Բաժիններ՝

Հայաստանում դեղամիջոցները կթանկանան դրոշմապիտակավորումից հետո. Սամվել Զաքարյան

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում ընդունել է 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, համաձայն որի՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստանի տարածքում օտարվող բոլոր վիտամինները, պատվաստանյութերը և դեղերը պետք է պարտադիր դրոշմավորվեն:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը 168.am-ին հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունը կատարվել է առանց դեղագործական ոլորտի մասնագետների կարծիքը լսելու:
ԴԱՆ միությունն ունի 30-ից ավելի ասոցիացված անդամ-կազմակերպություններ՝ բոլոր տեղական խոշոր արտադրողները, հիմնական ներմուծողները և օտարերկրյա ներկայացուցչությունները: Դեղերի դրոշմավորումը, միության անդամների կարծիքով՝ աննպատակահարմար է, քանի որ դեղերի ներմուծման գործընթացը թափանցիկ են համարում, և բացի այդ՝ օրենքի ուժի մեջ մտնելը դեղագործական ոլորտի տնտեսվարողների համար կստեղծի մի շարք ռիսկեր և խոչընդոտներ, կթանկանան դեղամիջոցները: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԴԱՆ միության տնօրեն Սամվել Զաքարյանի հետ:

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ համար են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում այդ լրացումն արել, եթե դեղերի դրոշմավորումն իմաստ չունի:

– Մեզ հետ դա չի քննարկվել, մեր կարծիքը չեն լսել: Ֆինանսների նախարարությունն է ներկայացրել առաջարկը (հիգիենիկ պարագաների, կոսմետիկ պարագաների, դեղերի դրոշմավորումը) և շատ արագ ընդունվել է այն: Մինչև մենք իմացանք և փորձեցինք քայլեր ձեռնարկել՝ արդեն ուշ էր: Դեղերը հատուկ արտադրատեսակ են. սրանք բաշխվում են, արտադրվում են, պահվում են հատուկ պահեստներում: Իրենք ենթադրում են, որ դրանով կկրճատեն ստվերային տնտեսությունը: Կարող եմ պնդել, որ դեղերի ներմուծումը ամենաթափանցիկ ոլորտն է՝ համեմատած հայկական այլ ոլորտների հետ: Հայաստանում դեղագործական ոլորտը լուրջ, կազմավորված համակարգ է, որը միջազգային բոլոր չափանիշներին և առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխանում է: Սա անիմաստ էքսպերիմենտ է, որը պարզ չէ, թե ինչերի կհանգեցնի: Պաշտոնական տնտեսվարողները, որոնք զբաղվում են դեղերի ներմուծմամբ, ամեն մի սրվակը գրանցում են մաքսատանը:

Կարդացեք նաև

Իրենք ուզում են, որ մենք հսկայական ծախսեր անենք, մենք քայլեր ձեռնարկենք, որպեսզի իրենց ակցիզային հաշվարկներով կարողանան իմանալ, թե ինչքան է մտնում կամ ինչքան է դուրս գալիս: Սահմանի վրա կարող են ուժեղացնել ստուգումը, սկաներ (տեսածրիչ) դնել: Իրենց աշխատանքը թող ավելի լուրջ կատարեն. տեխնիկա տեղադրեն սահմանի վրա, որպեսզի բռնեն մաքսանենգ ճանապարհով Հայաստան դեղամիջոցներ ներմուծողներին:

– Ինչպիսի՞ պայմաններ է պետք ապահովել դեղերի դրոշմավորումն իրականացնելու համար:

– Մոտավոր հաշվարկներով՝ միայն առաջին հինգ խոշոր ներմուծողները ստիպված կլինեն ավելացնել 3000 քմ-ից ավելի մակերեսով պահեստային տարածքներ, որոնք պետք է հատուկ համապատասխանեցված լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոններին: Բացի այդ՝ դեղամիջոցների փաթեթները պետք է մեկ առ մեկ բացվեն ձեռքով դրոշմավորման համար, ինչով կխախտեն ԱՀԿ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջները:

– Այնուամենայնիվ, հնարավո՞ր է այնպես կազմակերպել գործընթացը, որ դրոշմավորման հետևանքով դեղերը չթանկանան:

– Պրակտիկորեն՝ ոչ: Հայաստան է մտնում 200 միլիոնից ավելի փաթեթավորում՝ տարբեր չափերի, ձևերի, տարբեր որակի փաթեթներով: Հետևաբար՝ դրոշմավորման գործընթացը հնարավոր չի լինի մեքենայացնել, և Հայաստան ներմուծվող այդ 200 մլն փաթեթվածքից ավելի դեղամիջոցները պետք է դրոշմավորվեն ձեռքով: Հյութերի և ջրերի դեպքում հեշտ է. բոլորը նույն չափի են, և մեքենան կարող է դա անել: Բայց դեղերի դեպքում մեծ փաթեթները՝ ամեն մեկը հատ-հատ պետք է բացվի, հանվի, ամեն մեկի վրա առանձին պետք է պիտակը դրվի: Դեղագործությունը յուրահատուկ ոլորտ է. պատերը պետք է հատուկ նյութերից պատրաստված լինեն, դրոշմապիտակավորումն իրականացվի հատուկ կահավորված (օդափոխիչներով) պահեստներում, որտեղ պետք է հատուկ խոնավություն լինի, հատուկ ջերմաստիճան պահպանվի: Բացելու, պիտակավորելու, հավաքելու ժամանակ կարող են շատ խոտաններ առաջանալ:

Ելնելով դեղերի շուկայի յուրահատկությունից՝ անհրաժեշտ է, որ դրանց հետ գործ ունեցող աշխատակիցները լինեն մասնագետ դեղագետներ կամ դեղագործներ: Ուստի, ներմուծողները ստիպված կլինեն համալրվել 300-ից ավելի պատրաստված կադրերով: Ներմուծող կազմակերպությունները չունեն ֆինանսական հնարավորություններ՝ այդ պայմանները ստեղծելու համար: Եթե այդքան ծախս անեն, պարզ է, որ դա կազդի ինքնարժեքի վրա:

– Փաստորեն, եթե այլ տեսանկյունից նայենք՝ դեղերի դրոշմապիտակավորման համար նոր աշխատատեղեր կարող են ստեղծվել:

– Այո, կարող են ստեղծվել, և դա ամենաքիչ մասն է, որ մեզ անհանգստացնում է, որովհետև աշխատատեղերի մասով ծախսերը կհանվեն շահութահարկից, իսկ գույք ձեռք բերելով՝ չես կարողանա հանել ծախսերը:

– Մոտավոր հաշվարկներով որքանո՞վ կավելանա դեղամիջոցների գինը:

– Նախարարությունը գտնում է, որ 3-5 տոկոսով կարող են թանկանալ, որոշ մասնավոր հատվածի ներկայացուցիչների գնահատմամբ՝ 5-10 տոկոսով կթանկանան դեղերը, եթե հաշվի առնենք այն բոլոր ծախսերը, որ սպասվում են ոլորտին՝ պիտակավորման հետևանքով: Ամենակարևորն այն է, որ անիմաստ է պիտակավորումը, քանի որ ներմուծման ժամանակ ամեն ինչ գրանցվում է, ուժեղ վերահսկողություն է դրված նույն մաքսային կառույցի կողմից:

Իսկ ստվերային տնտեսությունը դրանով չի կրճատվի, այլ ընդհակառակը՝ դա կնպաստի դեղերի մաքսանենգության աճին, և ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղամիջոցներին պաշտոնական տեսք տալու համար՝ օգտագործելով հենց նույն դրոշմապիտակները: Վրաստանում, որտեղ չկա ներմուծվող դեղամիջոցների 20 տոկոս ԱԱՀ (Ավելացված արժեքի հարկ), այդ նույն դեղերը հենց ի սկզբանե էժան են Հայաստանի դեղերից: Դրա համար մարդիկ պայուսակներով, իրենց մեքենաներով բերում են Հայաստան: Դա է ստեղծում ստվերային տնտեսություն: Հայաստանում պաշտոնական գրանցված և գործող կազմակերպություններն օրենքը չեն խախտում, իրենք ուզում են, որ օրենքը չխախտեն ուրիշները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս