ԱՀԿ-ն տաք սուրճն ու թեյը ճանաչել է քաղցկեղի առաջացման պատճառ

Առողջապահության համաշխարհային կազմակերությանը (ԱՀԿ) կից Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը չափազանց տաք ըմպելիքների (օրինակ՝ սուրճի եւ թեյի) գործածումը վտանգավոր է համարել առողջության համար: Այս մասին  հայտնել է The Independent հրատարակությունը:

«Արդյունքները վկայում են, որ չափազանց տաք ըմպելիքների գործածումը կերակրափողի քացկեղի հավանական պատճառ է, եւ հենց ջերմաստիճանը, այլ ոչ թե ըմպելիքներն են, ինչպես երեւում է, կրում պատասխանատվությունը քաղցկեղի զարգացման համար»,- ասել է Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տնօրեն Քրիստոֆեր Ուայլդը:

Գիտնականները կրիտիկական նշագիծ են համարել Ցելսիուսի 65 աստիճանը: Այս նշագծից ցածր ջերմաստիճանով հեղուկների գործածումը մարդու համար անվտանգ է համարվել, իսկ բարձրը՝ կարող է կապված լինել կերակրափողի քաղցկեղի զարգացման վտանգի հետ:

«Չինաստանում, Իրանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայի պետություններում կատարված հետազոտությունները, որտեղ թեյը կամ մատեն ավանդաբար խմում են շատ տաք (Ցելսիուսի մոտավորապես 70 աստիճան ջերմաստիճանի դեպքում), հայտնաբերել են, որ կերակրափողի քաղցկեղի զարգացման վտանգը ջերմաստիճանի հետ աճում է»,- նշել է ԱՀԿ-ն:

Տեսանյութեր

Լրահոս