Գերմանիայի կանցլերն աջակցում է անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը աջակցում է անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքին։
Նա մեջբերել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 14-ամյա գերմանացի դեռահասներն օրական մինչև հինգ կամ ավելի ժամ են անցկացնում էկրանների առջև` ըստ DW-ի։ Նա նշել է, որ դա հանգեցնում է հաղորդակցության պակասի և սոցիալական վարքագծի հետ կապված խնդիրների։ Կանցլերն ընդգծել է, որ ինքը, ընդհանուր առմամբ, կասկածամիտ է ցանկացած արգելքի նկատմամբ, բայց երեխաների պաշտպանությունն ավելի կարևոր է։
Ավելի վաղ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD), որը CDU-ի գործընկերն է իշխող կոալիցիայում, կոչ էր արել լիակատար արգելք սահմանել 14 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի վրա։ Ավելին, SPD-ն առաջարկել է ներդնել սոցիալական ցանցերի հատուկ տարբերակներ 14-16 տարեկան դեռահասների համար։
Գերմանիայի արդարադատության նախարար Ստեֆանի Հուբիգը հայտարարել է, որ երեխաները և դեռահասները պետք է հնարավորություն ունենան մեծանալու առանց կիբերբուլինգի, մշտապես համեմատվելու և գեղեցկության իդեալների, որոնք չեն համապատասխանում իրականությանը։



