Սպառազինության ո՞ր տեսակների վրա են շեշտը դնում Ռուսաստանն ու Ուկրաինան 2026 թվականին
Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է արդեն գրեթե չորս տարի և այդ ընթացքում զգալիորեն փոխել է իր բնույթը․ առանցքային դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը, բարձր ճշգրտության ռումբերն ու հեռահար հրթիռները։ Bild-ը վերլուծել է, թե սպառազինության հատկապես որ տեսակների միջոցով են Մոսկվան և Կիևը մտադիր փոխել իրավիճակը ռազմաճակատում առաջիկա տարվա ընթացքում։
Ռուսաստանը շեշտը դնում է տարբեր հեռավորությունների վրա գործադրվող շերտավորված ճնշման վրա։ Կարճ հեռավորությունների վրա (մինչև 20 կիլոմետր) ռուսաստանյան բանակը զանգվածաբար կիրառում է օպտիկամանրաթելային կառավարմամբ FPV անօդաչուներ՝ այսպես կոչված «Վանդալները»։ Դրանք արդեն օրական հազարներով են կիրառվում, իսկ 2026 թվականին, ըստ Z-բլոգերների, Կրեմլը ծրագրում է կրկնապատկել դրանց օգտագործումը։
Մինչև 50 կիլոմետր հեռավորության վրա Մոսկվան հենվում է ավիացիայի և կառավարվող ավիառումբերի վրա, որոնցով ավերում է ուկրաինական քաղաքներն ու դիրքերը։ Իսկ հեռահար թիրախների դեպքում (մինչև հազար կիլոմետր) Ռուսաստանը համադրում է «Շահեդ» տեսակի էժան հարվածային անօդաչուները թևավոր և բալիստիկ հրթիռների հետ՝ էներգետիկային և ենթակառուցվածքներին հարվածելու համար։
Ուկրաինան իր հերթին նույնպես հույսը դնում է անօդաչուների վրա, բայց այլ մոտեցմամբ։ Մերձավոր ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերը կիրառում են ավելի էժան՝ ռադիոկառավարվող FPV անօդաչուներ, որոնք, ըստ ուկրաինական կողմի գնահատականների, 2025 թվականին ռուսաստանցի զինվորների մեծ մասի մահվան պատճառ են դարձել։
Միջին հեռավորությունների վրա Կիևը շարունակում է արևմտյան սպառազինության լուրջ դեֆիցիտ ունենալ՝ հրետանային զինամթերքից մինչև կառավարվող ռումբեր։ Սա թույլ կողմ է, որը, ըստ կանխատեսումների, այդպիսին կմնա նաև 2026 թվականին։
Հեռահար հարվածների հարցում Ուկրաինան աստիճանաբար մեծացնում է սեփական հնարավորությունները։ Խոսքը ինքնաշեն հեռահար անօդաչուների և թևավոր հրթիռների աճող քանակի մասին է։ Արևմտյան գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի աջակցությամբ, որը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդնում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության մեջ, Կիևը ծրագրում է ավելի հաճախ հարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին և այլ օբյեկտներին։
