Մշակույթի նախարարը՝ վտանգված հուշարձանների և Մշակույթի նախարարության աշխատանքից ազատվող աշխատակիցների մասին (տեսանյութ)
Այսօր հրավիրված 2014 թվականի ամփոփիչ ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ Հայաստանի տարածքում առավել վտանգված հուշարձանների թվաքանակին և դրանց վերահսկողությանը:
Նա նշեց, որ 2011 թվականից գոյություն ունի առավել վտանգված հուշարձանների ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի շուրջ 20 հուշարձանի դիտարկում է իրականացվում.
«Ընտրվում են այն հուշարձանները, որոնց վերաբերյալ մենք մեր պահպանական ծառայություններից ստանում ենք ազդակներ: Արդեն հաջորդ բյուջետային տարվա մեջ մենք ընտրում ենք այն հուշարձանները, որոնք հրատապ միջամտության կարիք ունեն: Մենք արդեն ունենք շուրջ 160 հուշարձան, որոնք դիտարկման են ենթարկվել, և որոնցից 20-ը մտել է վերականգնման ծրագրերի մեջ»:
Անդրադառնալով վերջերս մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ Մշակույթի նախարարությունից աշխատողներ են դիմումներ գրում՝ աշխատանքից ազատվելու համար, նախարարը նկատեց, որ «յուրաքանչյուր կազմակերպություն դինամիկ օրգանիզմ է, և եթե մարդիկ կամավոր դիմում են գրում հեռանալու համար, դա այն երևույթն է, որը յուրաքանչյուր կազմակերպությունում կարող է լինել»:
Հարցին՝ չե՞ն թերացել Ձեր հանձնարարականները կատարելիս, Հ.Պողոսյանն այսպես պատասխանեց.
«Բոլորն էլ կարող են թերանալ, այդուհանդերձ, դիմումը գրվել է աշխատողների կողմից»:
Նախարարը նշեց նաև, որ աշխատանքից ազատվելու դիմում գրողները երկու աշխատակիցներ են: Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` ազատվողների թվում են՝ ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ, նախարարության «հնաբնակ» Սեյրանուհի Գեղամյանը, նրա տեղակալ Արամ Գյուրջյանը:
Հիշեցնենք, որ aravot.am-ի հետ զրույցում Ս. Գեղամյանն աշխատանքից իր ազատվելը պատճառաբանել էր հետևյալ կերպ.՝ «Հոգնել էի»:
Իսկ նրա տեղակալը՝ ռեժիսոր, դերասան Արամ Գյուրջյանը, նշել էր, որ իր մասնագիտությունը հիմնականում ստեղծագործական է, ինչը վերջին երկու տարիներին տուժել է, և աշխատանքից ազատման իր դիմում գրելը պայմանավորված էր նրանով, որ ուզում է վերադառնալ այն դաշտ, որտեղ ավելի շատ է իր տեղում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: