատճառով չեն ապահովում երեխայիս վերադարձը:

Մեծարգո Վարչապետ, ՀՀ-ում իրավական գործող օրենսդրությունն ու ոչ միայն՝ Հայաստանի, նաև շատ այլ երկրների օրենսդրություները, հստակ նշում են` դատարանները վճիռ կայացնելիս մինչև 10 տարեկան երեխաների կարծիքը հաշվի չեն առնում: Ավելին, դատարանները որոշում են ընդունում՝ ելնելով հենց երեխայի շահերից, որ որոշվում է բազմաթիվ այլ հիմքերով, օրինակ` համապատասխան մասնագետների եզրակացությամբ, այլ ոչ թե վեց տարեկան երեխայի «կարծիքով», հարկադիր կատարողի ու մարզպետարանի կաշառված անձի քմահաճույքով:

Կրկին նշեմ, դատարանի վճիռն ի կատար ածելու հարցում Էջմիածնի շրջանի ԴԱՀԿ ծառայությունը ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել բավականին պասիվ և ոչ ադեկվատ քաղաքականություն: Վճռաբեկ դատարանի վճռից անցել է մեկ տարուց ավելի, սակայն այն դեռ թղթի վրա է: Հարկադիրի աշխատակից ոմն Գագիկ կասկածի տակ է դրել դատարանի վճիռը` գործին մասնակից դարձնելով Արմավիրի մարզպետարանի աշխատակից Ասյա Ղարիբյանին, ով մասնագիտությամբ մանկաբույժ է, սակայն ներկայացված է՝ որպես հմուտ հոգեբան (գործի նման աստիճանի ձգձգման հիմնական մեղավորներից մեկը հանդիսանում է հենց Ա. Ղարիբյանը):

Նամակով դիմել եմ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, նամակ եմ հղել նաև նախագահական և ՄԻՊ-ին, սակայն ստացված պատասխանները գրեթե նույնաբովանդակ են եղել, այն է՝ գործն ընթանում է նորմալ ու սահմանված կարգով: Որդիս արդեն դպրոցահասակ է, սակայն հայրն ինքնուրույն որոշել է, որ նա դպրոց չի հաճախելու, այդ փաստին, նույնպես, համապատասխան մարմինները ուշադրություն չեն դարձնում:

Հ.Գ. 1. ԴԱՀԿ-ի կատարողականը պետք է իրագործվեր մեկամսյա ժամկետում, սակայն մեկ տարի չորս ամիս որևէ էական քայլ չկա:

Հ.Գ. 2. Մեծարգո Վարչապետ, պատկերացնելով Ձեր զբաղվածությունը և երկրի առաջ ծառացած խնդիրները, խնդրում եմ հնարավորության դեպքում արձագանքել խնդրանքիս, լուծում տալ այս հարցին, իմ անպաշտպան զավակին ինձ վերադարձնել: Նամակս ներկայացրել եմ բավականին սեղմ, հնարավորության դեպքում կխնդրեի ընդունել ինձ՝ ավելի հանգամանալից խնդիրը ներկայացնելու համար:

Արմինե Ավոյան
Քաղաք Էջմիածին, Անդրանիկ 1 թաղամաս, 3 տուն,
հեռ. 091048770, 023148770»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս