Կալանքի տակ գտնվող որդուն թմրամիջոցը փոխանցել էր հայրը

Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ.Մանուչարյանի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ, որի շրջանակներում պարզվել է, որ այն տեսակցության ժամանակ նրան է փոխանցել հայրը։

2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:15-ին, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ.Մանուչարյանը հոր հետ տեսակցությունից հետո ՔԿՀ-ի հանձնուքի և տեսակցության սենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ վարտիքի միջից հայտնաբերվել է 9.16 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ինչն էլ վերցվել, փաթեթավորվել և կնքվել է «Գորիս» ՔԿՀ-ի կնիքով:

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Գորիսի քննչական բաժնի կողմից։

Նախաքննությամբ պարզվել է, որ կալանավորի հայրը 2014թ. դեկտեմբերի 11-ին բարեկամի հետ համաքաղաքացի Թումանյանի վարած «Վազ2106» մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքից ժամանել է Գորիս`«Գորիս» ՔԿ հիմնարկում գտնվող կալանավորված որդուն տեսակցելու: Քննության տվյալներով՝ տեսակցությունների սենյակում տեսակցության ժամանակ հայրը որդուն է փոխանցել թմրամիջոցը, ինչը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկության ժամանակ։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կալանավորի հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Վերջինիս բնակության վայրում, որտեղ նա բնակվել է բարեկամի հետ, կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է չոր կանեփանման զանգված և նշանակվել դատաքիմիական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ապահովելու քրեական գործի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս