Բաժիններ՝

Մոլորակի 10 գլխավոր խնդիրները. Foreign Policy

Օգոստոսի 29-ին ամերիկյան Foreign Policy պարբերականում հրապարակվել է Հարվարդի համալսարանի` միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սթիվեն Մ. Ուոլթի «10 գլխավոր հարցերն աշխարհի ամենամեծ խնդիրների մասին» խորագրով հոդվածը, ինչը որոշակի կրճատումներում ներկայացված է ստորև.

«1) Արդյոք պայմանավորվածություն ձեռք կբերվի՞ Ուկրաինայի շուրջ – Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտության ու վերլուծության ոլորտի վիթխարի ձախողում է: Այդ ճգնաժամի առաջացման առանցքային դերակատարների թվում են ԱՄՆ-ն ու Արևմուտքը` գերազանցապես նրա, որ չեն կանխատեսել Ուկրաինան աստիճանաբար Արևմուտք ներքաշելու նկատմամբ Ռուսաստանի ուժեղ ու եռանդուն արձագանքը:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն առաջ են գնում սովորական սցենարով. ընդլայնում են պատժամիջոցները և սպասում, որ Մոսկվան զիջի: Պատժամիջոցները ոչնչով չեն օգնում եվրոպական տնտեսությանը, իսկ բուն Ուկրաինայում իրավիճակը դառնում է ավելի վատ: Միգուցե ինչ-որ մեկը լրջորեն զբաղվի իրական դիվանագիտությամբ ու Պուտինին անի այնպիսի առաջարկ, որից նա, հազիվ թե, հրաժարվի:

Պետք է պայմանավորվել, որ Ուկրաինան ունենա անկախ ու չեզոք բուֆերային գոտու կարգավիճակ և չանդամակցի ՆԱՏՕ-ին: Վերջին պայմանավորվածությունների նախագծերում բացակայում է առանցքային այդ բաղադրիչը, ինչի համար էլ դրանք չեն լուծում ճգնաժամը: Հնարավոր է` Ուկրաինայի «ֆինլանդացումը» իդեալական ելք չէ, սակայն դա ավելի լավ է, քան` երկրի ոչնչացումը:

2) Երբևէ Իսրայելում կամ Պաղեստինում ինչ-որ մեկը կփորձարկի՞ որևիցե այլ մեթոդ – Ակնառու են տագնապահարույց միտումները, սակայն որևէ մեկն ունակ չէ վերանայել իր դիրքորոշումը. ո´չ Իսրայելը, ո´չ ՀԱՄԱՍ-ը, ո´չ  Պաղեստինը, ո´չ ԱՄՆ-ը:

3) Եվրոպան երբևէ կսթափվի՞ – Մեկ տարի առաջ կար լավատեսության շող, մինչդեռ այժմ ֆրանսիական տնտեսությունն ունի լուրջ խնդիրներ, և անգամ Գերմանիայի տնտեսությունը նվազել է նախորդ եռամսյակում:

Կասկածի տակ է Միացյալ թագավորությունում Շոտլանդիայի կարգավիճակը, և հետևաբար նաև ԵՄ-ին Անգլիայի անդամությունը: Արդյոք Եվրոպային կհաջողվի՞ պահպանել իր միասնության զգացումը, առողջացնել տնտեսությունը և խուսափել «աշխարհաքաղաքական աննշանությունից»:

4) Ե՞րբ կսահմանվեն «Մեծ Մերձավոր Արևելքի» պետական սահմանները – Մի քանի տարի անց Լիբիան կարող է փլուզվել, իսկ Սիրիայի ու Իրաքի տեղում առաջանա ալավիական պետություն, Սիրիայի արևելքում ու Իրաքի արևմուտքում` արմատական սուննի համայնք, ինչպես նաև անկախ Քուրդիստան:

«Կանաչ գիծը», որն Իսրայելը 1967 թվականի սահմաններում անջատում է Հորդանանի Արևմտյան ափից, նույնպես գնալով կորցնում է իր իմաստը, սակայն ապագա «Մեծ Իսրայելը» կդառնա քաղաքացիական իրավունքների համար պաղեստինցիների պայքարի խթան:

5) Արևելյան Ասիայում կհաստատվի՞ կայուն հավասարակշռություն – Արևելա-Չինական ու Հարավ-չինական ծովերում Չինաստանի տարածքային հավակնությունները հանդիսանում են վերահաս տհաճություններ: Սակայն Վաշինգտոնը մշտապես տարված է այլ տարածաշրջանների իրադարձություններով: 2016 թվականին Արևելյան Ասիայում վեճերը կլինեն ավելի սուր, քան այսօր են:

6) Արդյոք պայմանավորվածություն ձեռք կբերվի՞ Իրանի միջուկային ծրագրի շուրջ – Կա լավ նորություն. «Իսլամական պետություն» խմբավորման հայտնվելն Իրանին ու ԱՄՆ-ին տվել է համագործակցելու ևս մեկ պատճառ: Սակայն կա նաև վատ նորություն. երկու կողմի արած հայտարարություններում նշված դիրքորոշումների շուրջ տարաձայնությունները դեռ զգալի են: Կողմերին մնում է միայն սպասել հետագա պայմանավորվածություններին:

7) Ո՞ւր է գնում Աֆղանստանը – Ջանքեր գործադրել են ավելի քան 12 տարի, ծախսվել են միլիարդավոր դոլարներ, սակայն Աֆղանստանում ներքաղաքական կյանքը նույնպիսի մահաբեր է, ինչպես որ եղել է մշտապես: Գլխավոր հարցն այն է, թե որչափ կվատթարանա իրավիճակն այդ երկրից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո, և արդյոք ԱՄՆ-ը տեղի կտա՞ Աֆղանստան վերադառնալու պահանջներին, եթե այնտեղ ամեն ինչ լինի վատ: Հավանաբար չենք զիջի:

8) Արդյոք կաշխատի՞ Օբամայի գամբիթը կլիմայական մեղադրանքների ոլորտում: Որոշակի տվյալներով, Օբամայի վարչակազմը պատրաստում է ջերմոցային գազերի արտանետման մասին «գլոբալ համաձայնագիր», որը նախատեսելու է կամավոր կատարում և չի պահանջի վավերացում ԱՄՆ սենատում: Սակայն արդյոք կգործի՞ կամավորության սկզբունքը և արդյոք այդ օրենքը կանցնի՞ Սենատում, եթե հանրապետականները մեծամասնություն ստանան այնտեղ:

9) Արդյոք ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու շահագրգիռ մյուս երկրներն ավելի արդյունավետ մոտեցում կցուցաբերե՞ն այն «բռնի ծայրահեղականությանը», որը ներկայումս ցուցադրում են «Ալ-Քաիդան», «Իսլամական պետությունը» և մյուսները: Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ահաբեկիչներին ոչնչացնելն այդպես էլ չգործեց:

Սադդամի ու Քադդաֆիի նման տիրանների տապալումը հանգեցրեց անկանխատեսելի հետևանքների, իսկ Աֆղանստան ու Իրաք զորքեր մտցնելը հաստատում է ջիհադականների այն քարոզչությունը, որ անհավատները միջամտում են օտարների գործերին:

10) Արդյոք կարո՞ղ են արևմտյան ժողովրդավարությունները հետ կանգնել «պետական գաղտնալսումից»: Նախկինում ազատությունների սահմանափակումներն ու գրաքննությունը ժողովրդավարական երկրներում գործում էին արտակարգ իրավիճակներում և վերացվում էին վտանգի անցնելու հետ մեկտեղ: Արդյոք մենք կարո՞ղ ենք հուսալ, որ այսօր կկատարվի կուրսի նման ուղղում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս