Խորդենին` որպես հուռութ դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Խորդենիները բազմամյա խոտաբույսեր կամ կիսաթփեր են, հայտնի է ավելի քան 400 տեսակ։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում են խորդենիներ անտառայինը (Geranium sylvaticum, Լոռի), կարմրա-արնագույնը (G. sanguineum, Լոռի) և Ռոբերտին (Տավուշ)։ Գրականության մեջ հիշատակվում է նաև Խորդենի հայկականը (G. psilostemon)։ Խորդենին հնուց օգտագործել են կոտրվածքների ապաքինման համար։
Խորդենի Ռոբերտի տեսակը միջնադարի բուժարարներն անվանել են «Աստծո պարգև»։ Կա կարծիք, որ մեծ հեռանկար ունեցող դեղաբույս է։ Խորդենի կարմրա-արնագույնը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։

Ուկրաինացի բժիշկ-բուսաբան Իվան Նոսալը գրել է. «Կարմրա-արնագույն խորդենու արմատը կոճղարմատների հետ կիրառում են ժողովրդական բժշկության մեջ` որպես հակաուռուցքային միջոց»։

Բնության մեջ հանդիպող բույսերի տերևի հոտը տհաճ է, 17-ր դարում մշակվել են խորդենու սենյակային տեսակներ, որոնք հայտնի են պելարգոնիա անվանմամբ։ Պելարգոնիան ունի բավականին երկար ծաղկման շրջան, աչքի է ընկնում ձևերի և գույների բազմազանությամբ, տերևների հոտն անհամեմատ հաճելի է բնության մեջ աճող խորդենիների համեմատությամբ։

Կարդացեք նաև

Համարվում է, որ բույսի էներգետիկ դաշտը պահպանում է բնակարանը և իրեն խնամող ընտանիքին դժբախտություններից, տհաճ խոսակցություններից, նեղացկոտությունից, նախանձից։ Նպաստում է բնավորության լավ գծերի կատարելագործմանը։

xordeni5

Պելարգոնիայի էներգետիկ վիբրացիաները հաշտեցնող են, փափուկ և հանդուրժող։ Նպաստում են սիրտ-անոթային և աղեստամոքսային համակարգերի, հիպերտոնիկ հիվանդությունների, անքնության բուժման արդյունավետությանը։

Համարվում է, որ խորդենին հանդարտեցնում և հավասարակշռում է մարդու կենսական ուժերը և հիվանդության հետևանքով հյուծված էներգետիկ կենսադաշտը։ Խորդենին առանձնակի դրական ազդեցություն ունի բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբով հիվանդների էներգիայի վրա։

Ընդհանուր առմամբ, խորդենին կարող է կայուն ներդաշնակ իրավիճակ ստեղծել իրեն խնամող ընտանիքի անդամների միջև, քանի որ ունի նյարդերը հանգստացնող հատկություն և այդ իսկ պատճառով նպաստում է կնոջ հղիանալուն։ Պելարգոնիայի տերևի հոտի մեջ միաժամանակ զգալի են կիտրոնի, դաղձի և վարդի բուրմունքները, դրանցով կարելի է համեմել ուտեստները. իսպանացիները և ֆրանսիացիները մշակել են բույսը, որպեսզի ստանան եթերային ոչ թանկ յուղ, որը փոխարինում էր վարդի յուղին։

xordeni (1)

Քչերին է հայտնի, որ պելարգոնիան վնասազերծում է սենյակի օդը մանրէներից, իսկ տերևի բուրմունքը բուժում է գլխացավը, այն ունի հականեխիչ, հակաբորբոքային հատկություններ։

Խորդենու մոգությունը
Պայծառատես Վանգայի տանը միշտ խորդենի է եղել` պատուհանագոգի վրա, ինչպես հին, բարի ֆիլմերում։

Հնագույն ժամանակներից կարծել են.

  • Ովքեր դեռ չեն գտել իրենց կեսին, պետք է մշակեն վարդագույն ծաղկող խորդենի։
  • Ովքեր գտել են և ուզում են, որ փոխադարձ սերն օր օրի ուժեղանա և հավերժ լինի, թող խնամեն նաև կարմիր ծաղկող բույսը։
  • Եթե կինը հղիանալու խնդիր ունի, ապա խորհուրդ է տրվում մշակել սպիտակ ծաղիկներ տվող բույս։

Կան հաղորդագրություններ, որ կարմիր-արնագույն խորդենու ծաղկաթերթերից պատրաստված թուրմը (1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում) կարգավորում է դաշտանային պարբերությունը, սակայն պետք է խմել ցիկլի երկրորդ կեսում` ամեն օր կամ օրը մեջ։

Geranium-sylvaticum

Սակայն չկան ստույգ տվյալներ, որ թուրմը նպաստում է հղիանալուն։ Հղիանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, եթե օգտագործեք դեղնենու ոգեթուրմը (տե՛ս` «Դեղնենին` որպես յոդի մատակարար», «168 Ժամ», 26.09.2013թ.)։

Դեղնենին և խորդենին պարունակում են ֆիտո-էստրոգեններ, որոնք ինչ-որ չափով կարգավորում են հորմոնալ հավասարակշռությունը։

Խորդենին նվազեցնում է գլխացավը. Ափերի մեջ տրորեք մի քանի ծաղիկ կամ տերև և դրեք քիմքին, 5-10 րոպե նստեք բույսի կողքը, դրա շրջակայքում, որն անհամեմատ մաքուր է, իսկ եթե մարմնի վրա ցան կամ վերքեր կան, ապա տրորած տերևը դրեք վերքի վրա և վիրակապեք։

Կա կարծիք, որ խորդենու տերևի բուրմունքն ունի քնաբեր հատկություն, ընդ որում, երբեմն հրաշալի մարգարեական երազներ է պարգևում` ինչպես աղաբլիթը։

Այտին ամրացրած խորդենու տերևը զգալիորեն թեթևացնում է երեխայի վիճակն ատամների հատման շրջանում. Դա կարելի է անել միայն դրսից, երեխաներին և հղի կանանց խորդենուց ստացված պատրաստուկների ներքին օգտագործումը հակացուցված է։

Նախապահպանություն գրիպից. Մարդաշատ վայրեր գնալուց առաջ և տուն վերադառնալուց հետո քթանցքների մեջ դրեք խորդենու տրորած տերև, քամեք 4-5 րոպեից կամ քսեք տերևից ստացված հյութը։
Նևրալգիա. Մի քանի տերև դրեք վուշե լաթի վրա և ամրացրեք ցավոտ մասին։
Լնդերի բորբոքում, անգինա. Տրորեք 3-4 տերև, զտեք հյութը, լուծեք գոլ ջրի մեջ, կատարեք ողողում։
Էնդեմիկ խպիպ. Խորդենու տերևները 1 ամիս թրմեք օղու մեջ (1։1), քամեք հումքը, մզեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Դաշտանային պարբերության խանգարում. 1 ճ/գ տերևը լցրեք 200 մլ տաք ջրի մեջ, 3-5 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1-2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելու ընթացքում։ Նույն կերպ պատրաստեք և խմեք թուրմը հոդատապի դեպքում։
Էկզեմա. Վերոգրյալ թուրմով դրեք թրջոց հիվանդ տեղին։
Հիպերտոնիա. Զարկերակի վրա դաստակից վերև ամրացրեք խորդենու տերև։
Օստեոխոնդրոզ. Քնելուց առաջ հիվանդ մասի վրա դրեք խորդենու մանրացրած տերևներ, ծածկեք վուշե լաթով և ամրացրեք։
Հարբուխ. Կաթեցրեք 1-ական կաթիլ խորդենու տերևի հյութ։
Ստամոքսի խանգարում. 5-10 րոպե ծամեք 1-2 տերև, կուլ տվեք։
Տրոֆիկ խոց. Խառնեք խորդենու տերևի հյութը, տերևի քերուկը և խոզի հալեցրած ներքին ճարպը (1։2։3)։ Քսուքն ամրացրեք վերքի վրա։ Ճարպի փոխարեն կարելի է օգտագործել մանկական կրեմ։
Էկզեմայի հետևանքով առաջացած թեփոտում. 1 կաթիլ խորդենու (դեղատնային) յուղը լուծեք 1 ճ/գ ձիթապտղի յուղի մեջ։ Մշակեք թեփոտվող հատվածը։ Երբեմն էկզեմայի հետևանքով թեփոտվում են շրթունքները։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս