Կաթողիկոսը հո հանրահավաք չի՞ կազմակերպելու․ ընդդիմությունը պետք է միավորվի․ Հարութ Ուլոյան

«Եկեղեցու դեմ սկսված արշավը, սրացումները գնալով ավելի են աշխուժանալու նախընտրական փուլում, և թե՛ եկեղեցականները, թե՛ քաղաքական ուժերը դրան հակազդելու ձևեր պետք է գտնեին այս ընթացքում։ Ըստ էության, նրանք բավարարվում են միայն հայտարարություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը՝ շեշտելով, որ եկեղեցու հարցում Փաշինյանի քաղաքականությանը դեմ քաղաքական ուժերը պետք է միասին գործեն։

«Բոլորը բավարարվում են առանձին հայտարարություններով, ինչը նորմալ չէ, կարող էին գոնե միասնական հայտարարություն տարածել։ Փաշինյանն օգտվում է դրանից, պառակտումներ է մտցնում թե՛ քաղաքական ուժերի, թե՛ եկեղեցականների շարքերում։ Ինձ համար ամենաապշելին Կաթողիկոսի դեմ դուրս եկած կամ լռող եկեղեցականների վարքն է։ Իրենք Եկեղեցու դռները բացել են օտարի առջև՝ լինի դա Փաշինյանը, թե օտար ուժ։ Եկեղեցին փակ կառույց է, հոգևորականներն են որոշում եկեղեցու կանոնակարգը, եթե խնդիրներ կան, իրենք ներսում պետք է լուծեն։ Նրանք Եկեղեցու դռները բացել են Փաշինյանի առջև և սպասում են, թե նա պետք է հարցեր լուծի»,- ասաց նա՝ շեշտելով, որ Գարեգին Երկրորդի դեմ դուրս եկած հոգևորականներն ամենավարկաբեկվածներն են։

Նա հարցադրում կատարեց՝ եթե մի օր ինչ-որ մեթոդով Գարեգին Երկրորդին գահընկեց անեն, ո՞վ է լինելու հաջորդ կաթողիկոսը, Փաշինյանը երաշխիք է տալի՞ս, որ իրեն միացած հոգևորականներից ոչ ոք չի ընտրվելու․ «Այսինքն՝ ես կարող եմ ենթադրել, որ Կճոյանը կամ Քյարամյանը կարող են ընտրվել կաթողիկոս։ Վստահ եմ, որ Փաշինյանը չի բացառելու դա, իսկ եթե չի բացառելու, միայն էդ հարցը լրիվ բացահայտում է նրա նպատակադրումները, որ ինքը զուտ Գարեգին 2-րդից ազատվելու խնդիր է դրել իր առջև։ Ինչպես նշեցի՝ ամեն դեպքում սա գնալով սրվելու է նախընտրական փուլում։ Կրկնում եմ՝ քաղաքական ուժերը պետք է միասնական գործեն․ նրանք ամեն ինչը փորձում են բարդել Կաթողիկոսի վրա, նրանից ինչ-որ գործողություններ են պահանջում, ինչը սխալ է։ Կաթողիկոսը հո չի՞ կարող հանրահավաք կազմակերպել կամ գործողությունների կոչ անել, այդ նախաձեռնությունները պետք է գան ընդդիմությունից։ Այսինքն, նախ, ընդդիմությունը պետք է միասնական ինչ-որ օրակարգ ձևավորի եկեղեցու պաշտպանության հարցում»։

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ նախընտրական շրջանում էլ ավելի սուր և ցինիկ զարգացումներ են սպասվում․ «Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունն արդեն ավարտվում է, չեմ բացառում, որ նրանք նախընտրական շրջանում կարող է որոշեն, որ եկեղեցում ամուսնանում են, ասենք, Էջմիածնում, չգիտեմ։ Այսինքն՝ նման ցինիկ զարգացումներ եմ սպասում իրենցից»։

Անդրադառնալով Եկեղեցու կողմից կարգալույծ հայտարարված հոգևորականների դիմումների հիման վրա դատարանների որոշումներին, նա դա որակեց՝ որպես հերթական խայտառակություն․

«Ո՞նց կարող է դատարանը որոշել, թե եկեղեցու ներսում ով է թեմի առաջնորդ, ով է եպիսկոպոս։ Աբսուրդ է, դրանից ավելի մեծ ապացույց, որ պետությունը՝ Փաշինյանի դեմքով, միջամտում է եկեղեցու գործերին, հաստատ չկա։ Այդ տրամաբանությամբ՝ Փաշինյանի էդ մեղադրանքները, որ կան Գարեգին Երկրորդի նկատմամբ, ասենք, ինքը կարող է այդ մեղադրանքները շարադրել, դիմել դատարան, ու դատարանը որոշի, որ Գարեգին 2-րդն այլևս կաթողիկոս չի՞։ Կամ ցանկացած հարց։ Ասենք, իմաստը ո՞րն է եկեղեցու։ Դրանից ավելի մեծ աբսուրդ չեմ պատկերացնում, ո՞նց կարող է դատարանը որոշել, թե ով է եկեղեցու թեմի առաջնորդը։ Ծաղր է»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս