Գուտերեշը մտահոգված է Ուկրաինայում և Ռուսաստանի Դաշնությունում շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի և կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացման վերաբերյալ՝ Ուկրաինայում և Ռուսաստանի Դաշնությունում շարունակվող հարձակումների հետևանքով. հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խորոլի գյուղի վրա հասցված հարվածը։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ուկրաինայում և Ռուսաստանի Դաշնությունում շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների և նավահանգիստների ոչնչացմամբ: Սա ներառում է Խերսոնի մարզում հարձակման մասին վերջին հաղորդագրությունը, որտեղ մուտքի բացակայության պատճառով Միավորված ազգերի կազմակերպությունը չի կարողանում ստուգել որևէ մանրամասնություն», – ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները արգելված են միջազգային իրավունքով, անընդունելի են և պետք է դադարեցվեն՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է անհապաղ և անվերապահ հրադադարի կարևորությունը՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան արդար և երկարատև խաղաղության հասնելու առաջին քայլ։

Տեսանյութեր

Լրահոս