ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռները երկու օրում 30 չվերթ են կատարել դեպի Մերձավոր Արևելք
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ծանր բեռնատար ինքնաթիռները շարունակում են ռազմական նշանակության բեռներ մատակարարել Մերձավոր Արևելք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրանց չվերթների վերաբերյալ տվյալները հասանելի են Flightradar24 և ADS-B Exchange մասնագիտացված հարթակներում։
Վերջին երկու օրերին ամերիկյան C-17A Globemaster III և C-5 Galaxy ինքնաթիռներն ավելի քան 30 թռիչք են կատարել դեպի Մերձավոր Արևելքի բազաներ։ Դրանք դարձյալ առավել հաճախ օդ են բարձրացել Տեխասի բանակային և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների օդանավակայաններից։
Այդ ստորաբաժանումները հագեցած են Patriot զենիթահրթիռային համակարգերով և հակահրթիռային պաշտպանության Terminal High Altitude Area Defense (THAAD) համակարգերով։
Փետրվարի 17-18-ին 30 չվերթ են կատարել նաև ամերիկյան KC-135 Stratotanker և KC-46 Pegasus օդային լիցքավորման ինքնաթիռները՝ ապահովելով այդ թվում ԱՄՆ և Եվրոպայի բազաներից մարտական ավիացիայի լրացուցիչ խմբերի տեղափոխությունը Մերձավոր Արևելք։
Axios-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները տարածաշրջան է ուղարկել 50-ից ավելի F-35, F-22 և F-16 կործանիչների նոր խումբ՝ զգալիորեն մեծացնելով իր խմբավորումը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության համար։
Մերձավոր Արևելքի բազաներում տեղակայված ամերիկյան կործանիչների և գրոհիչների քանակն արդեն հասել է 114-ի։



