Ադրբեջանն ու Հայաստանը աննկատ հեռանում են Մոսկվայից և մոտենում Վաշինգտոնին Թրամփի խաղաղության համաձայնագրից հետո․ The Washington Times

Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերաձևավորում է Հարավային Կովկասը և առաջ է մղում ԱՄՆ ռազմավարական շահերը. գրել է The Washington Times-ը։

Օգոստոսին ստորագրված Վաշինգտոնյան համաձայնագրերը բացեցին կարևորագույն տրանսպորտային միջանցքներ և խորացրին ԱՄՆ գործընկերությունն այն տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում էին Ռուսաստանը և Իրանը։

«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն ցուցաբերեց մեր խաղաղության օրակարգին», – նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Ռազմածովային հարցերով փորձագետ Բրենդա Շաֆերը համարում է, որ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն աշխարհում միակ երկիրն է, որը սահմանակից է Ռուսաստանին և Իրանին։ Նա հավելել է, որ Իսրայելը և Ադրբեջանը իրական ռազմավարական դաշինք ունեն։

Ադրբեջան-Իսրայել կապը լավ չի ընդունվում այնպիսի քննադատների կողմից, ինչպիսին է Կալիֆոռնիայի դեմոկրատ սենատոր Ադամ Բ. Շիֆը։ Նա կասկածանքով է վերաբերվել Ադրբեջանին՝ որպես ռազմավարական գործընկերոջ։

Տարածաշրջանային վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները Ռուսաստանը ճանաչում են որպես ընդհանուր խնդիր։ Ռուսական սեփականության ենթակառուցվածքներից կախվածության նվազեցումը դարձել է խաղաղության կայունության կենտրոնական գործոն։

«Այսօր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար իրական ռազմավարական խնդիրը Ռուսաստանն է, այլ ոչ թե՝ իրենք», – նշել է Շաֆերը։

Անդրադառնալով Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններին՝ Հաջիևը նշել է․ «Երկու կառավարություններն էլ՝ Ադրբեջանը և Հայաստանը, դժվարին պայքար են մղում խաղաղությունն ամրապնդելու համար։ Սակայն Կոնգրեսում ոմանք ներկայացնում են բացարձակապես ավելորդ և բաժանարար օրենսդրական ակտեր»։

«Բայդենի և Բլինքենի վարչակազմի հետ, ցավոք, մենք շատ թյուրըմբռնումներ ունեցանք, և նրանք մեծ վնաս հասցրին», – ասաց պարոն Հաջիևը։

Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի շուրջ, որը, ինչպես սպասվում է, կընդլայնի պաշտպանական գնումների և անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Լրիվ իրականացումը կարող է պահանջել 907-րդ բաժնի ընդմիշտ չեղարկում։

Տարածաշրջանային վերլուծաբաններն, իրենց հերթին, նշում են, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես Իրանի վրա ճնշման կետ՝ իր էթնիկ կազմի և մոտիկության պատճառով։ Իրանի ներսում անկայունությունն անմիջական հետևանքներ կունենա Հարավային Կովկասի և Կասպից տարածաշրջանի վրա։

Տեսանյութեր

Լրահոս