Ուրեմն լսի՛ր, Փաշինյան, էդ ամեն ինչի համար պատասխան ես տալու. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձին։
Նա նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նման ձևակերպումները վտանգավոր են և չեն համապատասխանում իրականությանը։
«Մինչ ձեր իշխանության ղեկին հայտնվելը Հայաստանն էր մերը, նաև Արցախը։ Ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է վտանգի տակ»,- Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասել է Իշխան Սաղաթելյանը։
Այս համատեքստում դաշնակցական գործիչը նկատել է, որ 44-օրյա պատերազմի ելքը ոչ թե անկարողության, սպառազինության պակասի հետևանք էր, այլ գիտակցված դավաճանական քայլի, որի ժամանակ ունեցել ենք 5000 զոհ, և որի հետևանքով 150.000 մարդ անտուն է մնացել։
Այս ամենի միակ մեղավորն ու պատասխանատուն, պատգամավորի խոսքով, անձամբ Նիկոլ Փաշինյանն է։
