ՄԵԾ ԼՎԱՑՔ, ԱՆՈՒՆԸ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2025 թվականի դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ ձևավորելու առողջապահական ապահովագրման պետական հիմնադրամ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարով։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա խոսել է այդ որոշման ստեղծած մի շարք լուրջ իրավական և կառավարչական անորոշությունների մասին։
«Կառավարության որոշմամբ գործող Պետական առողջապահության գործակալության (ՊԱԳ) պետը, որը հանդիսանում է քաղաքացիական ծառայող, նշանակվել է նորաստեղծ հիմնադրամի տնօրեն։ Միաժամանակ բացակայում են հստակ պատասխաններ հետևյալ հիմնարար հարցերի մասին՝ արդյո՞ք ՊԱԳ-ի գործող պետն ազատվել է քաղաքացիական ծառայությունից, ո՞վ և ե՞րբ է նշանակվելու ՊԱԳ-ի պետի պաշտոնում՝ որպես քաղաքացիական ծառայող, արդյո՞ք ՊԱԳ-ը ենթակա է լուծարման, վերակազմակերպման, թե՞ շարունակում է գործել նախկին կարգավիճակով»,- նման հարցեր բարձրացրեց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ Սամվել Խարազյանը նշանակվել է առողջապահական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ 6 ամիս ժամկետով։

«Սակայն այս պահին հիմնադրամը չի կնքել պայմանագրեր որևէ առողջապահական կազմակերպության հետ, չունի մշակված և փորձարկված որակի չափանիշների վրա հիմնված ուսումնասիրություններ, չունի հրապարակային մեխանիզմներ՝ ապահովագրական փաթեթի շրջանակում ծառայությունների իրական կազմակերպման համար»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Ըստ նրա՝ այս պայմաններում ակնհայտ է, որ առկա են լուրջ ռիսկեր՝ կապված քաղաքացիների առողջապահական սպասարկման իրականացման, որակի վերահսկման և համակարգի գործունակության հետ։
«Առողջապահական ապահովագրությունը չի կարող գործարկվել հայտարարություններով և նշանակումների միջոցով։ Այն պահանջում է հստակ իրավական հիմք, ինստիտուցիոնալ շարունակականություն, պայմանագրային ցանց և որակի վերահսկման մեխանիզմներ։ Մինչ այդ հարցերը չեն ստացել հստակ և հրապարակային պատասխաններ, ապահովագրական համակարգի արդյունավետ գործարկումը մնում է կասկածի տակ»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:
