Երբ մարդիկ դժգոհ են, չպետք է մեղավորներ փնտրենք արտաքին ուժերի մեջ. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նահանգային պլանավորման և զարգացման խորհրդի նիստում հայտարարել է, որ բարեփոխումները պետք է սկսվեն հենց ղեկավարներից, իսկ ուրիշներին մեղադրելը խնդիրների լուծման ճանապարհ չէ։
Ըստ նրա, ղեկավարությունը պետք է անցնի ծախսերի կառավարման մոդելից դեպի արտադրողականության բարձրացում։
«Համեմատելով իրավիճակը հարևան երկրների հետ՝ կարելի է տեսնել, որ երկրի վիճակը չպետք է մնա ներկայիս մակարդակում։ Ավելի բարձր դիրքերի հասնելը կախված է ղեկավարների, գիտնականների, մանկավարժների, քաղաքական գործիչների դիրքորոշումից։ Խնդիրը ոչ թե ռեսուրսների բացակայությունն է, այլ դրանց սխալ օգտագործումը, ինչը անմիջականորեն կապված է կառավարման հետ։
Երբ մարդիկ խնդիրներ ունեն ապրուստի ապահովման հարցում, մենք չպետք է պատճառը փնտրենք արտաքին ուժերի մեջ, չպետք է մեղավորներ որոնենք ուրիշ տեղ։ Յուրաքանչյուրը պետք է սկսի ինքն իրենից։ Նախ պետք է մենք ինքներս ուղղվենք, որպեսզի հնարավոր լինի լուծել սոցիալական խնդիրները», – նշել է Իրանի նախագահը։
Նա կրկնել է, որ արտաքին մեղավորների որոնումը խնդիրը չի լուծում։
«Երբ մարդիկ դժգոհ են, մենք չպետք է մեղավորներ փնտրենք արտաքին ուժերի մեջ։ Պատասխանատվությունը ընկած է ղեկավարության և արդյունավետության վրա։ Խնդիրը անհրաժեշտ կառավարման ռեսուրսներ գտնելու, լուծումներ մշակելու և խնդիրները լուծելու մեջ է։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մարդկանց և լսել նրանց խնդիրները, և ոչ ոք իրավունք չունի հասարակության համար խնդիրներ ստեղծել սխալ որոշումներով։ Այնտեղ, որտեղ խախտվում է ժողովրդի իրավունքը, պատասխանատվությունն ընկած է ղեկավարների վրա, և բարեփոխումները պետք է սկսվեն հենց այնտեղից», – հավելել է Փեզեշքիանը։
