«Այդպիսի վերադասավորումների դեպքում անհնար է լինելու Հայաստանում, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ներդրումների ներգրավումը»․ Նաիրի Սարգսյան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության նոր ռիսկեր են առաջ բերելու: Այս գործընթացի բացասական ազդեցության թիրախում է հայտնվելու տնտեսությունը: Արդյոք արտաքին և ներքին ներդրողների համար Հայաստանը կլինի՞ գրավիչ ու անվտանգ երկիր: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն առաջարկում է պոտենցիալ ներդրողներին բաժանել երեք խմբի՝ տեղական, օտարերկրյա, բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած:
«Տեղական ներդրողները, տեղական բիզնեսին և որոշակի կապիտալին տիրապետողները, վստահեցնում եմ, որ կապիտալն արտահանում են Հայաստանի Հանրապետությունից: Իմ ճանաչած մարդկանց շրջանակում չեմ ճանաչում միջին բիզնեսից սկսած մինչև խոշոր, որ կապիտալը չարտահանի Հայաստանից՝ գոնե այս պահին դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Օտարերկրյա ներդրումները բացակայում են Հայաստանում, դա ցույց են տալիս 2020 թ.-ից մինչ այսօր բոլոր վիճակագրական հետազոտությունները, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական տվյալները: Բացակայում են ոլորտային ներդրումները, բացառությամբ մի քանի ոլորտի՝ գազային, էլեկտրաէներգիայի և հանքարդյունաբերության, վերջերս նաև կապի օպերատորներից «Վիվա ՄՏՍ-ի» բաժնետոմսերի մեջ տեղի ունեցավ փոփոխություն:
Դրանք այնպիսի ոլորտներ են, որոնք կարող են ցանկացած դեպքում, անկախ Հայաստանի Հանրապետության կարգավիճակից, տեղում օգտագործվել և տեղում շահույթներ է գեներացնել: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, այս «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ նրանք պատկերացնում են Հայաստանի Հանրապետությունն իրենց տարածք: Այս ամեն ինչի տակ դրված է տնտեսական սովորական հաշվարկ: Այսինքն, հաշվարկում են, թե որքան կլինեն պատերազմի ծախսերն ամբողջությամբ կամ իրենց հետաքրքրող հատվածը գրավելու համար, և «փափուկ ուժի» ծախսերն են հաշվում: Տեսնում են, որ «փափուկ ուժով» ձեռք բերելը տնտեսապես շատ ավելի ձեռնտու է և էֆեկտիվ, գնում են դրա հետևից:
Ի՞նչ են անում «փափուկ ուժով»: Նախ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ երեք հարյուր հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցման, իսկ դա ահռելի, նույնիսկ կրիտիկական զանգվածը գերազանցող թիվ է: Այդ երեք հարյուր հազարի համար իրենք այստեղ սկսում են իրենց ներդրումները: Դրա վառ օրինակ-ապացույցն ու հիմնավորումն է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական գվարդիա ստեղծելը: Երբ ֆրասիական զրահատեխնիկա էին բերում Հայաստանի Հանրապետություն, գովազդում էին, թե իբր դա սահմանային անվտանգության կամ բանակին ծառայող զինտեխնիկա է, բայց դա ընդամենը ներքին խժդժությունները զսպող, ներքին ուժ ստեղծելու համար զինտեխնիկա է:
Դրան գումարած՝ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են այս վերաբնակեցման ժամանակահատվածում նաև միջազգային խաղաղարար առաքելություն, ինչը նշանակում է թուրքական զորքերի կամ թուրքական ոստիկանական ուժերի ներկայություն Հայաստանի Հանրապետությունում: Այս պարագայում և այդպիսի վերադասավորումների դեպքում անհնար է լինելու Հայաստանում, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ներդրումների ներգրավումը: Սա ուղղակի անհնար է, ոչ թե կասկածի տակ է, այլ ուղղակի բացառում ենք: Զուգահեռաբար Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվանումով քարտեզներ է հրապարակում, լրատվամիջոցներ ու ֆակուլտետներ ստեղծում: Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:
Իսկ ե՞րբ է Հայաստանի տնտեսությունը զգալու կապիտալի արտահոսքը: «Արդեն իսկ զգում ենք, դա պարզ կդառնա, երբ շփվեք որոշակի բիզնես շրջանակների հետ: Հունվարից այս կողմ պարտքերի հավաքագրումը դարձել է լուրջ խնդիր: Վերջերս նույնիսկ օրենսդրական փոփոխություն կատարեցին, իհարկե, դրանք դեռևս փուլային համակարգով են ներդրվում: Սա վերաբերում է «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն կատարելուն: Չորս մասնաճյուղ և միլիարդը գերազանցող շրջանառություն ունեցող սուպերմարկետները երեսնօրյա ժամկետում պետք է վճարեն իրենց մատակարարներին պարենային ապրանքների, վաթսունօրյա ժամկետում՝ ոչ պարենային ապրանքների համար: Խայտառակ վիճակ է:
2024 թ. հինգերորդ ամիսն է սկսվել, բիզնեսում անպատկերացնելի իրավիճակ է, անընդհատ խնդիրներ ու խնդիրներ են: Սա իրեն արդեն զգալ է տալիս: Սա շուտով կազդի նաև աշխատող խավի վրա, այսինքն՝ աշխատավարձերի ուշացումներ և կրճատումներ կլինեն, այդ ժամանակ բոլորը համատարած կզգան բացասական հետևանքները: Բիզնեսն արդեն զգում է բացասական հետևանքները, աշխատող հատվածը կզգա մի քանի ամսից»,- նշում է մեր զրուցակիցը: Տնտեսության համար կարևոր ենթաճյուղերում տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում գրանցել: «Գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարի շարունակ անկում է գրանցում, սահմանային այսպիսի իրավիճակն էլ ավելի է խորացնելու այդ անկման արագացումը՝ կապված խոտհարքների, արոտավայրերի, մշակվող հողատարածքների և անասնապահության հետ: Աստված մի արասցե, եթե հասանք «անկլավների» հանձնմանը, գյուղատնտեսության վրա դա շատ վատ ազդեցություն կունենա:
Վերջին մի քանի ամսին անկում է գրանցում սննդի արդյունաբերությունը, որն ուղիղ կապված է գյուղատնտեսության հետ: Ծխախոտի արդյունաբերությունը նվազում է գրանցում, խմիչքների արդյունաբերության ոլորտում փետրվարին հրապարակված տվյալներով որոշակի դրական ցուցանիշ կար, աճել էր, բայց վերջին ամիսներին նույնիսկ խմիչքի արտադրությունն է անկում գրանցում: Դեղագործության ոլորտը, որը Հայաստանի Հանրապետության լրջագույն պոտենցիալներից է հանդիսանում իր թեթևությամբ, ծավալի առումով և այլն, երկնիշ թվերով անկում է գրանցում, մինչդեռ կարող ենք այստեղ աշխարհում առաջին արտահանողներից մեկը լինել: Քիմիական արդյունաբերությունը անկում է գրանցում: Այս պահին տնտեսական այս «աճը», որը նաև վտանգավոր աճ է, բացառապես ապահովում ենք արտաքին առևտրի շրջանակներում՝ դեռևս պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և որոշակի տուրիստական ներհոսքերի հաշվին ծառայությունների ոլորտում՝ հյուրանոցային, ռեստորանասրճարանային ծառայություններ և այլն:
Այնպես որ, կարողանում ենք դեռևս աճ գրանցել»: Պետական գերատեսչությունները, սակայն, թերևս կհակադարձեն, որ տնտեսության տարբեր ճյուղերում հաջողություններ գրանցելու, տեղական արտադրությունը շահագրգռելու համար նախագծեր ու պիլոտային ծրագրեր են իրականացնում: Կարելի՞ է խոսել դրանց արդյունավետության մասին: «Անկման ցուցանիշները ապացուցում են նրանց ծրագրերի անարդյունավետությունը: Իրականացվող ծրագրերը որևէ կերպ հաշվարկված չեն: Ասեք, թե ովքեր են հաշվարկողները՝ ասեմ, դրանք ճիշտ են, թե ոչ: Էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար ցույց է տալիս դրա հաշվարկները, բայց դեռևս չենք ունեցել նախարարության այնպիսի հաշվարկող, որ կարողանանք վստահ լինել՝ նրանք կարող են արդյունավետ ծրագիր ներդնել»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը: