Ովքեր են հայտնաբերել Պերմյակովին. պարզաբանում է Հունան Պողոսյանը
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք չի կարծում, որ ոստիկանության ոչ արդյունավետ քայլերի արդյունքում է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հայ իրավապահների կողմից չի հայտաբերվել:
Ի պատասխան Հունան Պողոսյանն ասաց. «Ես և՛ դեպքի օրը, և՛ դեպքի հաջորդ օրը հնարավորություն եմ ունեցել դրա մասին խոսել, այսօր էլ իմ կարծիքը չի փոխվել: Ես նշեցի, և այսօր էլ նշում եմ, որ պետք չէ թյուր կարծիք ստեղծել, որ որևէ գերատեսչություն, այդ թվում՝ ոստիկանությունը, լավ չի աշխատել: Ընդհակառակը՝ համագործակցած աշխատել են բոլոր կառույցները, իրավապահ ողջ համակարգը, ես նշեցի՝ մեր բոլոր գործընկերները՝ ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն: Եվ պետք է համադրել, և նախաքննությունից ունենալ բոլոր այն տվյալները, նոր դրանից հետո հետևություններ և եզրահանգումներ անել»:
Նրա խոսքով՝ դեպքից և Պերմյակովի փախուստից հետո բազմաթիվ ահազանգեր են ստացել և դրանք բոլորը ստուգվել են: «Ահազանգեր ենք ստացել ոչ միայն Գյումրիում, ահազանգեր ենք ստացել Արագածոտնի մարզում, Արմավիրի մարզում, Երևան քաղաքից, և բոլոր ահազանգերը ստուգվել են»,- ասաց Հունան Պողոսյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք ճի՞տ է տեղեկությունը, որ Վալերի Պերմյակովին հատնաբերել են հայ իրավապահները, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նման տեղեկություններ չկան, որ հայ իրավապահներն են ձերբակալել և հանձնել ռուս սահմանապահներին: Բացարձակապես նման բան չկա»:
Նա նշեց, որ դեպքի վայրի զնությունը գրեթե մեկ օր է տևել: Իսկ Վալերի Պերմյակովին նա բնութագրեց որպես խղճուկ ոչնչություն, ստահակ, ում հետ նույնիսկ չարժե խոսել: