ԼՂՀ անկախությանը ամենամեծ հարվածներից մեկը հասցրել է Ռոբերտ Քոչարյանը. «Ժողովուրդ»

«Այսօր ԼՂՀ անկախության օրն է. 23 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղի բնակչությունն ընտրեց իր երկրի զարգացման ուղին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է:

Բայց մյուս կողմից՝ այս պետությունը ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, շարունակում է մնալ չճանաչված պետությունների շարքում: Ավելին՝ ժամանակին ՀՀ իշխանությունները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ԼՂՀ-ին դուրս թողնելով բանակցային գործընթացից, զրկեցին միջազգային հանրության մոտ որպես սուբյեկտ հանդես գալու հնարավորությունից:

Սա, խոստովանենք, ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկն է: Մինչ այդ, երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե սեպտեմբերի 4-5-ը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու հնարավորություն ունեն նաև Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

Ավելին, Ուորլիքի խոսքերով՝ հնարավոր է՝ այդ ժամանակ կազմակերպվի նրանց հանդիպումը ԼՂ խնդրի շուրջ բանակցելու համար: Առայժմ, սակայն, Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել Ս.Սարգսյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, թե ոչ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս