Բաժիններ՝

Քարդաշյանի բազմամիլիոնանոց նվերը Հայաստանին

Գնալով համոզվում եմ, որ Ռուբեն Վարդանյանը տաղանդավոր բիզնեսմեն է, ով զգում է ժամանակի շունչը։ Ապրիլի 3-ին Դիլիջանի միջազգային դպրոցում քննարկումներ էին ընթանում` Հայաստանի հզորացման ուղիների վերաբերյալ։

Մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ լուրջ ֆիլմեր չեն նկարահանվում` հայ ազգն ու մեր պատմությունն աշխարհին ներկայացնելու համար։ Չեմ կարող հիշել, թե բառացի ինչ պատասխանեց Ռ. Վարդանյանը, սակայն ասելիքը մոտավորապես հետևյալն էր` իհարկե, լավ կլիներ, որ մեծ ռեսուրսներ ունենայինք ու աստղերի մասնակցությամբ ֆիլմեր նկարահանեինք։ Սակայն գոնե մինչ այդ եկեք ճիշտ օգտագործենք այն ռեսուրսները, որ կան։ Ու որպես օրինակ` տվեց Քիմ Քարդաշյանի անունը` այն համատեքստում, որ, անկախ Քիմի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, նա համաշխարհային ճանաչում ունի, և ցանկացած թեմայով նրա մեկ գրառումը կարդում են մի քանի տասնյակ միլիոն մարդիկ։

Հաշված օրեր անց Քիմն իր ընտանիքով այցելեց Հայաստան, և հաշված րոպեներ անց ապացուցվեց, որ Ռուբեն Վարդանյանն ու նրա նման մտածողները ճիշտ են։ Համաշխարհային գրեթե բոլոր ԶԼՄ-ները սկսեցին գրել Հայաստանի ու Քիմի այցելության մասին արդեն այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ օդում էր։ Washington Post, Daily Mail, The Guardian, New York Times, Mirror… այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Google որոնողական ցանցում պարզապես գրեք Kim Kardashian Yerevan, ֆիլտրեք, որպեսզի ցույց տա միայն վերջին 24 ժամվա որոնման արդյունքները, և կհամոզվեք։

Ընդ որում, այդ հրապարակումների մեծ մասում անպայման նշվում է, որ Քիմը Հայաստան է ժամանել` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ։ Ու, որ ավելի ուշագրավ է, «ցեղասպանություն» (genocide) տերմինն օգտագործում են անգամ ամենապահպանողական ու զգուշավոր ԶԼՄ-ները (ասենք` բրիտանական Guardian-ը)։ Ժամանակին, երբ Ցեղասպանության մասին Քարդաշյանը գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում, եղան բազում քննադատություններ, որ նման բարոյական վարքի տեր մարդն իրավունք չունի այդ մասին խոսել։ Սակայն անժխտելի փաստ է, որ միլիոնավոր մարդիկ, ովքեր չէին լսել, իմացան այդ մասին։

Սակայն անձամբ ինձ համար ավելի կարևոր է մեկ այլ գործոն։ Ոչ թե անցյալը ներկայացնելը, այլ ներկան` հիմքեր ստեղծելով ապագայի համար։ Քիմ Քարդաշյանն այսօր կոնկրետ զբաղված է Հայաստանի PR-ով։ Յուրաքանչյուր վայր Հայաստանում, ուր նա այցելում է, անմիջապես հայտնի է դառնում աշխարհի ամենահեռավոր անկյուններում։

Ամենապարզ մեկ օրինակ։ 4 օր առաջ աշխարհում քանի՞ մարդ էր լսել Գեղարդի վանքի մասին։ Իսկ այսօ՞ր։ Հաստատ մի քանի 100 անգամ ավելի շատ մարդիկ գիտեն դրա մասին։

Բերենք մի քանի պարզ թվեր: Քիմն իր ընտանիքով այցելում է Գեղարդի վանք։ Հետո այդ վանքում արված լուսանկարը, որտեղ ամուսնու և երեխայի հետ մոմ են վառում, տեղադրում է սոցիալական ցանցերում։ Ու տեսեք` ինչ է կատարվում։ Instagram-ի իր էջում, որն ունի 29.6 միլիոն հետևող, լուսանկարը 5 ժամում հավաքում է 550 հազար հատ լայք։ Facebook-ում նույն լուսանկարը հավաքում է 160 հազար լայք։ Սրան գումարեք Twitter-ը։

Սրան գումարեք նույն համաշխարհային ԶԼՄ-ներին, որոնք լուսանկարներով և տեսանյութերով պատմում են Գեղարդ կատարած այցի մասին։ Գումարեք նույն այդ ԶԼՄ-ների էջերը Facebook-ում, Twitter-ում ու մյուս սոցցանցերում։

Սրան գումարեք նաև «կողմնակի» էֆեկտները` Քիմին ուղեկցողների տարածած նյութերը Հայաստանի մասին։ Ընդ որում, խոսքը միայն քույրերին չի վերաբերում։ Ասենք` Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը, ով ուղեկցում է հայտնի քույրերին իրենց հայաստանյան այցի ընթացքում, բավականին ակտիվ լուսանկարներ է հրապարակում սոցցանցի իր էջում։ Նախօրեին նա Գեղարդում արած իր տեսանյութը տեղադրել էր Instagram-ի իր էջում (որն ունի մոտ 1 միլիոն հետևող) և գրել. «Գեղարդի վանքը, ամենագեղեցիկ վայրերից մեկը, որ երբևէ տեսել եմ»:

Անգամ Քիմի թիկնապահն է գրառում կատարել վանքի մասին։ Հիմա պատկերացրեցի՞ք, թե ինչպես կարելի է մի քանի ժամում ու առանց լուրջ ջանքեր ներդնելու` աշխարհի մասշտաբով, թեկուզ անուղղակի, գովազդել Գեղարդի վանքը։

Սա ընդամենը մի դրվագ էր։ Այս ամենից բացի` պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ վերադառնալուց հետո հայաստանյան այցելության մասին կադրերը տեղ են գտնելու Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուում, որն ունի բազմամիլիոն հեռուստատեսային լսարան։

Էլ չենք խոսում Քիմի ամուսնու` աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթի մասին, ով Քիմից ավելի ճանաչված է։ Նա էլ, օրինակ, երեկ այցելել էր «Թումո» կենտրոն։ Այսինքն` Քիմ Քարդաշյանը` իր ընտանիքով, այսօր զբաղված է Հայաստանի մարքետինգով։ Ու նրան հարկավոր է հնարավորինս շատ վայրեր ցույց տալ։

Եթե զուտ գումարային մեծությամբ հաշվենք, ապա Հայաստանը նման գովազդային արշավի համար պետք է մի քանի (կամ գուցե` մի քանի տասնյակ) միլիոն դոլար ծախսեր (համաշխարհային, մի քանի միլիոն տպաքանակ ունեցող ԶԼՄ-ներում մեկ հոդվածի գինը մի քանի հազարից կարող է հասնել մի քանի տասնյակ հազար դոլարի)։ Ընդ որում` մեծ հարցական կլիներ, թե այդ գովազդը որքանով կաշխատեր։ Այսինքն, Քիմ Քարդաշյանը բազմամիլիոն նվեր է մատուցել Հայաստանին` իր այցով։

Դա նաև շատ լավ հասկանում են հենց նույն համաշխարհային լրատվամիջոցները, որոնք լուսաբանում են Քիմի այցը։ Օրինակ, հանրահայտ ABC News-ի վերնագիրը` «Քարդաշյան ընտանիքի այցն աշխարհի ուշադրությունը կենտրոնացնում է Հայաստանի վրա»։ Մարդիկ հասկանում են, որ անուղղակիորեն և անվճար գովազդում են Հայաստանը, բայց չեն կարող չլուսաբանել, որովհետև, որքան էլ ոմանց համար հաճելի չլինի` Քիմ Քարդաշյանը պահանջված դեմք է։

Զարմանալին այն է, որ այստեղ կան մարդիկ, ովքեր Հռոմի պապից կաթոլիկ են ուզում երևալ և հարցը տեղափոխում են բարոյական հարթություն։ Ասում են` մի քանի հոգի  պիկետ են ուզում կազմակերպել կառավարության դիմաց` բողոքելով, որ վարչապետը պաշտոնապես ընդունել է Քարդաշյաններին։ Սա աբսուրդ է։

Հակառակը` գուցե ավելի ուրախալի կլիներ, եթե պարզվեր, որ Քիմի այցը կազմակերպվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Ու եթե անգամ նրան բավականին մեծ գումար վճարած լինեին, դա հաստատ արդարացված կլիներ։ Սա կնշանակեր, որ մեր ղեկավարները սկսել են ճկուն մտածել ու կարծրատիպերից դուրս գալ։ Կնշանակեր, որ հասկացել են` սա մի քանի անգամ ավելի մեծ էֆեկտ ունի, քան 200 հազար դոլար վճարելն ու CNN-ով գովազդային հոլովակը պտտելը։

Իսկ թվերն ու արձագանքները խոսում են այն մասին, որ Հայաստանի ճանաչելիության ու զբոսաշրջության զարգացման տեսանկյունից` Քիմ Քարդաշյանը 3 օրում ավելի շատ բան արեց, քան ՀՀ պետական գերատեսչությունները 15 տարում։

Կեղծ բարոյախոսներին տեղեկացնենք, որ այսօր մենք նման ստանդարտից դուրս քայլերի կարիքն ավելի շատ ունենք, քան բարոյախրատական լոլոների` «հայ կնոջը հարիր ազգային նկարագրի մասին»։

Պաշտոնական տվյալների համաձայն` 2014 թվականին Հայաստան է այցելել 1.2 միլիոն զբոսաշրջիկ։ Ադրբեջան այցելածների թիվը նախորդ տարի մոտ 3 միլիոն է եղել, իսկ Վրաստանը ռեկորդային ցուցանիշ ունի` 5.5 միլիոն զբոսաշրջիկ։ Հասկանալի է, որ վրացիները ծով ունեն։ Սակայն զբոսաշրջությունը նաև ճիշտ մարքետինգի արդյունք է։ Իսկ Հայաստան այցելողների մեծ մասը սփյուռքահայերն են, որոնց մեծ մասն էլ` թոշակառուներ։

Վա՞տ է, որ մի քանի տասնյակ միլիոն երիտասարդ իմանում է, որ կա Հայաստան, որ Հայաստանում կան վայրեր, ուր կարելի է այցելել։ Գոնե պատկերացնո՞ւմ եք, եթե Քարդաշյանների այցի միջոցով Հայաստանի մասին իմացողների 1%-ն այցելի Հայաստան, որքան կաշխուժանա մեր կիսամեռած վիճակում գտնվող տնտեսությունը։

Այս ամենը մի դրվագ է հիշեցնում։ 2006 թվականին Հայաստանից մի խումբ լրագրողներով Անգլիայում էինք։ Փորձի փոխանակման համար մեզ տարան News of The World թերթի խմբագրություն, որը համարվում էր տաբլոիդ (դեղին մամուլ)։ Մեր խմբից մեկը դժգոհեց, թե` ինչո՞ւ եք մեզ տանում այս անլուրջ հաստատություն։ Մեր ուղեկցորդը, որը բավականին փորձառու մեդիա-փորձագետ էր, ասաց` երբեք մի թերագնահատեք նման ռեսուրսները։ Այն ունի մի քանի միլիոն տպաքանակ և իր մեկ հրապարակմամբ կարող է միանգամից բարձրացնել ցանկացած քաղաքական գործչի վարկանիշը, կամ այն հավասարեցնել զրոյի։

Այսինքն, ռեսուրսները պետք է ճիշտ գնահատել ու օգտագործել` առանց զգացմունքային տվայտանքների ու կեղծ բարեպաշտության։ Մանավանդ, որ այդ բարոյախոսներն ու ազգի համար «մտահոգները», որպես կանոն, ծպտուն չեն հանում, երբ իրո՛ք տեղի են ունենում երկրի համար բավականին վտանգավոր ու վնասաբեր երևույթներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս