Բաժիններ՝

Հայազգի աստղագետն արժանացել է ՆԱՍԱ-ի մրցանակին

Ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանն իր ողջ կյանքի վաստակի համար ՆԱՍԱ-ի կողմից արժանացել է մրցանակի (Lifetime Achievement Award): Նա ժամանակակից խոշորագույն գիտնականներից է, ով հայտնի է միջաստղային միջավայրի, մոլորակաձև միգամածությունների, գալակտիկաների, ռադիոաստղագիտության և այլ բնագավառներում իր հայտնագործություններով, ինչպես նաև՝ հայ գիտության հանդեպ իր ցուցաբերած մեծ ծառայություններով:

Երվանդ Թերզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայրը հայ էր, իսկ մայրը` հույն. այսպիսով հույները Թերզյանին համարում են հույն մեծ գիտնական, ինչպես և հայերը` հայ մեծ գիտնական: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեի Ամերիկյան համալսարանում: 1960թ. ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ: Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963թ. ստանում է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ` 1965թ., գիտությունների դոկտորի աստիճան:

Terzyan (6) Terzyan (4)

1965-ից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ (Իթաքա, Նյու Յորք նահանգ): 1965-1967թթ. դառնում է Պուերտո Ռիկոյի Արեսիբոյի աստղադիտարանի գիտական աշխատակից, 1967-1972թթ.` աստղագիտության պրոֆեսորի օգնական, 1968-1974թթ.` նույն համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնական, 1972-1977թթ.` աստղագիտության դոցենտ և 1977թ. Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր:

Կարդացեք նաև

1968թ. Թերզյանը նշանակվեց Կոռնելի համալսարանի աստղագիտության բաժանմունքի փոխտնօրեն, իսկ 1979թ.` տնօրեն, և գլխավորեց այս մեծ բաժանմունքը (ԱՄՆ-ում խոշորագույններից և կարևորագույններից մեկը) 20 տարով: 1979-80թթ. և 1992-93թթ. եղել է Կոռնելի համալսարանի Արեսիբոյի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: 1996թ.-ից Կոռնելի համալսարանի գիտության կրթության զարգացման Նյու Յորքի նահանգի ՆԱՍԱ-ի (NASA) տիեզերական դրամաշնորհների ծրագրի տնօրենն է: 1999-ից` Կոռնելի համալսարանի ֆիզիկայի գծով Դեյվիդ Դունկանի անվանական պրոֆեսոր է:

2002թ. Թերզյանն ընտրվեց Քառակուսի կիլոմետրանոց համալիր (SKA) հսկա ռադիոդիտակի կառուցման Միացյալ Նահանգների համալսարանների և ինստիտուտների միավորման նախագահ: 2001-ից նա Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) Գիտական խորհրդի նախագահն է:

Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ)՝ մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ, շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին: Նրա խոշորագույն ուսումնասիրությունների և կարևորագույն արդյունքների շարքում կարելի է նշել մոլորակաձև միգամածությունների ռադիո, ենթակարմիր և օպտիկական ուսումնասիրությունները, Գալակտիկայի էմիսիոն միգամածությունների և HII տիրույթների ռադիո դիտումները, չեզոք ջրածնի (HI) և մոլեկուլային ամպերի ուսումնասիրությունը, պարուրաձև նորմալ գալակտիկաների ռադիոճառագայթման ուսումնասիրությունը, բաբախիչների ռադիոդիտումները և ուսումնասիրությունը, գիսավորաձև միգամածությունների ռադիոճառագայթման գրանցումը, մոլորակաձև միգամածություններ երկբաղադրիչ արագությունների համակարգի մոդելի առաջադրումը, OH/IR (մազերային և ենթակարմիր) աստղերի որոնումները և ուսումնասիրությունը, մոլորակաձև միգամածություններում արագ ցածր իոնացման առաքման տիրույթների (FLIER) և այլ միկրոկառուցվածքների հայտնաբերումը և ուսումնասիրությունը, գնդաձև աստղակույտերի ռադիոդիտումները, Մարգարյանի որոշ գալակտիկաների ռադիոճառագայթման գրանցումը, գալակտիկաների զույգերի դինամիկական ուսումնասիրությունը, կրկնակի և բազմակի միջուկներով Մարգարյանի գալակտիկաների ձևաբանությունը և կինեմատիկան, գալակտիկական միջուկների դիտումները գերերկար հիմքով ինտերֆերոմետրիայով (VLBI), Կույսի կույտի գալակտիկաների անընդհատ ռադիոճառագայթման գրանցումը, Գալակտիկայի Գերնորերի մնացորդների օպտիկական ատլասի և մոլորակաձև միգամածությունների [NII] և [OIII] պատկերների և սպեկտրների ատլասի հրապարակումը:

Terzyan (2)

Նշված արդյունքները ստացվել են մի շարք այլ գործընկերների հետ համատեղ: Հայ գիտնականներից Թերզյանն աշխատել է Ա.Ռ. Հաջյանի (ԱՄՆ), Հ.Մ. Թովմասյանի, Գ.Ա. Գուրզադյանի, Դ.Մ. Սեդրակյանի և այլոց հետ, որոնց հետ տպագրել է արժեքավոր աշխատանքներ: Թերզյանն ընդամենը 232 գիտական հրապարակումների հեղինակ կամ համահեղինակ է և 6 գրքերի խմբագիր: Այդ թվում՝ գիտական հոդվածներ է տպագրել Nature ամսագրում, որտեղ տեղ են գտնում միայն ականավոր արդյունքները:

Պրոֆ. Թերզյանը եղել է Astrophysical Journal-ի` աշխարհի աստղագիտական առաջատար հանդեսներից մեկի խմբագրի տեղակալը և գիտական խմբագիրը (1989-1999): 1982-1992թթ. եղել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի հանրագիտարանի խմբագրական-խորհրդատվական կոլեգիայի անդամ: 2000-ից Թերզյանը նաև «Աստղաֆիզիկա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է:

Պրոֆ. Թերզյանը մի շարք պրոֆեսիոնալ ընկերությունների և կազմակերպությունների անդամ է. Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ; IAU, 1967), Միջազգային ռադիոգիտական միություն, Ամերիկյան աստղագիտական ընկերություն (AAS), Հայկական աստղագիտական ընկերություն (ArAS, 2001), Հունական աստղագիտական ընկերություն (HelAS), Սիգմա Խի, Ամերիկյան գիտության առաջադիմության ասոցիացիա (2001) և այլն: 1990թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) արտասահմանյան անդամ, իսկ 2002-ին` Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ:

Terzyan (1)

Մեծ է Թերզյանի կազմակերպական գործունեությունը. նա եղել է ՄԱՄ աշխատանքային խմբերի, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Նյու Յորքի աստղագիտական ընկերության, NASA-ի, ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի (NSF) և այլ կազմակերպությունների բազմաթիվ կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև՝ մի շարք միջազգային (ներառյալ ՄԱՄ-ի) գիտաժողովների և խորհրդակցությունների գիտական կազմկոմիտեների նախագահ, փոխնախագահ կամ անդամ: Նա եղել է ՄԱՄ-ի «Մոլորակաձև միգամածություններ» (1985-1994թթ.) և «Աստղագիտությունը Լուսնից» (1993-1999թթ.) աշխատանքային խմբերի նախագահը:

Իր գիտական նվաճումների և մանկավարժական վաստակի համար պրոֆ. Թերզյանը պարգևատրվել է բազմաթիվ տիտղոսներով, աստիճաններով, պարգևներով, մեդալներով և կոչումներով, որոնցից են. Ինդիանայի համալսարանի (ԱՄՆ, 1989), Երևանի պետական համալսարանի (Հայաստան, 1994), Թեսալոնիկիի համալսարանի (Հունաստան, 1997) և Յունիոն քոլեջի (Նյու Յորքի նահանգ, ԱՄՆ, 1999) պատվավոր դոկտորի գիտական աստիճանները, մի շարք պարգևներ, մեդալներ, այդ թվում` ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալը (2008) և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան մեդալը (2008):

Անհրաժեշտ է նշել պրոֆ. Թերզյանի ժամանակակից երկու կարևորագույն գործունեությունները, որոնք մեծապես նպաստում են Հայաստանում աստղագիտության և ընդհանրապես գիտության զարգացմանը. նրա դերը ANSEF-ի և ArAS-ի ստեղծման և գործունեության մեջ:

Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամը (ANSEF) հիմնադրվել է 1999թ.-ին Նյու Յորքում` մի խումբ հայ գիտնականների և այլ մտավորականների կողմից, որոնց թվում է նաև Երվանդ Թերզյանը: Հիմնադրման օրվանից պրոֆ. Թերզյանը ANSEF-ի Գիտական խորհրդի նախագահն է: ANSEF-ը տրամադրում է հետազոտական դրամաշնորհներ: 2001-2008թթ. ընթացքում դրամաշնորհներ է ստացել մոտ 200 նախագիծ, յուրաքանչյուրը` 5000 ԱՄՆ դոլար. ընդհանուր առմամբ՝ ավելի քան 500 գիտնականներ օգտվել են այս աջակցությունից: Աստղաֆիզիկայի բնագավառում ANSEF-ն աջակցել է 24 ծրագրերի` ներառելով ավելի քան 60 գիտնականների Բյուրականի աստղադիտարանից և Երևանի պետական համալսարանից:

Terzyan (5)

Հայկական աստղագիտական ընկերությունը (ArAS) նույնպես հիմնադրվել է 1999թ.-ին: Հիմնադրման օրվանից ի վեր պրոֆ. Թերզյանը ArAS-ի նախաձեռնող և ակտիվ անդամներից մեկն է: 2002թ.-ից առ այսօր Թերզյանը ArAS-ի համանախագահն է: Նա մեծապես նպաստում է ընկերության գոյությանը և գործունեությանը և մեծ դեր ունի Հայաստանում և արտասահմանում ապրող աստղագետների միջև կապեր հաստատելու գործում: 2004թ. Թերզյանը երիտասարդ աստղագետների համար հիմնադրեց ArAS-ի տարեկան մրցանակ և հովանավորում է այդ մրցանակները: Տասնչորս երիտասարդ աստղագետներ են ստացել այդ մրցանակը, որն իրավամբ կարելի է անվանել «Երվանդ Թերզյանի մրցանակ»:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս