«Դասերը հակառակ իմաստով են յուրացրել». Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հրավիրված այսօրվա քննարկմանն ասաց, որ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում կազմակերպվելու ԸՕ նախագծի վերաբերյալ մի շարք քննարկումներ. «Նպատակը մեկն է, որ այն գործընթացները, որոնք կատարվում են երկրում, որի մասին, ցավոք սրտի, համարժեք իրազեկումը հասարակությունը չունի, գոնե այդ իրազեկման խնդիրը լուծվի»:

Նրա կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի նախագծում պետք է առաջարկեին ընտրական խախտումների կանխարգելման, արձանագրման գործիքների ընդլայնում, բայց ինքը նման միտում չի տեսնում. «Ընտրական օրենսգրքի հիմքում ընկած է սահմանադրական փոփոխության տրամաբանության երկու խնդրի լուծում՝ կայուն քաղաքական մեծամասնության ինստիտուտի ապահովում, և այդ առումով կուսակցությունների քանակը նվազացնում են, ոչ թե ընդլայնում, որը կարող էր ազատության ավելի մեծ աստիճան տրամադրել, և երկրորդը՝ ընտրական խախտումների կանխարգելման հնարավորությունների նվազեցում:

Այսինքն՝ դասերը հակառակ իմաստով են յուրացվել՝ ինչպե՞ս անենք, որ հնարավորինս քիչ լինեն խախտումների արձանագրման հնարավորությունները՝ ապահովելու համար կայուն քաղաքական մեծամասնության ձևավորումը: Սա է Ընտրական օրենսգրքի բուն էությունը, երբ որ դիտարկում ենք Սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունը եւ հանրաքվեի կատարման փաստը»:

Նա նկատեց, որ քաղաքացիական հասարակության անդամները Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գործընթացում չկարողացան լիարժեք արդյունավետ մասնակցություն ունենալ. «Ներառականությունը շատ կարևոր նշանակություն ունի գործընթացի նկատմամբ վստահության ձևավորման տեսանկյունից: Մենք մասնակցեցինք ԵԱՀԿ-ի և կառավարության ձեռնարկած Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկմանը, որին մասնակցել էր պարոն Հարությունյանը, և մենք մեր մոտեցումները և գնահատականները ներկայացնեցինք: Ակնկալում էինք, որ այսօր էլ նմանապես քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ մասնակցեն ոչ միայն ներկա քաղաքական ուժերը, այլև նախագծի մշակման հեղինակները, կարեւոր է, որպեսզի հեղինակները անմիջականորեն լսեն»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝մեզ անհընդհատ պարտադրում են որոշակի խաղի կանոններ և ասում են՝ սա են խաղի կանոնները, դուք կարող եք այդ խաղի կանոնների շրջանակում որոշակի փոփոխությունների, քննարկումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել. «Իսկ մենք ինչքանով հաշվի կառնենք, թողեք մեր հայեցողությանը: Կարծում եմ՝ մենք ունենք հերթական մարտահրավերը՝ հանձինս նման մոտեցման եւ Ընտրական օրենսգրքում ձևակերպումների»:

Տեսանյութեր

Լրահոս