«Եթե անցյալ դարում էլիտար էր Թումանյանը, ապա այսօր էլիտար է խորովածը կամ զուգարանակոնքը». Նարինե Ներսիսյան

Հոկտեմբերի 23-ը նվիրված է գովազդին և գովազդի աշխատակիցներին: ԵՊՀ դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Ներսիսյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Ադիլխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին հայկական գովազդի լեզվի և որակի մասին:

Նարինե Ներսիսյանը նախ հիշեցրեց, որ «Գովազդի մասին օրենքի» 5-րդ հոդվածը սահմանում է՝ գովազդի լեզուն հայերենն է. «Գրական հայերենը մշակված, կանոնարկված և պետական լեզու է, այսինքն՝ հայոց լեզվի իմացությունն ու կիրառությունը պարտադիր են ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրի համար: Իսկ այսօր գովազդի լեզուն լեփ-լեցուն է գրական լեզվի դեմ մեղանչումներով, ականջ ծակող շեշտադրությամբ ու հնչերանգով»,- ասաց նա: Միաժամանակ նա հիշատակեց, իր իսկ խոսքով՝ «գործածվելուց ուշաթափված» բառերի օրինակներ: Գովազդում են՝ «անհատական գազի կաթսաներ», այնինչ պետք է լինի՝ «գազի անհատական կաթսաներ», կամ՝ ոչ թե «բուրավետ աղբի փաթեթներ», այլ՝ «աղբի բուրավետ փաթեթներ», ոչ թե «բուժիչ սեղանի հանքային ջուր», ասյլ՝ «սեղանի բուժիչ հանքային ջուր»:

Ըստ Ն. Ներսիսյանի՝ «էլիտար» բառն այսօր իր բառարանային իմսատից շատ է հեռացել. «Չգիտես՝ ինչ հիմնավորմամբ կարելի է բացատրել այն, որ որևէ գյուղի քարի տակից բխող ջուրը էլիտար է: Ոչ մի բացատրություն չկա և փոխվել են էլիտարի մասին նաև մեր պատկերացումները: Եթե անցյալ դարում էլիտար էր Թումանյանը, ապա այսօր էլիտար է խորովածը կամ զուգարանակոնքը»:

Անահիտ Ադիլխանյանը, որը 90-ական թվականներից զբաղվում է գովազդի լեզվի հարցերով, ասաց, որ այն ժամանակվա ու հիմիկվա գովազդի լեզվի մեջ մեծ տարբերություն կա. «Այն ժամանակ գովազդների մեջ առկա էին մեծ քանակությամբ բարբառային բառեր, որոնք շատ տհաճ էին հնչում և ականջ սղոցում: Չմոռանանք, որ բարբառային բառերն ունեն սոսկ տեղային նշանակություն:

Կարդացեք նաև

Այսօր այդ ամենն արդեն չկա և առաջին հայացքից բավական գրագետ են մշակվում գովազդային նյութերը: Գրական բառերի շարք, բայց անհեթեթություն, օրինակ՝ պլանշետային մի գովազդում կարդացի՝ գտիր տունդ և անվանիր բնակարանդ, թվում է՝ գրական բառերի շարք է, բայց ստացվում է, որ տունը կորած էր, ինչ որ մեկը պետք է գտնի և անվանի իր բնակարանը. անհեթեթություն: Կամ ինչ է նշանակում՝ մենք արդեն փակվել ենք կամ մենք արդեն բացվել ենք: Հիմա շատացել են նաև օտարաբանությունները, որն իմ կարծիքով՝ քաղաքականության հարց է: Պետք է և լեզվի տեսչությունը և մեր կառավորությունը զբաղվեն այս հարցով: Սա Ազգային ժողովի քննարկման հարց է, որովհետև օրենքը կա, բայց շրջանցվում է»,- նշեց նա:

Նարինե Ներսիսյանն էլ նկատեց, թե խոսքը միայն օտար բառերին չի վերաբերում. քերականական օտարաբանություններ, օտար արտասանություն, սխալ շեշտադրություն: Նա ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ լսած՝ «քիչ հետո միասին կլանչենք» արտահայտությանն այսպես արձագանքեց. «Ինչքան ուզում եք կլանչեք, մեր նյարդերն ինչո՞ւ եք սղոցում, մենք ուզում ենք հանգիստ նախաճաշել»:

Ն. Ներսիսյանը կարևորում է ԶԼՄ-ի դերը լեզվի կանոնարկման, նորմավորման գործում. «Թերթեր կան, որոնք իրենց գործառույթն իրականացնում են հենց ժարգոնի միջոցով, ինչը հակագեղագիտական երևույթ է: Կարելի է օգտվել և՛ ժարգոնից, և՛ օտարաբանությունից, բայց դա պետք է ոճականորեն արդարացված, համատեքստին համապատասխան լինի: Մենք հեշտ ճանապարհ ենք ընտրել՝ մեր լեզվի հոմանշային հարստությունից չենք օգտվում, անտեսում ենք, որովհետև օտարամետ ենք:

Յուրաքանչյուր ազգ ունի իր մտածողության յուրահատկությունները, և ռուսի կամ անգլիացու մտածողությունը խառնել հայի մտածողության հետ, նշանակում է փոխել նաև մեր հոգեկերտվածքը: Բոլորս գիտենք, որ լեզուն ազգապահպանման հզոր զենք է»,- ասաց նա:

Նա առաջարկում է, որպեսզի ամեն առավոտ ինքներս մեզ կրկնենք. «Որևէ լեզվով մաքուր խոսել չկարողանալը տգիտության, կիսագրագիտության և մտավոր խեղճության արտահայոտթյուն է: Եթե սա ես ամեն առավոտ ինձ ասեմ, կփոխեմ իմ մտածելակերպը, եթե մտածելակերպ փոխեցի, հաստատ լեզվական ձևավորումը կփոխեմ»:

Տեսանյութեր

Լրահոս